×


«Երեւի պիտի հասցներ...»` Էդգար Էլբակյանի երգերի ալբոմի շնորհանդեսի հուզիչ դրվագները

Հարյուրից ավելի բանաստեղծություններ, թատերգություններ, պոեմներ, պատմվածքներ ու երգեր՝ Էդգար Էլբակյան կրտսերի թողած գրական ժառանգությունը բարձր է գնահատվել ինչպես նրա կենդանության օրոք, այնպես էլ այսօր: Իհարկե, շատերը դեռ ծանոթ չեն նրա ստեղծագործություններին, եւ այդ բացը լրացնելու նպատակով Էդգարի ընկերները նախաձեռնել են նրա գրքի վերահրատարակումն ու երգերի ձայնասկավառակի թողարկումը: «Գծից այն կողմ» ժողովածուի եւ «Ընկերոջս» ձայնասկավառակի շնորհանդեսը երեկ էր, ներկա էին Էդգար Էլբակյանի հարազատները, ընկերներն ու ծանոթները:

Նախաձեռնության հեղինակը դերասան Ստեփան Ղամբարյանն է, ով նաեւ Էդգարի մանկության ընկերն է եղել: Ասում է՝ սա ընկերների ոչ լիարժեք մատուցված պարտքն է իրենց ընկերոջը: Ձայնասկավառակում տեղ է գտել 12 երգ, որոնցից շատերը վերջերս հնչեցին «Երգ երգոց» հաղորդման շրջանակում: Կատարողներն են` Սոնա Ռուբենյանը եւ Գարիկ Պապոյանը, Արսեն Սաֆարյանը, Մաշա Մնջոյանը, Ռադիկ Գաբրիելյանը, Անի Ամիրյանը, Սարգիս Մանուկյանը, Նարինե Դովլաթյանը, Հայկ Պետրոսյանը, Գրիգոր Կյոկչյանն ու Մարթա Կիրակոսյանը, Մերի Վարդանյանը, Ստեփան Ղամբարյանը եւ Ֆելիքս Խաչատրյանը:

Էդգար Էլբակյանի «Ընկերոջս» ալբոմը


«Սա առիթ է, որպեսզի եւս մեկ անգամ հիշենք Էդգարին, նրա երգերը, ստեղծագործությունները: Ամեն ինչ արել ենք, որ շատ բարձր որակով լինեն ձայնագրությունները, իսկապես հրաշալի ձայնասկավառակ ունենանք: Գիրքն էլ շատ քիչ քանակությամբ վերահրատարակվել է: Այն առաջին անգամ լույս է տեսել 2002թ.-ին` պարոն Էլբակյանի կողմից, իսկ վերահրատարակել ենք շատ քիչ քանակությամբ՝ միայն այստեղ ներկա հյուրերի համար: Այսինքն՝ գիրքն էլ, ձայնասկավառակն էլ միայն այսօր ու այստեղից է հնարավոր ձեռք բերել»,- ասաց Ստեփանը:

Նրա խոսքով՝ իր այս նախաձեռնությունը եւս մեկ ապացույց է նրա, որ ինքն ու իր ընկերները երբեք չեն մոռանա Էդգարին ու նրա գործերը.«Էդգարն ու Արեգը երկու մոտ ընկերներ են ինձ համար, եւ այս ամենը նրանց է նվիրված: Նրանք այն մարդիկ են, որոնց հետ ես մեծացել եմ, ապրել եւ առանց որոնց ես չեմ կարող պատկերացնել իմ կյանքը: Անցել է արդեն 18 տարի, եւ ես առանց նրանց եմ, բայց նրանց հետ»:

Աննա եւ Արմեն Էլբակյանները


Էդգարի հայրը՝ դերասան Արմեն Էլբակյանը, BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծացավ՝ միայն շնորհակալության խոսքեր կարող է ասել, քանի որ վստահ է՝ ամեն ինչ սիրով է արվել: Պատմեց, որ ամեն անգամ, երբ որդուն առաջարկել են հրատարակել իր գործերը, մերժել է՝ ասելով, թե դեռ պատրաստ չէ.«Գրող ընկերներիցս շատերը, երբ կարդում էին նրա բանաստեղծությունները, ասում էին՝ եկեք հրատարակենք: Բայց նա դեռ 14-15 տարեկան տղա էր ու երբ լսում էր այդ մասին, ասում էր՝ «Պապ, ես դեռ պատրաստ չեմ»: Այդ տարիքի ուրիշ երեխաների եթե նման բան ասեին, ուրախությամբ եւ հպարտությամբ կընդունեին: Կարծում եմ՝ իրականության չափազանց սուր զգացողությունն էր նրա ոգեշնչման աղբյուրը»:

Նրա կինը՝ դերասանուհի Աննա Էլբակյանն էլ պատմեց, որ Էդգարն ութ ամսականից սկսել է երգել, երբ դեռ չէր էլ քայլում.«Բոլորը զարմանում էին, թե ռիթմի ինչ ուժեղ զգացողություն ուներ: Երբ փոքր էր, ուզում էր, որ իրեն հեքիաթ պատմելու փոխարեն Շեքսպիր կարդայինք: Ուրիշ ծնողներ ինձ ասում էին՝ «Ինչո՞ւ եք ծանրաբեռնում ձեր երեխային»: Ես չգիտեի, որ այսպես կլինի, բայց հասկանում էի, որ նրա համար քիչ է ուղղակի հեքիաթներ կարդալը, մանկական ներկայացումներ դիտելը, նա ավելին էր ուզում: Երեւի պիտի հասցներ...»:

Անի Ամիրյանը, Մարտա Կիրակոսյանը, Գրիգոր Կյոկչյանը եւ Ստեփան Ղամբարյանը


Էդգար Էլբակյանի գրքի վերահրատարակմանն ու երգերի ձայնասկավառակի թողարկմանն աջակցել է ՀՀ մշակույթի նախարարությունը: Արմեն Ամիրյանը, ով նույնպես ներկա էր միջոցառմանը, ընդգծեց՝ այսօրվա մեր մշակութային դաշտում շատ դժվար է գտնել արվեստի այնպիսի նմուշներ, որոնք արժանի են պետական հովանավորության.«Իհարկե, Էդգարին ճանաչել եմ դեռ երեխա ժամանակվանից, բայց ապշել էի, երբ սկսեցի ծանոթանալ նրա ստեղծագործություններին: Այդ տարիքում այդքան երաժշտականություն, այդքան բանաստեղծություն, այդքան զգացական ներաշխարհ եւ ամենակարեւորը՝ այդքան խոր փիլիսոփայություն, կարծում եմ՝ արժանի է հատուկ ուշադրության: Եվ այն, ինչ արել է Մշակույթի նախարարությունը, շատ փոքրիկ աջակցություն է: Դրանով մենք կարողացանք մեր իրականություն բերել երիտասարդ մարդու փիլիսոփայությունը: Ես շատ ուրախ եմ, որ ձայնասկավառակում տեղ գտած երգերից մի քանիսը նոմինացված են «Ծիծեռնակ» մրցանակաբաշխությանը, եւ, ի դեպ, դրանցից մեկն արժանացել է մրցանակի»:

Արմեն Էլբակյանը եւ Արմեն Ամիրյանը


Էդգար Էլբակյանը (1982 – 2000թթ.) ծնվել է Երեւանում: Ավարտել է Ե. Չարենցի անվան անգլիական թեքումով միջնակարգ եւ Սայաթ Նովայի անվան յոթնամյա երաժշտական դպրոցները: 1999թ.-ին ընդունվել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը: Խաղացել է մի շարք ներկայացումներում եւ կինոֆիլմերում: Տարբեր թատրոններում իրականացրել է մի շարք բեմադրություններ: Հետմահու նրան շնորհվել է Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի «Ոսկե դիմակ» մրցանակը: Բազմաթիվ գրական ստեղծագործությունների եւ երգերի հեղինակ է:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին