×


«Իսկապես մեծ անակնկալ էր». Սաքո Մկրտչյանի յուրօրինակ նվերը կնոջը՝ Սեդա Մանուկյանին

Կյանքում լինում են պահեր, որոնք շատ կարեւոր են, առանձնահատուկ, եւ ցանկանում ես անպայման հիշել լուսանկարներով ու տեսանյութերով: Օրինակ` ինչպե՞ս չլուսանկարվել այն ընթացքում, երբ կյանքում առաջին անգամ գտնվում ես ամենագեղեցիկ կարգավիճակում եւ սպասում ես երեխայիդ լույս աշխարհ գալուն: Իսկ պատկերացրեք` որքան հիշարժան է դառնում այդ ֆոտոշարքը, երբ այն նաեւ ծննդյանդ օրվա առթիվ է արվում, այն էլ՝ որպես նվեր: Սա «Ատեքս» նորաձեւության կենտրոնի գլխավոր մենեջեր, մոդել, ոճաբան Սաքո Մկրտչյանի եւ դիզայներ Սեդա Մանուկյանի գեղեցիկ սիրո պատմությունից է: Զույգը որոշել է լուսանկարիչ Արվին Քոչարյանի հեղինակած ֆոտոշարքն առաջինը տրամադրել BRAVO.am-ին եւ պատմել, թե ինչպես են նախապատրաստվում իրենց բալիկի ծննդին եւ ինչպես են կարողանում համատեղել աշխատանքը զբաղված առօրյայի հետ:

«Ֆոտոշարքի գաղափարն ամուսինս է առաջարկել. քանի որ նկարահանման հաջորդ օրը նաեւ ծննդյանս տարեդարձն էր, ցանկանում էր անակնկալ մատուցել: Ճիշտն ասած` ես նույնիսկ չգիտեի, որ պիտի լուսանկարվեմ: Երբ գնացինք, ասաց` դե, արի հագուստները փորձելու: Ինքն արդեն նախապես պայմանավորվել էր բոլորի հետ, ամեն ինչ պատրաստ էր նկարահանման համար: Ծննդյանս օրն էլ` մարտի 26-ին, լուսանկարներից մեկը մեծ տարբերակով տպագրած բերեց, նվիրեց ինձ: Իսկապես մեծ անակնկալ էր»,- նշել է Սեդան:

Սեդա Մանուկյանը


Նրա խոսքով՝ երեխայի ծնվելուն 20 օրից էլ քիչ ժամանակ է մնացել, բայց դեռ չգիտեն փոքրիկի սեռը, թեեւ արդեն որոշել են անունը` տղա կամ աղջիկ ծնվելու դեպքում: Ասում են` իրենք են ցանկացել, որ երեխայի սեռն անակնկալ մնա, իսկ որոշած անուններն առայժմ չեն ցանկանում ասել. թող դա էլ անակնկալ լինի:

Սաքոն պատմել է, որ շատ դժվարությամբ են կարողացել երեխայի համար անհրաժեշտ իրեր ու հագուստ գնել, քանի որ երեխայի սեռը չգիտեն, Հայաստանում էլ շատ քիչ են չեզոք գույների հագուստները.«Ամեն անգամ, երբ մտնում էինք մանկական որեւէ խանութ, աշխատակիցների առաջին հարցը հետեւյալն էր լինում՝ երեխան տղա՞ է, թե՞ աղջիկ: Երբ ասում էինք՝ չգիտենք, դժվարանում էին որեւէ հարցով օգնել, ինչն իրականում նորմալ է, քանի որ Հայաստանում շատ քիչ է չեզոք գույների հագուստը: Դրա համար էլ որոշեցինք ամբողջ հագուստը դրսից պատվիրել: Այժմ արդեն լիովին պատրաստ ենք երեխայի ծնվելուն»:

Սեդա Մանուկյանը


Սաքոն խոստովանել է, որ հոգեբանորեն շատ բարդ է նախապատրաստվել ծնողներ դառնալուն, հատկապես որ մինչ օրս խիստ զբաղված աշխատանքային առօրյա ունեն թե՛ ինքը, եւ թե՛ Սեդան.«Ընկերներս ասում են՝ մինչեւ երեխայի լացի ձայնը չլսեմ, նրան չտեսնեմ, չեմ պատկերացնի ոչ մի բան: Մենք սպասում ենք, որ լինելու է ավելի լավ, քան պատկերացնում ենք»:

Թեեւ փոքրիկի ծնվելուն հաշված օրեր են մնացել, բայց Սեդան շարունակում է ակտիվորեն աշխատել իր նոր հավաքածուի վրա: Իհարկե, այս անգամ էլ այն տղամարդկանց հագուստ է ներառելու, եւ կրկին գերիշխելու է սեւ գույնը. դա դիզայների հարազատ ոճն է.«Այս պահին դեռեւս էսքիզներն եմ անում: Կարծում եմ՝ բալիկի ծնվելուց հետո ավելի նոր մտքեր կլինեն, եւ արդեն կպատրաստվենք հավաքածուի ցուցադրությանը: Շատերը հարցնում են՝ հնարավոր է մանկական հավաքածու ստեղծեմ առաջիկայում, բայց ասում եմ՝ ոչ, չեմ անի: Փոքրիկներն իրենց դերում պետք է լինեն. ցուցադրությունները մեծերի համար են (ժպտում է,- հեղ.)»:

Սաքոն էլ այժմ զբաղված է նորաձեւության կենտրոնի տարբեր աշխատանքներով՝ որպես մենեջեր եւ ոճաբան: Նկատում է՝ Հայաստանում ցուցադրությունները կարծես թե սեզոնային են դարձել, բայց սպասվում է, որ առաջիկա ամիսները բուռն պիտի լինեն այդ առումով: Կեսկատակ ասում է նաեւ, որ իր ժամանակն արդեն անցել է պոդիումով քայլելու. հերթն ավելի երիտասարդներինն է:

Սեդա Մանուկյանը


Սեդան նշել է, որ երբ երեխան ծնվի, մեծ դադար չի վերցնի ու կփորձի հնարավորինս չկտրվել սիրելի աշխատանքից.«Ես Սաքոյի հետ խոսել եմ, որ դա կլինի ընդամենը մի քանի ամիս, ու մենք համաձայնության ենք եկել:): Իհարկե, սկզբի ամիսներին ամբողջ ուշադրությունս բալիկիս ուղղված կլինի, բայց հետո կվերադառնամ իմ բնականոն կյանքին»:

Սաքոն եւ Սեդան հավելել են նաեւ, որ արդեն հետաքրքիր ֆոտոշարք են պլանավորել ապագա փոքրիկի համար: Իսկ Սաքոյին ուղղված մեր հարցին, թե ինչու Սեդայի ծննդյան ֆոտոշարքում չկա նաեւ ինքը, ասաց, որ այս անգամ միայն կազմակերպչի դերում է եղել.«Դա իր նվերն էր: Ես պարզապես փորձում էի այդ ամենը ճիշտ կառավարել:)»,- եզրափակեց նա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արվին Քոչարյանի
Հագուստը՝ Գայանե Մարտիրոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին