×


«Կողքիս մեկն է, ում համար արժե զոհողությունների գնալ». Լիդիա Օռլովա

Լիդիա Օռլովան հայկական եթերում առաջին հայացքից ուշադրություն է գրավում իր ոչ այնքան հայկական արտաքինով:): Նրա հետ անկեղծ զրույցի ընթացքում պարզել ենք, թե ինչ է պետք երիտասարդ դերասանին այս ոլորտում ճանապարհ հարթելու համար, ինչ սկզբունքով է համաձայնում դերերին եւ կարեւոր է արդյոք հոնորարի չափն իր համար: Լիդիան նաեւ պատասխանել է սիրելիին վերաբերող հարցերին:

«Փոփոխություն էի ուզում»

Սերիալային առաջին դերս «Էլենի օրագրում» էր՝ Ջենիի կերպարով: Իսկ մինչ այդ սովորում էի Թատերականում ու ավելի շատ հետաքրքրված էի թատրոնով: Հիմա նկարահանվում եմ «Այրված անուրջներ» սերիալում: Իռենի կերպարը շատ է տարբերվում Ջենիի կերպարից: Նա ավելի հասուն անձնավորություն է, իսկ Ջենին դպրոցական էր, ով ուներ իր մտահոգություններն ու խնդիրները: Երկուսի հետ էլ նմանություն ընդհանրապես չունեմ: Չկա բնավորության մի գիծ, որ կարող եմ ընդհանրացնել իմ ու կերպարներիս մեջ: Ներկեցի մազերս, որովհետեւ ուզում էի որոշակի տարբերություն լիներ: Կարծում եմ՝ հեռուստադիտողին ավելի հեշտ է այսպես ընկալել նոր կերպարս: Նաեւ իմ գործոնն էլ կար. փոփոխություն էի ուզում:

Լիդիա Օռլովան


Եթե դերը պահանջում է տգեղ լինել…

Բծախնդիր մարդ եմ, բայց կոնֆլիկտային չեմ ու խնդիրներ չեմ ստեղծում: Փորձը ցույց է տվել, որ նպատակասլաց եմ: Կան դերասաններ, ովքեր համարում են՝ չպետք է տգեղ լինեն: Ես կարծում եմ, որ դերասանը պետք է լինի թե՛ տգեղ, թե՛ գեղեցիկ, եթե դերը պահանջում է: Դերասանը չպետք է բարդույթներ ունենա. դա ամենագլխավոր զենքն է: Հոնորարը մեծ նշանակություն ունի: Ես չէի համաձայնի խաղալ Իռենի կերպարում, եթե հոնորարս բարձր չլիներ: Հոնորարի մասին չեմ մտածի միայն այն դեպում, երբ կերպարը լինի առավելագույնս ցանկալի:

«Թյուր կարծիք է ձեւավորվել»

Ես, ամեն ինչ տեսնելով ներսից, չեմ կարող համարել, որ աշխատանք չի կատարվում կամ այդ աշխատանքը լավ չի կատարվում: Թե՛ դերասանական անձնակազմը, եւ թե՛ ռեժիսորականը շատ ծավալուն ու կազմակերպված աշխատանք են տանում: Չգիտեմ, թե ինչու է մարդկանց մոտ թյուր կարծիք ձեւավորվել հայկական սերիալների մասին: Մարդիկ սովոր են հոլիվուդյան ստանդարտներին ու պահանջում են նույնը: Բայց դրանք հարցեր են՝ կապված մեծ ֆինանսների հետ: Եթե ամեն մարդ զբաղվի նրանով, ինչով ոչ միայն կարող է, այլեւ մասնագիտացած է՝ կրթություն ունի, ամեն ինչ իր տեղում կլինի:

Լիդիա Օռլովան


Կուռքեր

Շատերը կան, որոնցով ոգեշնչվել եմ, բայց տվյալ պահին Բրեդ Փիթին հիշեցի: Նրա մոտ ամեն ինչ պատահական է ստացվել: Հավիկի զգեստով բուկլետ բաժանելիս կռվի մեջ է ընկել: Պարզվել է՝ նա, ում հետ վիճել է, ռեժիսոր է: Նրան դուր է եկել Փիթը, ու այդտեղից սկսվել է համաշխարհային աստղի դերասանական կարիերան: Բրեդը չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր կդառնա 40+ կանանց կուռքը:

Տեսքը՝ երկրորդական

Հիմա այն ժամանակն է, որ տեսքը երկրորդ պլան է անցնում, համենայն դեպս, իմ տեսանկյունից: Կարեւոր է դերասանական շնորհք ունենալը՝ թե ինչպես ես քեզ մատուցում: Դերասանը պետք է շատ հարուստ ներաշխարհ ունենա. չէ՞ որ դատարկ մարդը ոչ ոքի պետք չէ: Բայց դերասանական շնորհքը չեմ ուզում տաղանդի հետ խառնենք: Դրանք տարբեր բաներ են:

Լիդիա Օռլովան


«Նա չի խոչընդոտում կարիերայիս»

Ունեմ սիրելի: Մենք շատ համահունչ ենք: Նմանությունները քիչ են, բայց հասկանում ենք իրար ու աջակցում: Չնայած՝ նա իմ մասնագիտության հետ կապ չունի, չի խոչընդոտում կարիերայիս: Կան տեսարաններ, որոնցում հրաժարվում եմ նկարահանվել, բայց չեմ ափսոսում: Կողքիս մեկն է, ում համար արժե զոհողությունների գնալ: Մենք շատ երիտասարդ ենք հարաբերություններն օրինականացնելու համար: Դա այդքան չեմ էլ կարեւորում: Չենք շտապում, եւ երբ պահը գա, երկուսս էլ կհասկանանք՝ ժամանակն է հարաբերություններն այլ հարթություն տեղափոխել:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Լիդիայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին