×


«Մենք նման խնդիրներ չունեցանք». Վաչեի եւ Գայանեի զբոսանքը դստեր հետ

Դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանին եւ լրագրող Գայանե Մանուկյանին առաջարկեցինք լուսանկարել բալիկի հետ իրենց զբոսանքը սիրո տոներին պատրաստվող Երեւանում: Փոքրիկ Միային անհնար է չսիրել: BRAVO.am-ի ֆոտոշարքն ու զրույցը՝ նրանց ընտանիքում տիրող մթնոլորտը բացահայտելու համար:

«Հենց այդպես էլ պետք է լիներ»

Գայանե. Վաչե Թովմասյան անունը ոչինչ չէր ասում: Չէի ճանաչում իրեն:

Վաչե. Ինձ չէր ճանաչում, ու նաեւ դա գրավեց ինձ: Երբ ծանոթանում ես որեւէ մեկի հետ, ու նա ճանաչում է քեզ, արդեն ձեւավորված կարծիք է ունենում քո մասին: Մտածում են՝ հումորիստ ես, պիտի հումոր անես: Իսկ իր հետ հետաքրքիր էր զրոյից ձեւավորել այդ ամենը:

Գայանե. Հոլիվուդյան առաջարկություն չի եղել: Ամեն ինչ ինքնըստինքյան է ստացվել, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ: Շատ են ասում, որ կենցաղային խնդիրներ ու դժվարություններ են լինում ամուսնության սկզբում, բայց ես համաձայն չեմ. մեր դեպքում չի եղել:

Վաչե Թովմասյանի ընտանիքը


Սեփական փորձով

Վաչե. Հենց աղջիկ երեխան շատ սպասված էր: Ես միշտ երազել եմ աղջիկ երեխայի մասին: Երբ հիշում էի, թե ինչ որդի եմ եղել հորս համար, ու թե ինչ աղջիկ է եղել մայրս իր հոր համար, աղջիկ էի ուզում (ծիծաղում են,-հեղ.):

Գայանե. Իրականում շատ էի ուզում, որ անունը երեք տառից բաղկացած լինի ու հեշտ հնչի: Մենք բախվել ենք անվան դժվար հնչողության խնդրին: Սեփական փորձով որոշեցինք այնպիսի անուն ընտրել, որ մեր բալիկը չտանջվի հետագայում: Միայից հետո փոխվեց կյանքը, տան մթնոլորտը: Բայց պետք է նշեմ, որ չկա ավելի պատասխանատու «պաշտոն», քան՝ ծնողը: Քանի որ դու գործ ունես ոչ թե քո, այլ քո ստեղծած կյանքի հետ: Այս դեպքում պատասխանատվությունը կրկնապատկվում է:

Վաչե Թովմասյանի ընտանիքը


«Սուպեր» Միա :)

Գայանե. Աշխատանքի բերումով ես ավելի շատ ժամանակ եմ անցկացնում Միայի հետ: Շատ շնորհակալ բալիկ է, երաժշտասեր, շփվող (լուսանկարահանման ընթացքում Միան վազում էր՝ փորձելով գտնել այն տեղը, որտեղից երաժշտության ձայն է գալիս: Երբ վերջապես գտավ, սկսեց ակտիվ պարել,-հեղ.):

Վաչե. Միայն քիչ է քնում, բայց դա էլ նրանից է, որ խելացի բալիկ է: Ապացուցված է, որ խելացիները քիչ են քնում: Մի հետաքրքիր խաղ կա, որ միասին խաղում ենք: Միան կանգնում է բազմոցին, փոխակերպվում է «Սուպեր» Միայի ու սկսում է թռիչքների ճամփորդություն՝ բազմոցից սեղանին, սեղանից գետնին… Մենք խիստ ծնողներ ենք, բայց ոչ՝ անիմաստ խիստ: Երբեք երեխայի վրա չենք գոռում, առավել եւս խփում: Ուղղակի հետեւողական ենք: Եթե մի բան չի կարելի, բացատրում եմ, թե ինչու չի կարելի, ինքն էլ ուշադիր լսում է, ընկալում է:

Գայանե Մանուկյանը՝ դստեր հետ


Ամենադժվարի մասին

Վաչե. Լավ տրամադրություն ունենալու համար ինձ պետք է առողջ քուն եւ սնունդ: Երբ սոված եմ լինում, բարկանում եմ, անիմաստ կռվում:

Գայանե. Սկզբում ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Հետո հենց նման իրավիճակ էր լինում, արդեն գիտեի՝ սոված է:

Վաչե. Իսկ եթե լուրջ, լավ տրամադրության համար կարեւոր է, որ այն չփչացնեն: Առաջ չէի կարեւորում տրամադրությունը, բայց մի անիմաստ մարդու պատճառով այն կարող է այնպես ընկնել, որ հետո ամբողջ օրվա վրա բիծ թողնի:

Տրամադրությունը շատ կարեւոր է, մանավանդ իմ գործում: Հենց հիմա երկու նախագծի սցենար եմ գրում: Չկա ավելի դժվար բան, քան մտածել, թե դիմացինին ինչը կծիծաղեցնի: Եթե դու անտրամադիր ես, չես կարող ծիծաղելի բան մտածել:

Վաչե Թովմասյանի ընտանիքը


«Այդ յուրահատուկ բույրը»

Գայանե. Հատկապես գնահատում եմ Վաչեի բարությունը: Նաեւ ապրել սիրելու տաղանդը, նրբանկատությունը, բայց ես առաջին հերթին խելքին եմ սիրահարվել:

Վաչե. Ես չեմ կարող առանձնացնել որեւէ հատկանիշ: Ինչպես են օծանելիքը տարբեր բաղադրիչներից պատրաստում ու ստանում հենց այդ յուրահատուկ բույրը, սխալ կլինի, որ ասես՝ հենց խնկի հոտն եմ գնահատում տվյալ օծանելիքի մեջ: Ամեն ինչ հավաքական կերպով է գեղեցիկ:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին