Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը մեկ տասնամյակից ավելի բեմում է: Թատրոնից բացի, նա աշխատում է հեռուստատեսությունում, վերջերս ներկայացնում է նաեւ երաժշտական կատարումներ: BRAVO.am-ն իր բլից հարցազրույցների շրջանակում այս անգամ խոսել է Անահիտի հետ:
- Ինքդ քո մասին՝ որպես դերասանուհի-հաղորդավարուհի, նաեւ երգչուհի:
- Ես պրոֆեսիոնալ եմ, չափից դուրս աշխատասեր, պարտաճանաչ, պատասխանատու եւ գործին նվիրված: Երգչուհի չեմ, դերասանուհի եմ, ով երգում է:
- Քո առաջին դերը:
-Առաջին անգամ բեմ եմ բարձրացել 17 տարեկանում՝ «Անուշ» ներկայացմամբ:
Անահիտ Կիրակոսյանը
- Ի՞նչ է տալիս քեզ թատրոնը:
- Անսահման երեւակայելու, ստեղծագործելու, երազելու եւ տարբեր կյանքերով ապրելու հնարավորություն: Սահմաններ չունեցող աշխարհ է թատրոնը:
- Քո առաջին բեմելն ինչո՞վ է տպավորվել:
- Առաջին անգամ բեմում վախեցած երեխայի պես էի: Ինձ մեկ ակնթարթում թվաց, թե ոչինչ չեմ կարող, ոչինչ չգիտեմ, իսկ հետո բացվեց վարագույրը, եւ սկսվեց մի նոր կյանք:
- Խաղացանկիցդ ո՞ր դերն ես ամենաշատը սիրում:
-Օֆելյան՝ «Համլետ»-ում: Մինչեւ հիմա չեմ մոռանում զգացողություններս: Շնորհակալ եմ Վիգեն Չալդրանյանին՝ ինձ նման պատասխանատու դեր վստահելու համար:
- Կա՞ մեկը, ով քո կուռքն է:
- Կուռքեր չունեմ:
- Դեր, որը կցանկանայիր խաղալ:
- Տատյանա՝ «Օնեգին»-ում. Պուշկին կցանկանայի խաղալ:
- Դերասաններից ո՞ւմ հետ կցանկանայիր նույն բեմում կամ ֆիլմում խաղալ:
- Հայաստանում սիրով Մարջան Ավետիսյանի հետ կխաղայի. փայլուն դերասանուհի է, իսկ ֆիլմում՝ Մերիլ Ստրիպի ու Նատալի Պորտմանի:
- Քեզ համար ամենաթանկ մրցանակը:
- Ամենաթանկ մրցանակը հանդիսատեսի հուզմունքն է, ջերմ ու անկեղծ ժպիտով ծափողջույնները:
- Ոլորտում քո հայտնի ընկերը:
- Իմ հայտի ընկերը ոլորտում կա ու կմնա Դավիթ Հակոբյանը՝ ուսուցիչս, վարպետս: Մարդ, ումից միշտ սովորելու բան ունեմ, նա նաեւ ոլորտում իմ քննադատն է ու խորհրդատուն:
- Քանի՞ տարի ես բեմում:
- 12 տարի, համարյա կես կյանքս. հիմա 29 տարեկան եմ:):
- Ի՞նչ տվեց քեզ հայտնիությունը:
- Ասպարեզը բնավ չէի ընտրել հայտնիության համար, բայց առանց հանդիսատեսի ո՞ւմ է պետք դերասանը: Ուրախ եմ, որ սիրված եմ, դրական էմոցիաներ եւ ժպիտներ եմ ստանում մարդկանցից, սիրում եմ բոլորին:
- Առաջիկայում ի՞նչ նորություններ կներկայացնես հանդիսատեսիդ:
- Սեպտեմբերի 20-ին «Անուշ» ներկայացմամբ սկսում ենք թատերաշրջանը Կամերային երաժշտական թատրոնում, իսկ հոկտեմբերին նոր պրեմիերա է սպասվում՝ «Ննջասենյակային զավեշտ», որի բեմադրիչը Ժիրայր Բաբազյանն է: Ես մարմնավորում եմ Սյուզաննային: Համեցեք, սիրելիներս:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Անահիտի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: