×


«Շատ քիչ մարդիկ գիտեն այդ մասին». Աննա Գեւորգյան

Աննա Գեւորգյանն ամուսնու եւ դուստրերի հետ կրկին Միացյալ Նահանգներում է: «Դեռ պարզ չէ` որքան ժամանակ կմնանք այստեղ. կյանքն անկանխատեսելի է։ Դժվար եմ համակերպվում այդ մտքի հետ, բայց վերադառնալու մտադրություն դեռ չունենք»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է հաղորդավարուհին: Նա պատմել է նաեւ օվկիանոսից այն կողմ ապրելու դժվարությունների եւ երեխաների մասին:

«Նախանձելի կյանքով եմ ապրել Հայաստանում»

Շատ եմ սիրում իմ երկիրը եւ վիրավորվում եմ, երբ արտագաղթած հայերից ոմանք անարգանքով ու հեգնանքով են արտահայտվում իմ ազգի եւ հայրենիքի մասին: Բազմիցս ճամփորդել եմ եւ նույնիսկ ապրել տարբեր երկրներում, բայց ոչ մեկը չի փոխարինել իմ չքնաղին... Նախանձելի կյանքով եմ միշտ ապրել Հայաստանում ու վստահ կասեմ, որ շատ-շատ հարցերում արտասահմանը զիջում է Հայաստանին:

Վլադ Աբովյանը՝ դուստրերի հետ


«Ժամանակի խնդիր է»

Շատ քիչ մարդիկ գիտեն, որ այժմ Հայաստանում չեմ, նույնիսկ շատ մտերիմ մարդկանց, ովքեր ապրում են Նահանգներում, դեռ չեմ տեսել, կամ չեմ էլ ասել, որ այստեղ եմ։ Հայաստանից մեկնելիս հիմնական մի քանի աշխատանք ունեի ու բազմաթիվ առաջարկներ, որոնք ստանում էի գրեթե ամեն օր: Շատերից հրաժարվեցի մեկնելու պատճառով եւ այս ամիսներին, երբ արդեն Հայաստանում չէի, մոտ մեկ տասնյակից ավելի աշխատանքային շատ գրավիչ առաջարկներ ունեցա Հայաստանում հայտնի հեռուստաալիքներից, ռեժիսորներից եւ պրոդյուսերներից. նրանք չգիտեին, որ երկրում չեմ։ Այս պահին դեռ չեմ աշխատում, դա անսովոր է ինձ համար, բայց ժամանակի խնդիր է:

«Ռիսկային կլինի»

Քչերը գիտեն նաեւ, որ դիմահարդարի կրթություն եւ 7 տարվա աշխատանքային փորձ ունեմ. ժամանակին «Դար 21»-ի դիմահարդարն ու ոճաբանն էի, աշխատել եմ նաեւ ֆիլմերի եւ տեսահոլովակների, լուսանկարահանումների ժամանակ: Ի սկզբանե նպատակ ունեի գեղեցկության սրահ բացել այստեղ, բայց ժամանակավորապես հրաժարվեցի այդ մտքից, քանի որ օտար երկրում նորեկի համար շատ ռիսկային կլինի, չիմանալով տեղական շուկայի պահանջներն ու նրբությունները, նման պատասխանատվություն վերցնել:

Աննա Գրիգորյանի եւ Վլադ Աբովյանի դուստրերը


«Ամենամեծ ափսոսանքս…»

Երեխա մեծացնելու համար միանշանակ Հայաստանը կատարյալ երկիր է. մեր հասարակությունը, առողջ սնունդը, օդը, այգիներն ու մանկապարտեզները, բժշկությունը, հարազատները, դպրոցական կրթությունը, անվտանգությունը, որքան էլ անհավանական հնչի, այստեղի համար ճոխություն է, եւ ոչ այն պատճառով, որ թանկ է, այլ պարզապես չկա։ Կարոտում եմ մեր տան այգին, երբ միրգ էինք ուտում ծառերից՝ առանց լվանալու, սիրող ու հոգատար տատիկներին ու պապիկներին, որոնցից հեռու ենք հիմա: Ամենամեծ ափսոսանքս այն է, որ երեխաները կտրվեցին իրենց հարազատներից, ընկերներից, ջերմ ու ապահով հայրենիքից:

«Հայրիկն իրագործում է նրանց երազանքները»

Երեխաները վերադառնալ չեն ուզում. հայրիկն իր յուրաքանչյուր ազատ րոպեն մեզ է նվիրում, իրագործում է նրանց երազանքները եւ բոլոր ցանկությունները։ Ամբողջ ազատ ժամանակը, որն այստեղ շատ քիչ է, անցնում է ընտանեկան ժամանցի տեսքով, այլ տարբերակ էլ դեռ չունենք. երեխաները փոքր են:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աննա Գեւորգյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին