×


«Ուզում եմ դուստր ունենալ եւ վայելել այդ քաղցրությունը». Արամ MP3

Սիրված երգիչ, դերասան, հումորիստ Արամ MP3-ի համար այս օրը տոնական է: Երգիչը նշում է ծննդյան 35-ամյակը, սակայն տարեդարձն օրվա միակ առիթը չէ։ Արամը հանրությանը կներկայացնի իր նոր տեսահոլովակը։ Նախօրեին BRAVO.am-ը հանդիպել է Արամին ընտանիքին, զբոսնել նրանց հետ, զրուցել եւ, իհարկե, լուսանկարել։

-Ինչո՞վ է զբաղված այսօր մշտազբաղ Արամ MP3-ը։
-Ամենաթարմ նորությունը, որը կարող եմ հայտնել, այն է, որ նոր աշխատանք ունեմ՝ «Ալաբալանիցա»-ն։ Երկար ենք աշխատել այս տեսահոլովակի եւ երգի վրա, որպեսզի ստանանք այն, ինչ ցանկանում ենք, եւ կարծես թե հասել ենք մեր նպատակին։ Կարծում եմ՝ հանրությանն այն դուր կգա։

Արամ MP3-ի ընտանիքը


-Պրեմիերայի օրը պայմանավորվա՞ծ է Ձեր ծննդյան օրվա հետ։
-Իրականում համընկավ։ Պրեմիերան պետք է ավելի շուտ լիներ, սակայն անիմացիոն որոշակի աշխատանքներ առաջ եկան, եւ միայն այդ ժամանակ միտք ծագեց տեսահոլովակը ներկայացնել ծննդյանս օրը։ Որոշեցի՝ ոչ թե ինձ նվեր կանեն, այլ հակառակը՝ ես կանեմ նվեր հանրությանը։

-Նախորդ անգամ երբ զրուցում էինք, մենահամերգի ցանկություն ունեիք:
-Այո, իրականում ցանկանում եմ աշնանը մենահամերգ ունենալ, սակայն հստակ բան ասել չեմ կարող, կան որոշակի հարցեր, տեսնենք։ Շատ եմ ցանկանում ներկայանալ երկրորդ մենահամերգով: 2016 թվականի մենահամերգն անասելի տպավորություն է թողել ինձ վրա, ուստի ցանկությունը մեծ է կազմակերպել նմանօրինակ համերգ իմ սիրելի հանդիսատեսի համար, տեսնենք՝ ինչպես կստացվի։

- Նկարահանումներ, ակումբային համերգներ, շրջագայություններ, մի խոսքով՝ մշտազբաղ գրաֆիկ, հետաքրքիր է՝ ո՞ւմ վրա է որդիների դաստիարակությունը, քանի որ հոր դերը տղաների կյանքում կարեւոր է։
-Ես փորձում եմ հնարավորության սահմաններում շփվել երեխաներիս հետ, բայց միեւնույն է՝ պակասը զգում են։ Փորձում եմ լրացնել կնոջս օգնությամբ. Աննան ամեն բան անում է իմ բացակայությունը լրացնելու համար։ Հիմա նրանք դեռ փոքր են, սակայն երբ մի քիչ ել մեծանան, ես պետք է վերանայեմ իմ գրաֆիկը, որովհետեւ իրոք հոր դերը տղաների դաստիարակության հարցում բավական մեծ է։ Բայց ասեմ՝ տեսնելով տղաներիս վարքը, հատկապես Առնոյի, ով յոթ տարեկան է, հասկանում եմ, որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է գնում։

Արամ MP3-ն՝ կնոջ հետ


-Աննան ինչպե՞ս է հանդուրժում Ձեր գրաֆիկը։
-Աննան հասկանում է ինձ եւ ըմբռնումով մոտենում իմ աշխատանքին։ Սա իմ աշխատանքի բնույթն է։ Մարդիկ կան՝ օդաչու են, իրենք էլ տանը չեն լինում, քանի որ աշխատանքի բնույթն է այդպիսին:

-Խի՞ստ հայրիկ եք։
-Չեմ կարծում՝ այնքան խիստ եմ, որ ինձնից վախենան։ Փորձում եմ լինել նրանց համար լավ ընկեր, ինչը շատ կարեւոր է։ Կարծում եմ՝ դա է հոր եւ որդու ճիշտ հարաբերությունը, քանի որ այդ դեպքում տղադ էլ քեզ է ընկեր համարում, կիսվում։ Պետք է առավելագույնս անկեղծ լինել, ինքս էլ շատ անկեղծ եմ Առնոյի հետ, իսկ թե որքանով է նա հիմա դա հասկանում, չեմ կարող ասել։

-Ինչպես հասկանում եմ, Ձեր ավագ որդին դերասանական տաղանդ ունի, կարծես հայրիկից շատ բան է ժառանգել։
-Որքան էլ փորձում եմ չխառնվել նրա մասնագիտության ընտրության հարցում, սակայն սիրում է եւ ձգտում ունի դեպի այն ուղղությունը, որով ես եմ զբաղվում։ Չեմ ուզում հաստ մատիտով ընդգծել այդ հատվածը, քանի որ դեռ վաղ է։ Սիրում է նկարել, ֆիլմերի «ռասկադրովկա» անել. ալբոմի տարբեր էջերին նկարում է պատմությունը, հետո մեծ պլանով ընդհանուր իրավիճակներ, շատ ակտիվ է, սիրում է հումորներ անել, բայց որ ասեմ՝ երգում է, սուտ կլինի։ Ամեն դեպքում համերգներիցս մեկի ժամանակ խոստովանել է Աննային, որ ցանկանում է բեմի վրա երգել, եւ որ դա իրեն դուր է գալիս։ Չես կարող խուսափել, քանի որ երեխան սովորում եւ կրկնօրինակում է այն, ինչ տեսնում է։

Արամ MP3-ն՝ որդիների հետ


- Արամ, գիտեմ, որ մտածում եք՝ «տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ երկու տղա:)»: Ամեն դեպքում տանն աղջիկ երեխայի բացակայություն չե՞ք զգում։
-Իհարկե, ցանկություն կա։ Դուստր էլ եմ ցանկանում։ Պապիկս մի լավ խոսք ուներ, ասում էր՝ տանը միշտ փոքր երեխա պետք է լինի։ Երբ Դավիթը ծնվեց, Առնոն արդեն մեծ էր, եւ փոքր որդիս յուրովի լցրեց մեր տունը։ Ընկերներս այնքան են ասել՝ «արա՛, դե, աղջիկն ուրիշ է» արտահայտությունը, որ ոչ միայն ուզում եմ հասկանալ այս արտահայտության իմաստը, այլեւ ունենալ աղջիկ եւ վայելել այդ քաղցրությունը։

- Հնարավորության դեպքում 70,80,90-ականների կատարողներից ո՞ւմ հետ զուգերգ կկատարեիք։
-Ով կհամաձայներ:)։ Ցանկացած մեկի հետ, ով իմ երաժշտական ճաշակի եւ տեսակի hարցում մեծ դեր է ունեցել։ Ֆրեդի Մերկուրի, Մայքլ Ջեքսոն, Սթիվի Ուանդեր կամ Ռեյ Չարլզ, ով էլ լիներ, ինձ համար մեծ պատիվ կլիներ։

- 35-ամյակին ի՞նչ երազանք եք պահելու է։
-Առաջին եւ միակ երազանքս մեկն է՝ ծնողներիս առողջությունը։ Վերջին տարիներին միայն այդ երազանքն եմ պահում, որովհետեւ ծեծված մի խոսք կա, բայց շատ ճիշտ՝ միակ բանը, որ չես կարող փոխարինել, գնել, ձեռք բերել, առողջությունն է։ Վերջին տարիներին բախվում եմ այս խնդրին՝ ոչ իմ հետ կապված, ուստի ցանկանում եմ, որ բոլորը լինեն առողջ, ես՝ նույնպես:):

Զրուցեց Մարիամ Հովունին/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին