×


«Ուրախ եմ, որ տղաս ճիշտ ընտրություն է կատարել». Անի Քոչարյան



Դերասանուհի Անի Քոչարյանին, չնայած 20 տարուց ավելի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում խաղալը, ավելի լայն ճանաչում են տվել սերիալները: Դրանցից մեկը` «Անհասցե ծնվածները», մեկնարկել է օրեր առաջ: Դերասանուհու հետ զրուցել ենք նոր կերպարի, թատրոնում առկա խնդիրների եւ որդու մասին, ով մայրիկի ուղին է ընտրել: Անիի դրական էներգիայով անհնար է չվարակվել:):


- Զբաղվածություն ունեք Դիանա Գրիգորյանի նոր հեռուստասերիալում: Ո՞ւմ եք մարմնավորում:

- Շատ բացասական կերպար է: Շատ բացասականը նույնիսկ մեղմ է ասված: Եթե ես իմ կյանքում հանդիպեմ մարդու, ով այդչափ անհոգի է, չգիտեմ` ինչպես կարձագանքեմ: Բայց ինձ շատ հետաքրքիր է հենց բացասական կերպարը, որովհետեւ այն գույներ ունի, իհարկե, մի փոքր վախենալու է, որովհետեւ մարդիկ դերասանին ու կերպարին նույնացնում են, բայց հուսով եմ` այս անգամ այդպես չի լինի ու անձնական բնույթի վիրավորական մեկնաբանություններ չեն լինի:


- Բազմասերիանոց սերիալները ֆինանսական առումով ձգո՞ւմ են: 

- Իհարկե, այո, բայց ոչ միայն ֆինանսական առումով: Ես չեմ ընտրում դեր` հիմնվելով միայն ֆինանսականի վրա: Եթե ինձ դուր չի գալիս դերասանական կազմը, սցենարը կամ այլ պայմաններ, հրաժարվում եմ:

Անի Քոչարյանը



- Դերասանների պակաս կարծես թե չունենք, բայց Ձեր խաղընկերներից շատերը դերասանական աշխարհի հետ որեւէ կապ չունեցող մարդիկ են: Դա Ձեզ խանգարո՞ւմ է:

- Միանշանակ խանգարում է, բայց ես հնարավորինս փորձում եմ օգնել: Տեսակով այնպիսի մարդ եմ, որ ոչ ոքի չեմ նեղացնի: Բնականաբար, կուզեմ ինձ խաղընկեր լինի մեկը, որին ես կտամ եւ կստանամ: Չգիտեմ, թե ինչու է այդպես, բայց մեծ ցավ եմ ապրում, քանի որ մասնագիտությամբ շատ դերասաններ այսօր անգործ են:


- Իսկ Ձեր խորհուրդներին խաղընկերների արձագանքն ինչպիսի՞ն է:

- Չեմ կարողանում անտարբեր անցել եւ խորհուրդներ տալիս եմ: Ի ուրախություն ինձ` չի եղել մեկը, ով նեղանա կամ չընդունի: Օրինակ` երգիչ Վաչե Ամարյանի հետ երկար ժամանակ աշխատել եմ: Նա հրաշալի մարդ էր, բայց իր հետ աշխատելը մասնագիտական առումով բավական բարդ էր: Ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղն ընկավ: Վաչեն դերասան չէր, բայց սիրվեց հանդիսատեսի կողմից: Հուսանք, որ նոր սերիալում խաղացող դերասանական կրթություն ու փորձ չունեցողների մոտ էլ կստացվի:


- Կհիշե ՞ք Ձեր առաջին բեմելը:

- Առաջին անգամ խաղացել եմ «Ուշ լինի, նուշ լինի» ներկայացման մեջ` զանգվածային տեսարանում, որից մեկ տարի հետո ստացել եմ նույն ներկայացման մեջ գլխավոր` Նազիկի դերը:

Անի Քոչարյանը



- Այսօր թատրոնում հանդիսատեսի նահանջ կա՞:

- Այսօր բոլոր թատրոններում հանդիսատեսի նահանջ կա: Կարծում եմ` պատճառը լավ ներկայացումների պակասն է: Սակայն լավ է, որ հեռուստատեսությունը նույնպես հանդիսատես է բերում թատրոն: Գալիս հարցնում են` այս դերասանը որ ներկայացման մեջ է խաղում:


- Ձեր կյանքում ո՞րն էր այն առանցքային կերպարը, որից հետո սիրվեցիք հանդիսատեսի կողմից: 

- Ինձ ավելի լայն ճանաչում տվեց «Հարեւաններ» սերիալում Գոհարի կերպարը: Հիմա երբ հիշում եմ, ծիծաղում եմ: Գոհարը պարզ, կենցաղային կերպար էր: Երեւի հենց այդտեղից սկսվեց սերը:


- Ինչպե՞ս կգնահատեք սերիալային մշակույթի որակը Հայաստանում:

- Ինձ համար դեռ վատ է: Երբ դիտում ես ռուսական, ամերիկյան սերիալները, տեսնում ես, որ որակային առումով զիջում ենք: Բայց ես դա չեմ կապում նրա հետ, որ մեզ մոտ դերասանները վատն են: Ո՛չ, մենք հրաշալի դերասաններ ունենք: Խնդիրը, կարծում եմ, ֆինանսական է: Ընտրություն կատարելիս աշխատում եմ ընտրել ոսկե միջինը:

Անի Քոչարյանը



- Աշխատանքային զբաղվածությունը տանը դժգոհությունների տեղիք տալի՞ս է:

- Տանը` ոչ, բայց իմ ներսում է դժգոհություն առաջանում, որովհետեւ շատ բաներ չեմ հասցնում անել: Իմ բախտը բերել է, թե՛ ամուսինս, թե՛ տղաս շատ գիտակցաբար են վերաբերվում այս հարցին: Շնորհակալ եմ նրանց:


- Գիտեմ, որ Ձեր տղան ապագա ռեժիսոր է: Մասնագիտության ընտրության հարցում Ձեր գործոնը կա՞:

- Ո՛չ: Ես նրա որոշման հետ բացարձակ կապ չունեմ, ո՛չ առարկել եմ, ո՛չ համաձայնել: Վերջերս ներկայացման նկար տեսա, որում տղաս էր խաղալու, զարմացա: Հրավիրեց, գնացի քոլեջի ուսանողների բեմադրությունն ու խաղը նայելու: Ուրախ եմ` տղաս ճիշտ ընտրություն է կատարել: Դրանից մի քանի օր հետո էլ ֆիլմի պրեմիերա էր, որում տղաս խաղում էր: Դիտեցի ու ձեռքերս վեր բարձրացրի:


Զրուցեց Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/

Լուսանկարները` Մարիաննա Պետրոսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին