×


«Չեմ սիրում տղամարդկանց, ովքեր անպատասխանատու են եւ կնոջը հարգել չգիտեն». Աննա Գեւորգյան

Աննա Գեւորգյանն, ով այս շրջանում ընտանիքի հետ բնակվում է Միացյալ Նահանգներում, դժվարացել է կարճ պատասխաններ տալ BRAVO.am-ի սիրային բլից հարցերին: Հաղորդավարուհին կիսվել է սիրո իր պատկերացումներով եւ բացահայտել՝ ինչ է նշանակում սիրել, ինչպիսին պետք է լինի տղամարդը, եւ թե ինչի է պատրաստ հանուն սիրո:

Սերը հենց գոյությունն է: Շատ ծավալուն արտահայտություն է, բայց ծավալվելն անիմաստ է, միեւնույն է՝ դա հասկանալու եւ գիտակցելու համար պետք է երկար ուղի անցնես ու պարտադիր ինքդ գաս դրան:

Սիրել՝ նշանակում է սիրել։ Սիրո դրսեւորումները շա՜տ տարբեր են՝ կախված տարիքից, դաստիարակությունից, աշխարհայացքից, կյանքի փորձից։ Մի բան հաստատ եմ հասկացել, որ անձնուրաց մեկին սիրել հնարավոր է միայն անփորձ, դեռատի, մաքուր տարիքում, երբ դեռ կարող ես վստահել ու կուրորեն հավատալ, երբ դեռ վարդագույն ակնոցներդ կոտրված չեն՝ սրտիդ հետ մեկտեղ, ու իրական կյանքի հակառակ կողմին ծանոթ չես… Որքան ավելի զգույշ ու անհավատ ես դառնում, այնքան ավելի փոքրանում է սիրելուդ ունակությունը։

Աննա Գեւորգյանն՝ ամուսնու հետ


Սիրել առաջին հայացքից միանշանակ հնարավոր չէ, հնարավոր է խելակորույս հմայվել։ Սիրելու համար ժամանակ է պետք։

Սիրահարվածները նման են արեւի։ Դա ամենադրական ու կատարյալ հոգեվիճակն է աշխարհում, ամենահզոր էներգետիկան։ Ինձ թվում է՝ սիրահարված մարդու աուրան ծիածանի նման է, չկա տիեզերքում ավելի հզոր հոգեվիճակ, որովայնի թիթեռները ամենախենթ ու կատարյալ երջանկությունն է, որի հետ ոչինչ չի հավասարվի։

Սիրո իմ եղանակը, միանշանակ, աշունն է։ Ինձ համար սեր եւ աշուն բառերը հոմանիշներ են։

Տղամարդու արտաքինում ինձ կարող է գրավել… Ցավոք, թե բարեբախտաբար, էսթետ եմ, եւ պիտի խոստովանեմ, որ արտաքինն ինձ համար շատ կարեւոր է։ Չեմ կարող երկար նայել մեկին, ում արտաքինն ինձ հաճելի չէ, անկախ նրանից՝ ում եմ նայում՝ ընկեր, հարազատ, անծանոթ, թե առավել եւս սիրելի մարդ։ Գեղեցկությունն, իհարկե, շատ ինդիվիդուալ հասկացություն է, եւ շա՜տ քիչ մարդիկ կան աշխարհում, ովքեր իսկապես անտեսվել են բնության կողմից, հիմնականում յուրահատուկ գեղեցիկ եւ սիրված մարդիկ պարզապես ունեն իրենց ճիշտ մատուցելու բնատուր տաղանդ։

Տղամարդը պետք է լինի... Հեշտ է ասել՝ տղամարդը, կինը պետք է լինի... Երբ մարդը ծնվում է, նրա ապրած յուրաքանչյուր էմոցիան ձեւավորում են իր հետագա «ես»-ը, հիմնական հիմքը դրվում է կյանքի առաջին 3 տարիների ընթացքում ու շարունակվում կերտվել օր օրի… Մարդը հաճախ իսկապես մեղավոր չի լինում իր թերություններում, որոնց հետ ստիպված է ապրել ողջ կյանքը։ Դժվար է որդի դաստիարակել այնպես, որ նա տղամարդ մեծանա, այլ ոչ պարզապես արական սեռի ներկայացուցիչ։ Իսկ եթե, այնուամենայնիվ, վերադառնանք հարցին, տղամարդը պետք է լինի ալֆա արու, առաջնորդ լինի իր տեսակով, իսկ իդեալական կլինի, եթե լինի խարիզմատիկ եւ խելացի։

Աննա Գեւորգյանը


Կյանքն առանց սիրո, նույնիսկ բույսի կյանք չեմ կոչի: Իմ ընկալմամբ՝ բուսականությունը հզորագույն սեր ունի իր մեջ, իսկ մարդն անսեր փուջ ընկույզի նման է, պարտադիր չէ որեւէ կոնկրետ անձի ուղղված լինի զգացմունքը, պարզապես կան մարդիկ, որոնք իրենց մեջ կրում են այդ լույսը։

Երբ սիրում ես՝ ծաղկում ես։

Հանուն սիրո պատրաստ եմ... Ժամանակին կասեի՝ ամեն ինչի… Ցավոք, հիմա այդպես չէ, հաճախ բանականությունն է հաղթում։

Իմ ամուսինը ռեժիսոր է. այդպես էլ պատկերացրել եմ ավելի վաղ տարիքում։):

Սիրած էակի կողքին արթնանալը՝ կանգ առ, ակնթարթ, դու հիասքանչ ես։

Սերը կարմիր է։ Այլ տարբերակ չկա։

Մինչ ամուսնանալը պետք է... Ավելի կարեւոր է ճիշտ կողակից ընտրել, որ կյանքդ չբաժանես մինչ եւ հետոյի, այլ ապրես լիարժեք եւ ամուսնանալուց հետո էլ շարունակես վայելել գոյությունդ արդեն համատեղ։ Երեւի թե կառանձնացնեի միայն ուսումը, որը վաղ տարիքում ավելի հեշտ է տրվում, չնայած՝ հնարավոր է համատեղել ընտանիքի հետ, բայց ավելի դժվար է, հատկապես երեխայի առկայությամբ։

Առաջին համբույրի հիշողություն չունեմ: Բաց թողնենք:

Աննա Գեւորգյանն՝ ամուսնու հետ


Շուտ ամուսնանալը հստակ որեւէ բան չի նշանակում, մեկի մոտ կարող է շատ ճիշտ եւ տեղին լինել, մեկ ուրիշի դեպքում՝ ճակատագրական սխալ։

Առաջին ժամադրությունը պետք է լինի… Որպես 2 աղջիկներ ունեցող մայր՝ արդեն կասեմ՝ ժամադրությունները պետք է լինեն հնարավորինս մոտ չափահասության տարիքին։

Երբ սիրում ես՝ պետք է ամեն բան փոխադարձ լինի։ Երկու կողմն էլ պիտի ջանա հեշտ ու հաճելի դարձնել համատեղ կյանքը։

Տղաներին դուր է գալիս իմ, կարծում եմ, բնական, ոչ շինծու լինելը։

Չեմ սիրում տղամարդկանց, ովքեր մանրահոգի են, ծույլ են, անպատասխանատու են, կնոջը հարգել չգիտեն։

Սիրային բլիցը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Աննայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին