×


«Չէի պատկերացնում, որ տարվա ավարտին կյանքս այսքան փոխված կլինի». Մանե Գրիգորյան

Տոնածառի զարդարման ընթացքը Մանե Գրիգորյանի եւ դստեր հետ միմիայն հաճելի լիցքեր է փոխանցում: BRAVO.am-ը օրերս հյուրընկալվել է նրանց, լուսանկարել եւ, իհարկե, հետաքրքիր զրույց ունեցել ամենատարբեր թեմաների շուրջ:

- Տեւական ժամանակ էր` եթերում չէիք, ինչպիսի՞ն էր կյանքի Ձեր այդ փուլը:
- Այո, «Ռուբիկոն»-ից հետո շատ էի կարոտում նկարահանումները, եթերը ու մեծ ցանկություն ունեի վերադառնալ հենց Հանրային հեռուստաընկերություն: Այդ ընթացքում այլ հեռուստաընկերություններից եւս եղան առաջարկներ, բայց Հանրայինում աշխատելուց հետո նույնիսկ չէի մտածում մեկ այլ տեղ ինձ փորձել:

Այդ ընթացքում ծնվեց աղջիկս` Կայան. նա կարծես դարձավ իմ մուսան, եւ ես սկսեցի Երգի թատրոնում ստեղծագործել որպես սցենարիստ եւ ռեժիսոր: Իհարկե, մասնագիտությամբ ռեժիսոր չեմ, կրթություն չեմ ստացել, բայց 5, 6 տարեկանից վարպետության դասեր եմ վերցրել հայրիկիցս՝ Արթուր Գրիգորյանից, ով ռեժիսուրայի ռուսական դպրոցն է անցել եւ շատ հմտություններ է ինձ փոխանցել:

Մանե Գրիգորյանը` դստեր հետ


Երբ փոքրիկիս տանում էի մանկական ներկայացումներ դիտելու, հասկանում էի, որ դրանք իսկապես շատ քիչ են մեր թատրոններում. հիմնականում մանկական թատերական ակտիվություն նկատվում էր Ամանորին: Հայրիկիս առաջարկեցի Երգի թատրոնում գարնանաը կամ ամռանը մանկական որեւէ ներկայացում անել, իհարկե, չէի համարձակվի ասել, որ ինքս կցանկանամ բեմադրել (ծիծաղում է,-հեղ.), բայց շատ ուրախացա եւ զարմացա, երբ հենց ինքն առաջարկեց փորձել:

Սկսեցի աշխատել. լավ գիտեի, որ փոքրիկները շատ են սիրում ինտերակտիվ ներկայացումներ, օգտագործեցի այդ հնարքը եւ բեմադրեցի ինտերակտիվ մյուզիքլ: Առաջինը «Հեքիաթն» էր. 50-ից ավելի ներկայացում ունեցանք Երեւանում ու Արցախում: Հետո բեմադրեցի նաեւ «Չա՞ր,թե՞ բարի» ներկայացումը, որը եւս սիրվեց բալիկների կողմից: Ընդգրկել էի «Դիսնեյ»-ի գրեթե բոլոր հերոսներին. ուզում էի, որ բալիկները հնարավորություն ունենային գոնե մեկ ժամով հայտնվելու այդ հեքիաթային աշխարհում:

- Ինչպիսի՞ն են Արթուր Գրիգորյանի եւ թոռնուհու հարաբերությունները:
- Մինչ Կայայի ծնունդը հայրս միշտ զարմանում էր՝ ինչպես են մարդիկ ասում՝ թոռնիկին ավելի շատ են սիրում, քան երեխաներին, բայց իմ բալիկի ծննդից հետո ամեն ինչ 180 աստիճանով փոխվեց: Հիմա վստահ կարող եմ ասել՝ հայրս Կայային ինձից ու եղբորիցս առավել է սիրում ( ծիծաղում է,-հեղ.): Հորս համար աշխարհը պտտվում է Կայայի շուրջ: Ամբողջ օրը միասին նվագում, երգում են, ի դեպ, հորս երաժշտական տաղանդը ժառանգեց հենց Կայան` ի տարբերություն ինձ եւ եղբորս:

- Ինչպե՞ս եղավ Ձեր վերադարձը հեռուստաեթեր: Երկար դադարից հետ կայի՞ն խնդիրներ:
- Քանի որ առաջարկ եղավ եթեր վերադառնալ ծավալուն նախագծով՝ «Անկախ տարիքից» ծրագրով, նախապատրաստական աշխատանքները բավական երկար տեւեցին՝ մոտ 2 ամիս: Հետո որոշվեց, որ մեկ օրում չորս հաղորդման բացումները, հերոսների հետ հարցազրույցները եւ փորձագետների խոսքը պետք է նկարահանել: Այդ ժամանակ գիտակցելով՝ ինչ մեծ պատասխանատվություն է դրված ինձ վրա այդքան մեծ դադարից հետո, իսկապես անհանգստացա, բայց ինքս ինձ կարծես խաբեցի, որ այդ դադարը չի եղել եւ ես պատրաստ եմ նկարահանումներին: Իհարկե, սկզբում շատ դժվար էր. մոտ 15-16 ժամ աշխատում էինք, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ կարգավորվեց:

Մանե Գրիգորյանը` դստեր հետ


- «Անկախ տարիքիցը» բավական ռիսկային նախագիծ է հայ կանանց համար, ինչպե՞ս հաջողվեց կայացնել այն մեր եթերում:
- Իսկապես շատ բարդ էր, քանի որ Հայաստանում դժվար էր գտնել կանանց, որոնք կհամարձակվեին տեսախցիկի առաջ խոսել իրենց խնդիրների մասին, ապա ներկայանալ նաեւ վիրահատություններից առաջ, հետո: Տեխնիկապես եւս շատ բարդ է, քանի որ մենք մասնակցում ենք բոլոր վիրահատություններին, հոգեբանորեն աջակցում մեր հերոսներին: Այժմ, երբ նախագիծն արդեն կայացել է, օրական 100-ից ավելի նամակներ ենք ստանում:

- Նաեւ «Առավոտ լուսո» ծրագրի հաղորդավարական կազմում եք. ինչպե՞ս է ստացվում աշխատանքը այս ձեւաչափում:
- Ես շատ ուշ քնող եւ ուշ արթնացող մարդ եմ, եւ երբեք չէի մտածի, որ կարող եմ վարել առավոտյան ծրագիր, այն էլ՝ այսքան հաճույքով: Մենք երկուսուկես ժամ եթերում ենք լինում եւ ամեն օր ահռելի ինֆորմացիա ենք հավաքում` ամենատարբեր ոլորտներից: Իսկապես շատ հետաքրքիր է աշխատել այս ծրագրում, հատկապես` նման լավ թիմի հետ: Իհարկե, շատ դժվար է այս գրաֆիկով աշխատել, բայց փորձում եմ ամեն ինչ հասցնել ու, որ ամենակարեւորն է, երբեք չխլել այն ժամանակը, որ պետք է հատկացնեմ փոքրիկիս:

Մանե Գրիգորյանը` դստեր հետ


- Տարեմուտն ինչպիսի՞ն է լինում Ձեր տանը:
- Ամանորն իմ ամենասիրելի տոներից է, եւ յուրաքանչյուր տարի մեծ ոգեւորությամբ ու շատ մանրակրկիտ ենք պատրաստվում: Սիրում եմ ամեն տարի ունենալ նոր թեմատիկայով տոնածառ. ունեցել ենք արջուկներով զարդարված տոնածառ, նաեւ ամբողջովին փայլփլուն տոնածառ, ամենահետաքրքիրներից կառանձնացնեմ մեր հայկական տոնածառը, որի խաղալիքների վրա, իմ ու Կայայի ընտրությամբ, Մինասի, Սարյանի կտավներից էին, ու իսկապես շատ գեղեցիկ էր ստացվել:

Այս տարի Կայայի ցանկությամբ արել ենք «LOL» տիկնիկներով տոնածառ, եւ այն բավական ուրախ ու հետաքրքիր է ստացվել: Աղջկաս շնորհիվ Ամանորն իսկական տոն է դարձել. գիշերը բոլորս հավաքվում ենք, Ձմեռ պապիկի հետ երգում, ուրախանում, պապան նվագում է, ու իսկապես յուրաքանչյուր տարին հիշվում է:

Մանե Գրիգորյանը` դստեր հետ


- Ամփոփենք 2018-ը:
- Կարծում եմ` ինձ համար շատ լավ տարի էր. 5-ին գումարած եմ գնահատում (ծիծաղում է,-հեղ.): Երեւի տարվա սկզբին չէի պատկերացնի, որ ավարտին կյանքս այսքան փոխված կլինի, եւ ես կզբաղվեմ իմ երկու ամենասիրելի աշխատանքներով՝ հեռուստատեսությամբ եւ թատրոնով: Երեւի շուն շատ եմ սիրում, այդ պատճարով տարին հաջողվեց, բայց խոզուկներին էլ եմ շատ սիրում (ծիծաղում է,-հեղ.):

- Հավատո՞ւմ եք Նոր տարվա հրաշքին:
- Ես իսկապես հավատում եմ հրաշքների եւ իմ ներկայացումներում միշտ այս խոսքերը կան` հրաշքներին պետք է հավատալ, եւ դրանք անպայման կիրականանան:

Զրուցեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Մանե Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին