×


Սիլվա Հակոբյանն առաջին անգամ խոսում է ապագա փոքրիկի եւ ընտրված անվան մասին. Նոր ֆոտոշարք

Սիլվա Հակոբյանն ու Նորայր Մանուկյանը շուտով ծնողներ կդառնան: Հղիության 8-րդ ամսում գտնվող երգչուհին գեղեցիկ կարգավիճակը ներկայացնող ֆոտոշարք է իրականացրել, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին, խոսել հղիության ընթացքի եւ ապագա փոքրիկի մասին:

«Ակտիվիստ է»

Բավական արագ է անցնում ժամանակը, հատկապես վերջին ամիսներին: Լավ եմ ինձ զգում, ինչքան էլ փոքրիկս իր տեսակով ակտիվիստ է, միեւնույն է՝ այս 8 ամիսների ընթացքում ոչ մի նեղություն չի տվել:

Սիլվա Հակոբյանը


Անակնկալ ամուսնուն եւ ծնողներին

Երբ իմացա հղիությանս մասին, անբացատրելի էին զգացողություններս, հավատս չէր գալիս, բայց ինձ համար շատ սպասված ու երջանիկ պահ էր: Ե՛վ ամուսնուս, ե՛ւ ծնողներիս անակնկալ կերպով եմ հայտնել լուրը, բոլորն էլ շոկի մեջ էին ու միեւնույն ժամանակ՝ շատ հուզված եւ ոգեւորված: Ծնողներիս հայտնեցի հայրիկիս ծննդյան օրը. մենք այդ ժամանակ հյուրախաղերով Ռուսաստանում էինք, շա՜տ հուզիչ պահ էր ու անմոռանալի նվեր հայրիկիս համար: Իսկ ամուսնուս հայտնեցի այստեղ՝ օդանավակայանից դեպի տուն տանող ճանապարհին, ինչի արդյունքում քիչ էր մնում վնաս հասցնեինք մեր դիմացով ընթացող մեքենային:

«Այդպես էլ եղավ»

Միշտ երազել եմ, որ առաջնեկս աղջիկ լինի, ու այդպես էլ եղավ: Բայց, եթե անգամ տղա լիներ, նույնքան ուրախ կլինեի, որովհետեւ երեխան Աստծո պարգեւ է եւ սեռին նշանակություն պետք չէ տալ, կարեւորն՝ առողջ բալիկ ծնվի: Անհամբերությամբ սպասում եմ. օրերս անցնում են ավելի շատ սպասողական վիճակում:

Սիլվա Հակոբյանը


«Նրա անկյունն արդեն պատրաստ է»

Գնումները վաղուց եմ կատարել, կազմ ու պատրաստ սպասում եմ ծննդատուն գնալուն: Չեմ համբերում, թե երբ եմ տեսնելու փոքրիկիս, որի անկյունն արդեն պատրաստ է: Անվան հարցում անգամ ընտրության կամ այլընտրանքի կարիք չենք ունեցել, որովհետեւ վաղուց որոշված էր. այն իմ ամենասիրելի անուններից մեկն է: Առաջ Աստված, երբ ծնվի բալիկս, կանվանենք Միլա:

«Շարունակելու եմ երգել»

Իհարկե, շարունակելու եմ գործունեությունս բալիկիս ծննդից հետո: Պիտի փորձեմ հնարավորինս իմ սերն ու քնքշանքը տալ փոքրիկիս: Եթե կարճատեւ հյուրախաղեր ունենամ, նրա խնամքը կվստահեմ մայրիկիս, սկեսրոջս, քրոջս, իսկ երկարատեւ շրջագայությունների դեպքում կփորձեմ աղջկաս էլ ինձ հետ տանել, եթե, իհարկե, փոքրիկի համար վտանգավոր չի լինի: Հուսով եմ՝ մայրական իմ պարտականությունները կկատարեմ շատ լավ:

BRAVO.am-ը թեթեւ ծննդաբերություն է մաղթում Սիլվային եւ առողջ բալիկ:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ «Seducation Photoroom»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին