×


«Սիրահարվեցինք ու մնացինք». Սիրուշոյի նոր հոլովակը, Կոնդն ու երկրպագուները

«Բոլոր այն մարդկանց, ովքեր գրում էին, որ ցանկացել են հանդիպել ինձ հետ, եւ չի ստացվել... Այսօր տեսահոլովակի նկարահանում ունենք: Հրավիրում եմ բոլորիդ»` երգչուհի Սիրուշոն երեկ առավոտյան իր այս գրառմամբ ուրախացրել էր բազմաթիվ երկրպագուների, ովքեր նշված ժամից էլ շուտ արդեն հավաքվել էին պայմանավորված վայրում: Երեւանի ամենահին ու կոլորիտային թաղամասերից մեկում` Կոնդում էին նախատեսված տեսահոլովակի նկարահանումները, որում պետք է ներգրավված լինեին նաեւ երգչուհու երկրպագուները: Կոնդում է եղել նաեւ BRAVO.am-ը, հետեւել նկարահանումների ընթացքին, լուսանկարել է եւ զրուցել Սիրուշոյի հետ:

Մինչ նա կգար երկրպագուների հետ հանդիպմանը, տեսահոլովակի ռեժիսորը՝ Արամայիս Հայրապետյանը, իր թիմի հետ արդեն սկսել էր որոշ տեսարանների նկարահանումը: Իհարկե, այդպիսով հավաքված մարդիկ ստիպված եղան փոքր-ինչ երկար սպասել սիրելի երգչուհուն, բայց դա նրանց չխանգարեց մնալ մինչեւ այն պահը, երբ Սիրուշոն կգար, կլուսանկարվեր ու կզրուցեր յուրաքանչյուրի հետ եւ կավարտեր հոլովակի նկարահանումը:

Սիրուշոյի «Զոմա-զոմա» երգի տեսահոլովակի նկարահանումներին


Մինչ այդ BRAVO.am-ը Արամայիս Հայրապետյանից հետաքրքրվեց, թե ինչու է ընտրվել հենց Կոնդը՝ որպես նկարահանման հիմնական վայր: Ռեժիսորն ասաց՝ իրենք քաղաքում փնտրել են մի տարածք, որը կլինի հին ու միաժամանակ կներկայացնի երեւանյան թաղամասերի կոլորիտը: Նա նաեւ նշեց, որ սա իր առաջին համագործակցությունը չէ երգչուհու հետ. նրանք միասին աշխատել են թե՛ տեսահոլովակների, թե՛ համերգային ծրագրերի շրջանակներում:

Երբ կառուցված տաղավարում արդեն ամեն ինչ պատրաստ էր, երկրպագուներն էլ հրավիրված էին իրադարձությունների հիմնական վայր, եկավ նաեւ Սիրուշոն, ու միանգամից սկսվեց առաջին տեսարանի նկարահանումը: Նրանք միասին երգում ու պարում էին «Զոմա-զոմա» երգի հնչյունների ներքո, որը շուտով նույն վայրում համախմբեց նաեւ թաղամասի բնակիչներին: Այդ տեսարանը դեռ ամբողջությամբ չէր էլ նկարահանվել, երբ ռեժիսորի «ստոպ» հրահանգից հետո երկրպագուները սկսեցին լուսանկարվել երգչուհու հետ: Այդ ընթացքում մենք հասցրինք Սիրուշոյին մի քանի հարց ուղղել երգի եւ տեսահոլովակի մասին:

Սիրուշոյի «Զոմա-զոմա» երգի տեսահոլովակի նկարահանումներին


Երգչուհին նշեց, որ «Զոմա-զոմա» երգն արդեն որոշ ժամանակ է, ինչ կա իր երգացանկում, եւ հասցրել է կատարել աշխարհի տարբեր երկրներում՝ «Արմատ» ձայնասկավառակի հյուրախաղերի շրջանակում.«Սա այն երգերից է, որ այնքա՜ն շատ եմ սիրել: Անընդհատ ուզում էինք հոլովակը նկարահանել, բայց երեւի չէինք գտնում այն կարեւոր մասնիկը, որն անհրաժեշտ էր աշխատանքները սկսելու համար: Երկար փնտրեցինք, քննարկեցինք եւ հասկացանք, որ տեսահոլովակը պետք է նկարահանվի հենց այստեղ: Երբ հայտնվեցինք Կոնդում, սիրահարվեցինք ու մնացինք: Արդեն քանի օր է՝ գալիս ենք, շրջում, ծանոթանում ու շփվում կոնդեցիների հետ»,- պատմեց Սիրուշոն:

Նրանից հետաքրքրվեցինք, թե արդյոք իր միտքն է եղել երկրպագուներին հրավիրել` միասին նկարահանվելու: Երգչուհին հաստատեց եւ ասաց, որ նման որոշում կայացնելու հարցում իրեն օգնել են հենց իրենք՝ երկրպագուները.«Վերջին շրջանում շատ են գրում, որ ցանկություն ունեն հանդիպելու, իրենց էջերում ինձ հետ կապված անկեղծ պատմություններով էին կիսվում: Եվ հաճախ այդ պատմություններն այնքան հուզիչ էին լինում, որ հենց այդ պահին էի ուզում տեսնել նրանց: Այդպիսով քննարկեցինք ու հասկացանք, որ եթե ունենք նկարահանում, ապա ինչո՞ւ ոչ, բոլորին հրավիրենք այստեղ, որպեսզի առիթ լինի հանդիպելու այդ մարդկանց»:

Սիրուշոյի «Զոմա-զոմա» երգի տեսահոլովակի նկարահանումներին


Խոսելով նաեւ տեսահոլովակի եւ ընտրված վայրի մասին՝ Սիրուշոն նույնպես նշեց, որ ցանկացել են ընդգծել հայկական կոլորիտը, ներկայացնել քաղաքային մշակույթը՝ տարբեր երանգներով ու լուծումներով.«Բացի այդ, հասկացանք, որ Կոնդին դեռեւս այսպիսի անդրադարձ չի եղել: Այստեղ բոլորիս մանկության հիշողություններում եղած բակային ասոցիացիաները կան: Իհարկե, այլ վայրերում նույնպես նկարահանումներ իրականացրել ենք, բայց որպես հիմնական տարածք հենց սա է ընտրվել»,- ասաց երգչուհին՝ փակագծերը չբացելով, թե ուրիշ ինչ վայրերի մասին է խոսքը:

Վերջում նրան հարցրինք, թե տեսահոլովակը երբ պատրաստ կլինի թողարկման: Երգչուհին դժվարացավ հստակ ժամկետ նշել, միայն հույս հայտնեց, որ շուտով:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ Սիրուշոյի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին