×


«Սիրելիներից մի բաժանվեք» ներկայացման պրեմիերան եւ հայտնի հյուրերը

«Սիրելիներից մի բաժանվեք»՝ խորհուրդ է տալիս Նորա Գրիգորյանն՝ իր նոր բեմականացմամբ: Երիտասարդ ռեժիսորն այս անգամ բեմադրություն է արել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Թե ինչպես է ստացվել համագործակցությունը, ինչպես է ընտրվել պիեսը եւ այլ մանրամասներ Նորան պատմել է BRAVO.am-ին, իսկ մեր լուսանկարիչը ֆիքսել է պրեմիերայի հետաքրքիր դրվագները:

Ներկայացման համար բավական արդիական թեմա է ընտրված. գործողությունները հիմնականում տեղի են ունենում դատարանում, որտեղ պարբերաբար տարբեր զույգեր են ներկայանում ամուսնալուծվելու համար: Այս ամենն ուղեկցվում է ծիծաղաշարժ դրվագներով, քանի որ նրանցից յուրաքանչյուրն ամուսնալուծության համար երբեմն նաեւ անհեթեթ պատճառներ է ներկայացնում: Մի զույգի միջոցով էլ ռեժիսորը ներկայացնում է, որ ամուսնալուծությունը շատ վատ հետեւանք կարող է ունենալ:

«Սիրելիներից մի բաժանվեք» ներկայացման պրեմիերային


Նորա Գրիգորյանի խոսքով՝ պիեսի փնտրտուքը բավական երկար է տեւել. «Ուսումնասիրել եմ թե՛ ժամանակակից, եւ թե՛ դասական դրամատուրգների պիեսներ: Հետո հարցրեցի ինձ՝ ինչ է ամենից շատ հուզում, անհանգստացնում այս ժամանակաշրջանում: Հիշեցի այս պիեսը եւ հասկացա, որ իսկապես շատ բան ունեմ ասելու»:

Նրանից հետաքրքրվել ենք՝ ինչպես էր աշխատանքն այլ թատրոնի հետ, քանի որ ստեղծագործում է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: «Ցանկություն ունեմ այլ թատերախմբերի հետ էլ աշխատել: Ի դեպ, պրեմիերայից հետո արդեն 3 թատրոնից հրավեր ունեմ՝ իրենց հետ եւս աշխատելու: Այս դեպքում իմ ցանկությունը համընկավ Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանի անակնկալ առաջարկի հետ: Նա ինձ ստեղծագործելու ազատություն տվեց, ինչի համար շատ շնորհակալ եմ»,-նշել է Նորան:

«Սիրելիներից մի բաժանվեք» ներկայացման պրեմիերային


Ալեքսանդր Վոլոդինի համանուն պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման նկարիչը Լուսինե Կարապետյանն է, պարերը բեմադրել է Նաիրա Հովհաննիսյանը: Ներկայացման մեջ խաղում են Պարոնյանի անվան թատրոնի դերասաններից շատերը՝ Վարդան Կուղյանոսյան, Սոնա Մուրադյան, Անի Քոչարյան, Կարինե Բուռնազյան, Զարուհի Խաչատրյան, Արեւ Հակոբյան, Ռոբերտ Ղամբարյան, Աշոտ Հակոբյան եւ այլք:

Նորան նշել է, որ թատրոնի դերասանական կազմի հետ աշխատանքը բավական հեշտ է ստացվել.«Իհարկե, Երվանդ Խաչատուրովիչն ինձ օգնել է դերաբաշխման հարցում, ինքս էլ եմ ներկայացումներ դիտել, որպեսզի տեսնեմ եւ ընտրեմ դերասաններին: Մի քանիսին գիտեի, շատերն անծանոթ էին, բայց աշխատանքը սիրով էր լցված երկուստեք: Դերասանների խոսքով՝ կարողացել եմ իրենց վարակել պիեսով, մտահղացմամբ, ինչն էլ մեծ հաղթանակ է ռեժիսորի համար: Մենք իսկապես սիրեցինք միմյանց, արդյունքում ծնվեց նման գործ: Շնորհակալ եմ յուրաքանչյուրին»:

«Սիրելիներից մի բաժանվեք» ներկայացման պրեմիերային


Պրեմիերային ներկա էին ոչ միայն հայտնի դեմքեր տարբեր թատրոններից, այլեւ հոգեբաններ, սեքսապաթոլոգներ.«Նրանք այն մարդիկ են, ովքեր առնչվում են ընտանեկան խնդիրներին, շփվում են բաժանման եզրին կանգնած ընտանիքների հետ: Ասացին՝ շատ կարեւոր թեմա եմ բարձրացրել, քանի որ բաժանություններն այժմ շատ են: Ինքս էլ եմ նկատել, որ երիտասարդներն իսկապես կորցրել են միմյանց լսելու ունակությունը, բայց կարեւոր է իրար հասկանալ, միմյանց հետ կիսվել, խոսել յուրաքանչյուր հարցի վերաբերյալ: Դա այսօր մեծ խնդիր է, իսկ ամենակարեւորը՝ մենք ժամանակ առ ժամանակ մոռանում ենք միմյանց ասել, որ սիրում ենք»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին