×


«Վերջապես մեր ընտանիքն ավելացավ տղա բնակչով». Իրինա Թովմասյան

Ամանորի տրամադրությունն ավելի էներգետիկ հնարավոր չէ պատկերացնել` ընդամենը մի քանի ժամ գտնվելով Իրինա Թովմասյանի տանը` նրա փոքրիկ դուստրերի ընկերակցությամբ: Երգն ու պարն ապահովում են, ժպիտն ինքնին կա, հետաքրքիր զրույցի ու ամենաանհավանկան հարցերի պակասից էլ չեք ձանձրանա: BRAVO.am-ը հյուրընկալվել է նրանց բնակարանում` տոնածառը զարդարելու եւ տոնական տորթ պատրաստելու: Դե, այդ ամենն էլ համեմվեց հետաքրքիր ժամանցով ու զրույցով:

Իրինա Թովմասյանը` դուստրերի հետ


«Մեզ համար ամենակարեւոր եւ գլխավոր ավանդույթն Ամանորը տանը դիմավորելն է: Թե մամաս, թե սկեսուրս համոզում են, որ գնանք ինչ-որ տեղ, բայց չենք ուզում, որովհետեւ տանը նշելը մեր ամենասիրելի բանն է: Սիրում ենք տոնածառ զարդարելը եւ մեր տոնածառի գրեթե բոլոր խաղալիքներն ունեն պատմություն: Փոքրիկներիս համար էլ իսկական տոն է, երբ տանը հյուրեր են գալիս, ու մինչեւ ամսի 6-ը մեր տանը նստելու տեղ ուղղակի չի լինում»:

Պարզվում է` Իրինա Թովմասյանն Ամանորին առանձնապես չի պատրաստվում՝ գրեթե ամեն ինչ պատվիրում է.«Այդ օրվան չեմ նայում որպես ինչ-որ շատ լուրջ պատրաստության օր: Կարեւորն ուրախությունն է, տոնական տրամադրությունը, տոնածառը, մեր տանը մեր ձեռքերով պատրաստված միկադոն եւ արդեն ավանդույթ դարձած հավիկը, որ մենք մեր սեղանին անպայման պետք է ունենանք. 12-ը խփելուց առաջ ես հավիկը կարտոֆիլով հանում եմ ջեռոցից, ու տաք-տաք համով ուտում ենք: Շատ ենք հավատում երազանքներին եւ դեռ շատ վաղուց է այդ ավանդույթը՝ թղթի վրա գրում ենք մեր երազանքները, այրում ենք, գցում շամպայնի մեջ ու խմում»:

Իրինա Թովմասյանը` դուստրերի հետ


Արդեն 15 տարի է, ինչ նրանց սպասված հյուրերից է Ձմեռ պապը, եւ այդ ավանդույթը ձեւավորվել է, երբ Մեգին դեռ 2 տարեկան է եղել: Իրինա Թովմասյանը, պատմելով փոքրիկների խնդրած նվերներից, ասաց, որ այս տարի բացի հենց իրենց համար նվերներից, աղջիկները նվերներ են ուզել նաեւ իրենց ընկերների համար, եւ իրենց սիրելի մանկական կենտրոնում խնջույք:

Շարունակելով ընտանեկան ավանդույթների մասին.«Իմ ու Մեգիի համար շատ գեղեցիկ ավանդույթ է դարձել նվերներ փաթեթավորելը: Մենք շուտ գնում ենք առանձին մի տեղ, սկսում ենք փաթեթավորել եւ առավոտից այդ նվերները տոնածառի տակ են մնում. գնում-գալիս ենք, ուզում բացել, բայց դիմանում ենք մինչեւ կեսգիշեր: Ես բոլորին նախօրոք զգուշացնում եմ, որ ինձ համար էլ շատ նվերներ պատրաստեն, թեկուզ ոչ այնքան կարեւոր կամ թանկարժեք բաներ, բայց որ ես էլ կարողանամ վայելել նվերներ բացելու այդ պահը»:

Իրինա Թովմասյանը` դուստրերի հետ


Մինչ մենք զրուցում էինք ընտանեկան ավանդույթներից՝ աղջիկները հասցրին մի քանի անգամ էլ փոխել իրենց տան նոր բնակչի` խամյակի անունը` վերջնական որոշելով նրան կոչել Նիկիտա: Այո, Նիկիտա խամյակը նրանց տան նոր, փոքրիկ տղա բնակիչն է.

Նիկիտան:)


«Այս տարի շատ հետաքրքիր է, որովհետեւ վերջապես մեր ընտանիքն ավելացել է տղա բնակչով: Խոսքը փոքրիկ խամյակի մասին է: Իհարկե, դեռ չգիտեմ` ամուսինս ինչպես կվերաբերվի, որովհետեւ կարող է մեզ բոլորիս խամյակի հետ հանել դուրս:): Բայց դե, մենք կպայքարենք՝ տղա է վերջիվերջո»:

Իրինա Թովմասյանը` դուստրերի հետ


Հ.Գ. Ֆոտոսեսիայի ֆեշն տրամադրությունն ապահովեց Ալյան ու ամեն ինչ արեց, որ բոլոր լուսանկանրներում (անկախ նրանից, որ բեքսթեյջ ենք նկարում) ինքը ստացվի իր նախընտրելի դիրքով, հայացքով ու դեմքի արտահայտությամբ: Մարիան էլ փորձեց տորթի համար անհրաժեշտ գրեթե բոլոր բաղադրիչներն ու եկավ լուսանկարվելու միայն մեր լուսանկարչի «առանց քեզ կնկարեմ» խոսքերից հետո: Իսկ այս ամենին էլ համբերատար հետեւեց ու տորթը պատրաստեց Մեգին:

Տեքստը` Զառա Ղազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին