×


Գրիգոր Կյոկչյանը եւ Սպիտակցի Հայկոն

«Վստահ եմ՝ Արթուր Գրիգորիչի կարծիքը դրական կլինի». Գրիգոր Կյոկչյանը՝ իր եւ Սպիտակցի Հայկոյի նոր զուգերգի մասին

Երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանը երեկ ներկայացրեց իր նոր տեսահոլովակը` նկարահանված «Մամ ջան» երգի հիման վրա: Շատերի համար անսպասելի էր, որ նրա նոր զուգերգը երաժշտական բոլորովին այլ ոճում հանդես եկող երգիչ Հայկ Ղեւոնդյանի` Սպիտակցի Հայկոյի հետ է: BRAVO.am-ը Գրիգորից հետաքրքրվել է, թե ինչպես է ստացվել համագործակցությունը եւ ինչու է հենց Հայկին առաջարկել իր հետ երգել:

Նրա խոսքով՝ Հայկոն շատ ազնիվ ու անկեղծ է կատարում նման երգերը, ու վստահ էր, որ «Մամ ջանը» նույնպես շատ հուզիչ կստացվի վերջինիս կատարմամբ, քանի որ լսել էր, թե ինչպես է նա Սայաթ-Նովա երգում.«Նախագծի գաղափարը երաժշտական պրոդյուսեր Մարտին Միրզոյանինն է: Նա նաեւ գործիքավորեց ու ձայնագրեց երգը: Երբ Հայկը ծանոթացավ նախագծին, լսեց երգը, միանգամից համաձայնեց: Այդպես էլ սկսեցինք աշխատել միասին: Նշեմ, որ երգի խոսքերի ու երաժշտության հեղինակն ինքս եմ: Այն նվիրված է հայ զինվորներին ու նրանց շատ սպասող համբերատար մայրերին»:

«Մամ ջան» տեսահոլովակի նկարահանումներին


Ի դեպ, «Մամ ջան» երգի տեսահոլովակը մեկ օրվա ընթացքում Յութուբում հավաքել է 76 հազարից ավելի դիտում: Գրիգորից հետաքրքրվեցինք՝ ինչպիսին է եղել մարդկանց արձագանքը, եւ արդյոք չի վախենում քննադատություններից՝  հաշվի առնելով իր եւ Հայկի երաժշտական ոճերի տարբերությունը: Նա անկեղծացավ, որ արձագանքներն ավելի դրական են, քան սպասում էր.«Գիտեք, ուրիշ երգերի մասին չեմ ուզում խոսել, բայց կոնկրետ այս երգը, իմ կարծիքով, շատ ազնիվ է, անկեղծ ու մաքուր: Հետեւաբար,  վատ մեկնաբանություններ գրեթե չկան: Տեսահոլովակի թողարկումից հետո ինձ շատ-շատ են գրում, եւ երգը հուզել է բոլորին»,- ասաց նա:

Քանի որ Գրիգոր Կյոկչյանն աշխատում է Երգի պետական թատրոնում՝ որպես մեներգիչ, հետաքրքիր էր իմանալ նաեւ թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանի կարծիքը. գաղտնիք չէ, որ նա քննադատաբար է մոտենում 6/8 ժանրի երաժշտությանն ու կատարողներին: Երգիչն ասաց՝ քանի որ ինքն այս պահին ԱՄՆ-ում է գտնվում, չի կարողացել խոսել նրա հետ, անձամբ ցույց տալ հոլովակը: Բայց վստահ է՝ արձագանքը դրական կլինի, քանի որ, ըստ նրա, Գրիգորիչն այս երգը սիրում էր, եւ պրեմիերայի ժամանակ հենց նա էր նվագակցում: Նշենք, որ «Մամ ջան» երգն առաջին անգամ երկու տարի առաջ հնչել է հենց Երգի թատրոնում՝ Գրիգոր Կյոկչյանի ստեղծագործական երեկոյի ժամանակ:

«Մամ ջան» տեսահոլովակի նկարահանումներին


Հարցրինք նաեւ, թե ինչ առիթով է այս պահին գտնվում Միացյալ Նահանգներում: Երգիչն ասաց, որ գործնական հրավերով է մեկնել, առիթից օգտվելով՝ կհասցնի հանգիստը վայելել Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում: Նոր երգեր ու գործնական այլ ծրագրեր էլ ունի, բայց այդ մասին առայժմ չի ցանկանում բարձրաձայնել.«Կարծում եմ՝ տարին ակտիվ է լինելու ինձ համար»,- եզրափակեց նա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Գրիգոր Կյոկչյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին