×


Ցողիկ Մարտիրոսյանը

«Փողոցում տեսնում, ինչ ասես՝ ասում էին». Ցողիկ Մարտիրոսյան

«Կայարան» սերիալում վերջերս նոր կերպար ավելացավ` ի դեմս Անիի, ում մարմնավորում է երիտասարդ դերասանուհի Ցողիկ Մարտիրոսյանը: Նա աչքի ընկավ ոչ միայն իր հետաքրքիր ու վառ արտաքինով, այլեւ դերասանական խաղով: Թեեւ Ցողիկն ի սկզբանե բացասական կերպար էր մարմնավորում, դա չխանգարեց նրան սիրվել հեռուստադիտողի կողմից եւ դառնալ սերիալի հիմնական դերակատարներից մեկը: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է իր կերպարի առանձնահատկությունների, հեռուստադիտողի արձագանքի եւ առաջիկա ծրագրերի մասին:

Ցողիկը խոստովանում է` իր համար բարդ էր բացասական կերպարով ներկայանալը, քանի որ դրա համար լուրջ փորձ է անհրաժեշտ, որը չուներ. «Կայարանն» առաջին սերիալն է, որում սկսեց հանդես գալ.«Ճիշտ է, սկզբում քննադատություններ շատ էին լինում` կապված կերպարիս հետ. փողոցում տեսնում էին, ինչ ասես՝ ասում էին, բայց ես բացատրում էի, որ իրականում այդպիսին չեմ, ես փող չեմ գողանում (ժպտում է,- հեղ.): Հիմա որ տեսնում են, ասում են՝ վայ, ինչ լավ է, որ բարիացել եմ: Դե, ինչպես գիտեք, Անին հիմա փոխվել է, զղջացել իր արարքների համար, սիրահարվել է: Սերն ամեն մարդու փոխում է, ու իմ կերպարին էլ փոխեց»:

Ցողիկ Մարտիրոսյանը


Նա այժմ սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի 4-րդ կուրսում: Այս տարի պատրաստվում է ավարտական քննություններին, միաժամանակ նկարահանվում է սերիալում եւ հանդես գալիս ներկայացումներում: Ասում է՝ փորձում է ամեն ինչ հասցնել, դասերից էլ չբացակայել, հատկապես որ անվճար է սովորում.«Ես գնահատում եմ ինստիտուտում անցկացրած յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր դաս: Անկեղծ եմ ասում՝ մեկ օր բացակայելով՝ այնքա՜ն բան եմ կորցնում: Այնտեղ, կարելի է ասել, իմ ապագան է կերտվել, եւ ամենաշատ գիտելիքները հենց այնտեղից եմ ստացել: Աշխատում եմ լավ պատրաստվել դասերին, քննություններին էլ ներկա լինել անպայման»:

Ցողիկի խոսքով՝ իր համար այնքան էլ բարդ չէր ներգրավվել սերիալային աշխատանքում, քանի որ նախկինում նկարահանվել էր տեսահոլովակներում ու գովազդային հոլովակներում, բացի այդ էլ՝ «Կայարան»-ում հանդես են գալիս իր համակուրսեցիները, ովքեր ներկայանում են հիմնական կերպարներով.«Ճիշտ է, թատրոնում տարբեր ներկայացումներ ենք խաղացել միասին, բայց սերիալում նկարահանվելը լրիվ այլ է: Պիտի խոստովանեմ, որ ինձ հետաքրքիր է ու դուր է գալիս. նոր շրջապատ, նոր կազմ, նոր անդամներ... Իհարկե, ամեն ինչի հիմքը, ինձ թվում է, թատրոնն է, եւ իրականում այն ինձ ավելի շատ է հետաքրքրում: Սկզբում խաղացել եմ մանկական ներկայացումներում, Համազգային թատրոնում Կարմիր գլխարկի կերպարով եմ հանդես եկել ու սկսել իմ ուղին: Բայց երբ մտա կինո, հասկացա, որ դա էլ մեկ ուրիշ ճյուղ է, շատ տարբեր»,- ասում է նա:

Ցողիկ Մարտիրոսյանը


Դերասանուհին ընդգծում է՝ սերիալներում հանդես գալով, իրենք ավելի շատ փորձ են ձեռք բերում ու հնարավորություն են ստանում գործունեությունն ընդլայնել. «Գիտեք, ինստիտուտում մենք շատ քիչ բան ենք սովորում կինոյին վերաբերող: Ճիշտ է, հիմա նոր առարկա է ներմուծվել՝ «Տեսախցիկի հետ աշխատանք», ու ես սկսում եմ ամեն ինչ ավելի լավ հասկանալ, բայց այդ ամենը շատ քիչ տեւեց. առարկան նոր է, իսկ ես արդեն ավարտում եմ: Բայց հաճելի է, որ այսուհետ ուսանողներն ավելի լավ կպատկերացնեն կինոյի հետ կապված որոշ գաղտնիքներ»:

Ցողիկն ասաց, որ առաջիկայում՝ հունվարի 25-ին, նոր ներկայացմամբ են հանդես գալու Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում: Դիպլոմային աշխատանք է, որը բեմադրել են Թրումեն Քեփոթի պատմվածքների հիման վրա: Ռեժիսորի հետ փոխել են պատմվածքն ու այն դարձրել պիես, փոխված է նաեւ ստեղծագործության վերնագիրը: Դերասանուհին գլխավոր կերպարում է եւ հույս ունի, որ ամեն ինչ կընթանա նախատեսվածի պես: Չէ՞ որ փորձերը հաջող են ընթանում, իրենք էլ սպասում են հետաքրքիր զարգացումների:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Ցողիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին