«Հպարտ եմ, որ կարող եմ ինձ Հայաստանի պատմության մասնիկ համարել» Bravo.am-ի հրապարակումներից արդեն գիտեք, որ 2009թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Բրայան Մեյը (Queen), Դեւիդ Գիլմորը (Pink Floyd), Թոնի Այոմին (Black Sabbath), Իէն Գիլանը (Deep Purple) եւ Ջեֆ Դաունսը (Asia) արժանացել էին Պատվո Շքանշանների: Նրանք բոլորը ակտիվ մասնակցություն են ունեցել Smoke on the Water երգի ձայնագրության գործում Rock Aid Armenia նախագծի շրջանակներում, որը 1989թ. կազմակերպել էր Ջոն Դին, ով եւս արժանացել էր Պատվո Շքանշանի: Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտ, Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը հոկտեմբերի 7-ին այցելել է Լոնդոնում Հայաստանի դեսպանատուն, որտեղ պարգեւատրվել է Պատվո Շքանշանով, քանի որ երաժշտի լարված գրաֆիկը դեռեւս նրան թույլ չի տալիս այցելել Երեւան: Հուզված երաժիշտն ասել է, որ «շատ է հպարտանում, որ կարող է իրեն համարել Հայաստանի պատմության փոքր մասնիկը»: Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը Բրայան Մեյին ներկայացրել է Rock Aid Armenia նախագծի շարունակության մանրամասները, որի նպատակը Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնումն է: Մասնավորապես, նա պատմել է, որ հոկտեմբերի 6-ին լոնդոնյան Sarm Studios-ում Իէն Գիլանը, Թոնի Այոմին, Նիկո ՄքԲրեյնը (Iron Maiden) եւ Ջոն Լորդը (նախկինում` Deep Purple) ձայնագրել են Out of My Mind նոր երգը հատուկ Rock Aid Armenia ծրագրի համար: Queen-ի կիթառահարը չի բացառել, որ կարող է մասնակցել Գյումրիի դպրոցի վերականգնման ծրագրին: Bravo.am-ի հետ բացառիկ հարցազրույցում Բրայան Մեյը պատմել է, որ 1989թ. անհապաղ համաձայնել է մասնակցել Smoke on the Water-ի ձայնագրությանը, քանի որ իմացել է, որ նախագծի նպատակը Հայաստանում երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելն է: «Ջոն Դին ինձ հարցրեց` ու՞մ կարող եմ ես ներգրավել, եւ ես ասացի, որ մի քանի հեռախոսազանգ կկատարեմ: Եվ այդպես նախագծին միացան Թոնի Այոմին եւ Փոլ Ռոջերսը: Ասեմ նաեւ, որ այդ ձայնագրությունը հիանալի հնարավորություն էր համատեղ աշխատանքի համար: Օրինակ, մենք մտերիմ ընկերներ ենք Թոնի Այոմիի հետ, սակայն մեզ հաճախ չի հնարավորություն ընձեռվում միասին նվագել: Մեկ այլ հուզիչ պահ էր այն, որ խոսքը Smoke on the Water-ի ձայնագրության մասին էր. երգ, որը հայտնի է աշխարհի բոլոր կիթառահարներին: Ես շատ եմ հպարտանում այդ նախագծին իմ մասնակցությամբ»,- ասել է Բրայան Մեյը Bravo.am-ի հետ բացառիկ հարցազրույցում: Հաջորդ շաբաթ կթողարկվի 1989թ. աստղերի կողմից ձայնագրված Smoke on the Water-ի նոր տարբերակը: «Ես շատ ուրախ եմ, որ այն ոգին դեռեւս կենդանի է, եւ բոլորին կոչ եմ անում գնել այդ երգը, քանի որ դրա վաճառքից գոյացած հասույթի յուրաքանչյուր ցենտը կօգտագործվի Հայաստանում հիասքանչ երաժշտական դպրոցի համար»,- ասել է Բրայան Մեյը: Bravo.am-ը ձեզ առաջարկում է զսպել հուզմունքը եւ սպասել նորանոր անակնկալների: :) Տեքստը եւ լուսանկարները` Արա Թադեւոսյանի /Bravo.am/ Պատրաստեց Կարինե Պետրոսյանը /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: