“Գոհարիկ, Գոգա, Գոգ, Գոգի, Գոգիկ եւ այլն...” :)
Հեռուստահաղորդավարուհի Գոհար Գասպարյանին ներկայացնելու առանձնակի անհրաժեշտություն չկա: Արդեն տասը տարուց ավել է` Հ1-ի եթերում տեսնում ենք Գոհարիկին: Բայց ո՞վ է նա էկրանից այն կողմ... հենց դա էլ փորձեց պարզել Bravo.am-ը Գոհարի հետ բացառիկ զրույցի միջոցով: :)
Գոհարիկը ծնվել է զինվորականի ընտանիքում. “Հայրս զինվորական է, մայրս` ֆրանսերենի ուսուցչուհի”: Սովորել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում: 12 տարեկանից թղթակցել է “3-րդ ալիք”-ի մանկապատանեկան խմբագրությանը: Դպրոցն ավարտելով` ընդունվել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետը: Երրորդ կուրսում որպես մասնագիտական ուղղություն ընտրել է Միջազգային ժուռնալիստիկան: Դրան զուգահեռ սովորել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետին կից Ժուռնալիստիկայի հայկական դպրոցում: Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում այսօր դասավանդում է “Հեռուստատեսության առանձնահատկությունները” առարկան:
- Նախ, ինչպե՞ս ես ցանկանում, որ քեզ դիմեն` Գոհար Գասպարյան, թե՞ Գոհարիկ:
-Ես որեւէ սահմանափակում չեմ դնում այդ հարցում. ''իկ''-ը ինձ համար միանգամայն սովորական է: Բացի Գոհարիկից ընկերներս ինձ ասում են նաեւ Գոգա, Գոգ, Գոգի, Գոգիկ եւ այլն:) :
- Քեզ թեթեւ՞ մարդ ես համարում:
- Կյանքը չեմ սիրում բարդացնել: Ոչնչից վատ չեմ զգում եւ անիմաստ բաների մասին չեմ մտածում` ինչու սա այսպես ասեցի կամ հակառակը: Եվ չեմ էլ փորձում շրջապատիս նման տրամադրությամբ վարակել:
- Այնուամենայնիվ, ի՞նչը կարող է քեզ մոտ տրամադրության անկում առաջացնել:
- Անորոշությունը: Չեմ սիրում, երբ անորոշության մեջ եմ ընկնում: Բայց նման դեպքերում էլ չեմ խմում, որ տրամադրությունս բարձրանա (ծիծաղում է): :)
- Ինչո՞վ է այսօր զբաղված Գոհարիկը:
- Այսօր ես ստեղծագործական բուռն գործունեության մեջ եմ: Ինձ մոտ անընդհատ նորանոր մտքեր են առաջանում, համակարգչիս մեջ էլ նոր ծրագրեր կան գրված: Միջազգային մակարդակի եւ շատ հետաքրքիր հեղինակային հաղորդում ունենք ես եւ Դինան, որն ինչ-ինչ պատճառներով դեռ եթեր չի հեռարձակվում:
- Եթերի մասին կխոսե՞ս:
- Ցավոք, այսօր մեր հեռուստաեթերն ողողված է անիմաստ սերիալներով, որոնք մեկը մյուսին հաջորդելով` խլում են ողջ եթերաժամը եւ դասվում ''վարկանշային հաղորդումներ''-ի թվին:
- Սերիալում նկարահանվելու առաջարկ ստացե՞լ ես:
- Տարբեր հեռուստաընկերությունների կողմից առաջարկներ եմ ստացել, բայց բազմիցս ասել եմ, որ չեմ նկարահանվի սերիալներում: Ես Գոհարիկն եմ, հաղորդավար եմ. չեմ կարող այլ անվան ու կերպարի տակ հանդես գալ: Միգուցե նկարահանվեմ ֆիլմի այնպիսի տեսարանում, որտեղ հանդես կգամ որպես Գոհար Գասպարյան, բայց փոքրիկ էպիզոդում, որտեղ կլինեմ այն, ինչ իրականում կամ: Երբ հաղորդավարը կամ այլ մասնագետ անում է այլ գործ, որն իրենը չէ, բացը զգացվում է: Նույնն է, երբ դերասանը կամ երգիչը հաղորդավարությամբ է զբաղվում:
- Ինչո՞ւ չես մասնակցում ''2 աստղ''-ին:
- Այն շատ ժամանակ եւ էներգիա է պահանջում` փոխարենը ոչինչ չտալով: Բացի այդ, ես ինձ թույլ չեմ տա, կրելով մեր ազգի ամենանշանավոր երգչուհիներից մեկի` Գոհար Գասպարյանի անուն-ազգանունը, բեմ բարձրանալ եւ վատ երգել:
- Վատ երգելու մասին. հայկական էստրադայում աստղեր տեսնու՞մ ես:
- Ըըը (մտածում է): Եթե մեկի անունը տամ, մյուսները կնեղանան: Բայց եթե համաշխարհային աստղերի հետ համեմատենք, մեզ մոտ կլինեն ''համայնքային'' աստղեր:
- Ամեն դեպքում, ու՞մ երգերն ես լսում:
- Կարծում եմ, նրանք, ովքեր կարողանում են ճեղքել միջազգային օղակը, բավական հաջողված երգիչներ են: Լսում եմ Հայկոյի, Սիրուշոյի երգերը. դրանք ճաշակով են:) :
- Ճաշակի մասին. կա՞ն ոճաբաններ, որոնց հետ համագործակցում ես:
- Վերջերս` ''Եվրատեսիլ''-ի նախընտրական փուլի ժամանակ, համագործակցեցի Ֆաինա Հարությունյանի հետ, ու հետաքրքիր է, որ նախքան նրա հետ խոսելը ընկերուհուս ասացի` ինչ եմ ուզում, հետո նույնը Ֆաինան ինձ առաջարկեց: Փաստորեն, մենք ակամա նույն բանն էինք մտածել, ինչը, կարծում եմ, գեղեցիկ ստացվեց: Համագործակցում եմ նաեւ Արեւիկ Սիմոնյանի հետ (Top 2009-ի զգեստը): Իմ վարսահարդարումն ես վստահում եմ Լուսինե Նահապետյանին, իսկ դիմահարդարմամբ զբաղվում է Ալբինա Ավետիսյանը:
- Գեղեցկուհի Գոհարիկի սիրտը զբաղվա՞ծ է:
- Հիմա ոչ: Իմ սիրտն ազատ ու երջանիկ ստեղծագործում է: Աշխատանքի բերումով շատ եմ շփվում տղամարդկանց հետ, բայց դա զուտ գործնական, ընկերական շփում է: Երբեմն թյուրիմացաբար ինձ շնորհավորել են այս կամ այն մարդու հետ «նշանադրության» կապակցությամբ, սակայն նման բան չկա:
- Ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը, ով կգրավի քո սիրտը:
- Նա պետք է արագ մտածի, երբ տղամարդը սկսում է դանդաղ մտածել, ես նյարդայնանում եմ: Պետք է ուժեղ ու պայծառ լինի:
- Կա՞ քո շրջապատում այսօր նման մարդ, ով հավանական թեկնածու է:
- Նման մեկին դեռ չեմ գտել, բայց երկրպագուների պակաս չունեմ: :)
- Ինչպե՞ս ես դրան վերաբերվում:
- Միանգամայն բնական. այն օգնում է, որ հետեւես քո տեսքին, քեզ կին զգաս ու իմանաս, որ սիրված ես:
- Իսկ դու երբեւէ սիրե՞լ ես:
- Այո, բայց դրա մասին հետո կխոսեմ, երբ ընտանիք կունենամ, կպատմեմ իմ առաջին սիրո մասին:) :
- Ընտանիքի ի՞նչ ''մոդել'' ես նախընտրում:
- Ինձ համար ընդունելի է այն մոդելը, որն առկա է մեր ընտանիքում. բոլոր անդամների կարծիքներն ընդունվում են եւ հավասար իրավունքներ կան, բայց տղամարդը մի փոքր բարձր է:
- Ծնողներիցդ ստացած դաստիարակության մասին ի՞նչ կասես:
- Մեր ընտանիքը շատ ավանդապահ է, բայց ծնողներս ինձ վստահում են, նրանք ինձ հասկացել ու ճիշտ ուղղություն են ցույց տվել: Եթե ես այսօր վարում եմ ''Եվրատեսիլ''-ի մրցութային համերգը եւ ուշ կվերադառնամ տուն, նրանք ինձ համար հանգիստ են. ես ապահով եմ: Բայց երբ ընկերներիս հետ եմ, 23.00-ից ուշ տուն գնալ չկա:
- Ովքե՞ր են քո ընկերները:
- Գիտեք, ինձ հաճախ են հարցնում` «ո՞նց ես այս կամ այն մարդու հետ ընկերություն անում»: Ես շատ հետաքրքրասեր եմ. շփվում եմ տարբեր մարդկանց հետ, անկախ նրանից` նրանք ճաշակով են, թե անճաշակ, Երեւանից, թե մարզերից: Ես ինձ կայացած մարդ եմ համարում, ես Գոհար Գասպարյանն եմ եւ, շփվելով այս կամ այն մարդու հետ, չեմ ընդօրինակի նրա բնավորության այս կամ այն գիծը: Հետեւաբար, տարբեր մարդիկ կարող են լինել իմ լավ ընկերները:
- Ի՞նչ հարաբերությունների մեջ ես ուսանողներիդ հետ:
- Շատ լավ: Մենք աշխատում ենք ամեն ինչ անել, որ լավ արդյունքի հասնենք, եւ դա, կարծում եմ, տալիս է իր պտուղները. վերջերս հանդիպում ունեցանք Արթուր Աբրահամի հետ, ով հիացած էր ուսանողների հարցերով: :)
- Կարողանու՞մ ես գիտելիքներդ ամբողջությամբ փոխանցել նրանց:
- Փորձում եմ: Ցավոք, ժամանակը շատ քիչ է: Հիմնականում աշխատում եմ ոչ թե տեսական, այլ պրակտիկ գիտելիքներ փոխանցել նրանց: Հետագայում հնարավոր է ունենամ սեփական դպրոց` Գոհար Գասպարյանի անվան հաղորդավարության դպրոց, որը կսովորեցնի մարդկանց, ինչպես իրենց պահեն տեսախցիկի առջեւ:
- Սեփական գործից խոսեցիր. ունե՞ս քո բիզնեսը:
- Հիմա ես եւ ընկերուհիներս պատրաստվում ենք բացել մի ընկերություն, որը կկազմակերպի տարբեր միջոցառումներ: Այս մասին ավելի մանրամասն կասեմ մարտի 9-ին, երբ տեղի կունենա մեր ընկերության կազմակերպած առաջին միջոցառումը:) :
- Ի՞նչ խորհուրդ կտաս երիտասարդ աղջիկներին:
- Հատկապես դուք, երիտասարդ աղջիկներ, եթե պարապ եք, ձեզ համար հետաքրքիր զբաղմունք գտեք, դուրս եկեք տանից եւ զերծ մնացեք հարեւանների հետ անընդհատ սուրճ խմելուց ու բամբասելուց: Պարապ մարդուց ավելի վտանգավոր հանցագործ չկա: :)
Հետեւեք Bravo.am-ին եւ շատ շուտով կիմանաք, թե ինչ բիզնես է հիմնել Գոհարիկը:
Զրուցեց` Սիրանուշ Եղիազարյանը /Bravo.am/
Լուսանկարները` Հովհաննես Հովհաննիսյանի եւ Եղիա Ներսեսյանի: Տրամադրել է Գոհար Գասպարյանը հատուկ Bravo.am-ի համար
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: