“Այլեւս չեմ համբերում”
Bravo.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ռոքի կենդանի լեգենդը պատմում է
Երեւանում մարտի 26-ին և 27-ին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կայանալիք իր համերգներից սպասելիքից:
- Դուք ելույթ կունենաք Հայաստանում 20-ամյա դադարից հետո. վերջին անգամ Երեւանում ելույթ էիք ունեցել 1990 թվականի մայիսին, “Ռոքն օգնում է Հայաստանին” նախագծից անմիջապես հետո: 2009թ. հոկտեմբերին, երբ այցելեցիք Երեւան, ասացիք, որ օդում “արկածախնդրության ոգի” եք զգում: Պատրաստվու՞մ եք արդյոք օգտագործել այդ ոգին մարտի 26-ին և 27-ին կայանալիք համերգների ընթացքում:
- Իհարկե, կօգտագործեմ: Ես ցնցված էի այդ “ոգով” վերջին այցիս ընթացքում եւ շատ եմ սպասում համերգներին:
- Երկու համերգներից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը, որը Դուք այցելեցիք հոկտեմբերին, եւ դա նշանակում է, որ “Ռոքն օգնում է Հայաստանին” նախագիծը կենդանի է` անգամ 20 տարի հետո: Երբ մասնակցում էիք այդ նախագծին 20 տարի առաջ, պատկերացնու՞մ էիք, որ այն ձեզ համար այդքան կարեւոր կդառնա:
- Ես խորապես զգացված եմ այդ տարիներին ձեռք բերած փորձիցս եւ երբեք էլ չեմ մոռացել կյանքիս վրա այդ նախագծի ունեցած ազդեցությունը: Ինձ համար մեծ պատիվ է ընդունված լինել ձեր կողմից ու դրանով ինձ`օգնության գործընթացի մի մասնիկը զգալ:
- Մարտի 26-ին եւ 27-ին հայ հանդիսատեսը բացառիկ հնարավորություն կունենա վայելել “Deep Purple” խմբի հիթերը` Իէն Գիլանի եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ կատարմամբ: Ե՞րբ սկսեցիք հանդես գալ նման ֆորմատով եւ ո՞րն է նվագախմբի հետ աշխատելու յուրահատկությունը:
- Սա լիովին տարբերվում է “Deep Purple”-ի եւ այլ ռոք-խմբերի հետ իմ աշխատանքից: Դիրիժոր Ֆրիդեման Ռիլեն հրաշալի գործիքավորումներ է կատարել` հարմարեցնելով “Deep Purple” խմբի երաժշտությունը սիմֆոնիկ նվագախմբի դինամիկայի հետ:
Սկզբում չգիտեի, թե ինչ կստացվի, ու, ճիշտն ասած, առաջին համերգների ընթացքում “պայքարում էինք” մի քանի երաժշտական դրվագների հետ: Բայց այդ չնչին տեխնիկական խնդիրները հարթվեցին, եւ հիմա խնդիրներ չկան:
Փաստորեն, գործ ունենք երաժշտական “ֆյուժն”-ի հետ, որը երաժիշտներից պահանջում է հսկայական նվիրում:
Այլեւս չեմ համբերում եւ շատ եմ սպասում երեւանյան համերգներին:
Իէն Գիլանի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները կկայանան մարտի 26-ին եւ 27-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում:
Երկու համերգից գոյացած հասույթն ուղղվելու է տնակային պայմաններում գործող Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը: 2009թ. հոկտեմբերի 1-ին Իէն Գիլանը եւ ռոքի այլ աստղեր այցելեցին այդ դպրոց եւ խոստացան աջակցել վերակառուցման հարցում:
Համերգների տոմսերը վաճառվում են Ֆիլհարմոնիայի տոմսարկղում, այն աշխատում է ամեն օր, ժամը 11:00-ից մինչեւ 19:00-ը: Տոմսերի արժեքն է. 10, 15, 20 եւ 25 հազար դրամ:
Համերգների գլխավոր հովանավորն է “ՎիվաՍել-ՄՏՍ” բջջային օպերատորը, պաշտոնական գործընկերն ու ավիափոխադրողը` bmi ընկերությունը:
Լուսանկարները` PHOTOSpress.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: