“Սեքսուալ, ճակատագրական կին եմ”
Մարի Ակսել Նուբարյանին Bravo.am-ը “բռնացրեց” գեղեցկության սրահում: 180 սմ հասակով մանեքենուհին ֆոտոմոդելի կարիերան է նախընտրում: Աշխատել է Միլանում, հիմա ազգությամբ ռուս ամուսնու` Ալեքսեյի հետ բնակվում է Մոսկվայում, նշում է, որ որպես Celebrity բոլոր պրեմիերաների սիրելի հյուրն է, “թքած ունի” չափանիշների վրա, զբաղվում է սպորտով, կարատեի կանաչ գոտի ունի ու քիկբոքսինգով է զբաղվել, բայց ոչ մեկին չի ծեծել: Ի դեպ, Մարին միակ հայուհին է, ով երբեւիցե հայտնվել է “Պենտհաուս” ամսագրի շապիկին: Շոկոլադ ուտել է շատ սիրում եւ պաշտում է Լեդի Գագային. նրա վերջին ձայնասկավառակն է գնել:
Ես ամենաբաց աղջիկն եմ: Բաց եմ շփումների, սովորելու համար:
Իմ գեղեցկությունն իմ աշխատանքն է:
Ինձ միեւնույնն է` ինչ են մտածում իմ մասին:
Սիրում եմ ուտել:
Երբեք չեմ կարող… Ես ամեն ինչ կարող եմ:
Մի անգամ եկա Հայաստան:
Կփորձեմ այն, ինչ կյանքում չեմ փորձել:
Մարի Ակսել
- Ամառանոց գնալուց առաջ էլ ես գեղեցկության սրահ այցելո՞ւմ:
- Իհարկե, ինձ միշտ հետեւում եմ այն պահից, երբ սկսեցի մոդելային դպրոց հաճախել եւ իմացա` ինչպես խնամել մաշկս, մազերս: Երիտասարդությունը ժամանակավոր երեւույթ է, եթե չհետեւենք մեզ, այն շատ արագ կկորցնենք: Հետո ճանապարհորդությունը, սթրեսը ազդում են մաշկիս վրա, պետք է ուշադիր լինել:
- Շա՞տ գումար ես ծախսում արտաքինիդ վրա:
- Անկեղծ եմ ասում` ոչ: Շնորհակալ եմ բնությանը, որ մազերիս գույնը ինձ դուր է գալիս, եւ աշխատում եմ չփոխել, այլ խնամել այն, ինչ կա: Երբեք չեմ ներկել մազերս, չեմ էլ մտածում դրա մասին. վուլգար կդիտվի:
- “Երկու աստղ” նախագծի վերջին եթերին քննարկումների առիթ դարձած զգեստդ էիր նորից հագել:
- Ելույթ ունեցա սեւ զգեստով, որում իմ հետույքը 12 աստղի փայլը խամրեցրեց: :)
“Մարմնիս հետեւից են ընկնում…” Մարի Ակսել
- Հե՞շտ է մոդել լինելը:
- Երբ Միլանում էի աշխատում, անընդհատ ցուցադրությունների մեջ էի: Ինձ համար ձանձրալի էր: Ես ավելի շատ ֆոտոմոդել եմ, լուսանկարվել եմ ռուսական տղամարդկանց (եւ ոչ միայն) ամսագրերի համար: Պոդիումն իմը չէ. բոլոր մոդելներին միանման են շպարում, հագուստն էլ ցուցադրում ես ինչպես կախիչ: Ես չեմ ուզում զգեստի կախիչ լինել: Լուսանկարներում մարդիկ տեսնում են քո աչքերը, իսկ աչքերը շատ բան են պատմում մեր մասին: Մարմնիս հետեւից են ընկնում, անկեղծ ասած: Քասթինգներից մեկի ժամանակ 250 աղջիկներից ինձ ընտրեցին, շատ հաճելի էր:
- Ո՞ր կերպարում են քեզ սիրում:
- Ինձ դուր է գալիս տարբեր կերպարներում հանդես գալ, բայց հիմնականում ստացվում է սեքսուալ, ճակատագրական կինը:
- Մոդել լինելուց բացի, այլ մասնագիտություն ունե՞ս:
- Լրագրող եւ հեռուստահաղորդավարուհի եմ: Սովորել եմ Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանում եւ Մոսկվայի կառավարման ակադեմիայում: Պրակտիկա եմ անցել НТВ հեռուստաալիքում:
- Կինոյո՞վ էլ ես գայթակղված:
- Այո, այո: Շատ եմ սիրում ու ստացվում է, հարմարավետ եմ ինձ զգում: Մոսկվայում դերասանուհի Նատալյա Օրեյրոյի հետ “Ռուսական տանգոյի ռիթմով” սերիալում եմ նկարահանվել, “Զինվորները”, “Սերը այն չէ, ինչ թվում է”: Վերջերս էլ “Հեգնանքդ անուշ” հայկական ամանորյա ֆիլմում Ձյունանուշի դերում էի: Առաջին փորձս էր այստեղ, համ էլ հայերեն էի խոսում: Հուսով եմ, հանդիսատեսը շատ չի քննադատի, որովհետեւ ամեն ինչ մի դուբլից էր նկարահանվում:
- Հայերենդ զարգացնելո՞ւ ես:
- Վաղը մեկնում եմ Մոսկվա: Պետք է հայերեն լեզու պարապեմ: Ծանոթ ունեմ, որ կիրակնորյա դպրոցում հայերեն է դասավանդում, նա է սովորեցնելու:
- Ինչքա՞ն պետք է վճարեն, որ համաձայնես որեւէ նախագծում կամ ֆիլմում նկարահանվել:
- Ինձ համար գումարը ամենակաերեւորը չէ: Երգիչներից մեկն առաջարկեց իր տեսահոլովակում նկարահանվել, գումարի մասին էր հարցնում, ասացի` այն ինձ չի հետաքրքրում, ավելի լավ է հոնորարիս գումարով խախալիքներ գնեք, մանկատան երեխաներին նվիրենք:
- Հայաստանում ես ավելի ճանաչվա՞ծ, թե՞ արտասահմանում:
- Այսօր կարող եմ ասել` հավասար: Մինչ “Երկու աստղը” դրսում էի ավելի ճանաչված: Մոսկվայում պրեմիերաների ժամանակ Celebrity հյուրերից մեկն եմ: Իսկ երբ առաջարկեցին մասնակցել այս նախագծին, ամուսինս ասաց, որ պետք է անպայման համաձայնեմ: Այստեղ ինձ չգիտեին, իսկ ես Հայաստանի համար լավ բաներ եմ արել. Հայաստանը պետք է ճանաչի իր հերոսներին:
- Elite Model Look Armenia 2004, Top Model Armenia, World Bikini Model 2009… Շարունակելո՞ւ ես մասնակցել մրցույթներին:
- Այլեւս չեմ կարող մասնակցել Miss գեղեցկության մրցույթներին, որովհետեւ ամուսնացած եմ: Բայց ապագայում կմասնակցեմ Missis մրցույթների, բայց լուրջ, ոչ երկրորդական մրցույթներ պետք է լինեն` “Միսիս Աշխարհ” եւ այլն, դրա համար պետք է երեխա ունենալ:
- Նման մտադրություն ունե՞ս:
- Շատ եմ ցանկանում երեխա ունենալ, ամենաքիչը` երեքը, երազանքս է, շատ եմ սիրում երեխաներին:
- Ե՞րբ ես ամուսնացել:
- Անցյալ տարի հունվարին, բայց, փառք Աստծո, շատ խելացի ամուսին ունեմ, մենք ԶԱԳՍ չգնացինք, որպեսզի կարողանամ մրցույթի մասնակցել: Իսկ երբ որոշեցի, որ էլ Miss մրցույների չեմ մասնակցելու, օգոստոսին օրինականացրինք մեր հարաբերությունները:
- Հայկական հարսանիք չի՞ լինելու:
- Ամուսնուս հետ որոշել ենք ամռանը Էջմիածնում ամուսնանալ: Իսկ եթե անկեղծ, ուզում եմ ամեն տարի էլ հարսանիք անենք:
- Հայաստանում մոդելային դպրոց բացելու նախագիծդ ի՞նչ փուլում է:
- Դպրոցն ուզում եմ բացել, բայց ոչ գումար աշխատելու համար. կյանքս լավ է դասավորված: Էթիկայի, էսթետիկայի դպրոց է լինելու: Մոդելային բիզնես Հայաստանում չկա: Ճիշտն ասենք, աղջիկներն էլ, որ կարող են Եվրոպայում հաջող աշխատել, քիչ են: Մեր մոդելներն էլ պատրաստ չեն արտասահման գնալ: Հայկական գեղեցկությունն էլ մի քիչ չպահանջված է: Եվրոպայում սիրում են անառողջ նիհարներին, շիկահերներին, մի կերպար, որ ոչ կին է, ոչ տղամարդ: Ես ավելի շատ ներքնազգեստ ցուցադրող մանեքենուհի եմ, հագուստի ցուցադրությունն իմը չէ: Եվրոպայում մինչեւ 22 տարեկանն են մոդել աշխատում, ես էլ մինչեւ 21 տարեկանն եմ պոդիոմով քայլել:
- Ի՞նչ առաջարկներ ես ստացել Հայաստանում:
- Շատ են, բայց մի քիչ զգույշ եմ: Հաստատ գիտեմ` ինչ չեմ գովազդի` ծխախոտ, ալկոհոլին էլ եմ բացասական վերաբերվում: Բայց Հայաստանը հայտնի է իր կոնյակով, գինով, դա արդեն կորոշեմ:
- Առողջ ապրելակերպն ես ընտրել, կարատեով էլ ես զբաղվել:
- Այո, կարատեի կանաչ գոտի ունեմ, քիքբոքսինգով էլ եմ զբաղվել, բայց ոչ թե նրա համար, որ ինչ որ մեկին ծեծեմ, այլ ֆիտնեսի նման բան էր: Բայց շոկոլադ էլ եմ շատ սիրում ու ուտում:
- Հայկական գեղեցկությունն ինչո՞վ է առանձնանում:
- Հայուհիների աչքերն ամենագեղեցիկներից են աշխարհում: Բայց ինձ թվում է, որ մեր տղամարդիկ խամրացնում են այդ փայլն ու ճնշում են կանանց: Հայ տղամարդիկ չեն թողնում, որ իրենց կանայք զարգանան, դրսեւորվեն, տունն են պահում: Ինձ հարցնում են` իսկապես ամուսնացած եմ, չի երեւում. փայլուն աչքեր ունեմ, կենսուրախ եմ:
- Ուշադրության կենտրոնում լինելդ չի՞ նյարդայնացնում ամուսնուդ:
- Չէ, մենք շատ լավ գիտենք իրար եւ փորձում ենք այնպես անել, որ հարմարավետ ապրենք:
- Ռուս տղամարդու նախընտրեցիր, ինչո՞ւ:
- Թող ներեն հայ տղամարդիկ, երբ փոքր էի, որոշեցի, որ դժվար թե ամուսնանամ հայի հետ, բայց նաեւ ասում էի` կամուսնանամ նրա հետ, ում կսիրեմ: Ալեքսեյը 33 տարեկան է: Հավատում եմ, որ ամուսինս իմ ճակատագիրն է:
Զրուցեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ Մարի Ակսելի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: