×


Մարիկա Թունյան

Մարիկա Թունյան

“Top Model of the World”-ի հայ մասնակիցը Օրերս Գերմանիայում կայացած “Top Model of the World” մրցույթին մասնակցել է հայ մանեքենուհի Մարիկա Թունյանը: Նրան հաջողվել է անցնել թոփ 15 մոդելների շարքն իր պոդիումային քայլվածքի շնորհիվ: Marika Tunyan Մարիկան մինչ այս մրցույթը մասնակցել է տարբեր միջազգային մոդելային մրցույթների, գրանցել նաեւ հաղթանակներ: 2002 թ-ին Հայաստանի 10 լավագույն մանեքենուհիների մրցույթում գրավել է 4-րդ տեղը , 2003-ին` ճանաչվել “Վիցե-միսս Անդրկովկաս”: 2007 թվին Չինաստանում անցկացված “Beauty of the World”  մրցույթին արժանացել է “Յուրահատուկ գեղեցկուհի” տիտղոսին: 2009-ի ամռանը Երեւանում կայացած “Միսս 7 մայրցամաք” միջազգային մրցույթում ճանաչվել է Վիցե-միսս, իսկ աշնանը Չինաստանում մասնակցել է “Miss Friendship International”, այնուհետեւ Հոնգ Կոնգում “Miss Model Of The World” մրցույթում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Marika Tunyan Մարիկան մասնակցել է Արամ Նիկոլյանի, Մարինա Մանուկյանի , փարիզաբնակ Թառլոյան եղբայրների, Նինա Հովնանյանի, “Զատիկ” ստուդիայի, “Էլսի” նորաձեւության կենտրոնի, նաեւ “Հայկական ջազ 70” փառատոնի հագուստի ցուցադրություններին: Մրցույթների ու գրաված հորիզոնականների ցանկը կարելի է երկար շարունակել… Մարիկան նշում է, որ միջազգային մրցույթներին ներկայանալու համար հայ աղջիկների խնդիրներից մեկը ցածր հասակն է. “Մոդելային մրցույթների համար ամենացածր հասակը 175 սմ է, ինչը մոդելային բիզնեսի ամենակարեւոր կետերից է: Շատ գեղեցիկ հայ աղջիկներ կան, բայց ունեն 170 սմ կամ ավելի կարճ հասակ”: Marika Tunyan “Ժամանակին ինքս երազել եմ այս ամենի մասին, շատ եմ աշխատել ինձ վրա: Կան աղջիկներ, որոնք ծնվում են մոդելային դեֆիլեով, ես նրանցից չեմ եղել: Կողքից նայել եմ սխալ քայլվածքս, ձեռքերիս շարժումները, փորձել եմ ուղղել եւ ստացվել է, արդյունքում այսօր աշխարհի թոփ 15-ում եմ հայտնվել”, - պատմում է Մարիկան: Մոդելն իր առաջին քայլերը սկսել է մայրիկի օգնությամբ, որն իր 13-ամյա աղջկան տարել է մասնակցելու “Միսս ջրաշխարհ” մրցույթին: Այստեղ ապագա մոդելն ոչ մի հաջողություն չի ունեցել, նույնիսկ տասնյակում չի ընդգրկվել: Սակայն նրան նկատել են եւ հրավիրել Հայաստանի նորաձեւության տուն: Մարիկան նշում է, որ պոդիումի վրա իրեն “քայլել” սովորեցրել  է գեղեցկուհի Անգելինա Բաբաջանյանը: Marika Tunyan Աշխարհում ընդունված է, որ ֆոտոմոդելները եւ պոդիումի մանեքենուհիները տարբեր աշխատանք են կատարում: Մեզ մոտ միսս գեղեցկուհիները եւ մոդելները մասնակցում են եւ գեղեցկության մրցույթների, եւ հագուստի ցուցադրությունների, եւ տարբեր նկարահանումների: Մարիկան ավելի շատ նախընտրում է պոդիումային մանեքենուհու աշխատանքը. “Պոդիումի վրա ինձ ավելի վստահ ու ազատ եմ զգում: Որոշ աղջիկներ ավելի շատ վստահ են ֆոտոապարատի առջեւ: Ես ինձ նույնիսկ “ֆոտոգենիկ” չեմ համարում”,- անկեղծանում է մանեքենուհին: Մարիկա Թունյանն իր առաջին մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է “Եվրասիա” միջազգային համալսարանը: Ցանկանում է այս ոլորտում եւս հաջողությունների հասնել, ինչպես մոդելային կարիերայում: Այժմ խորեոգրաֆիա է դասավանդում Նինա Հովնանյանի մանկական մոդելային ստուդիայում. “Խորեոգրաֆի աշխատանքն ինձ իսկապես դուր է գալիս: Փոքրիկների հետ անչափ հետաքրքիր է, կուզենայի խորանալ, որովհետեւ այն, ինչ ես ժամանակին չեմ սովորել, հիմա փորձում եմ երեխաներին լավ սովորեցնել: Ցավոք, կոմերցիոն մտածելակերպ չունեմ, որ մոդելային բիզնես էլ ունենամ”,- ասում է նա: Marika Tunyan Մարիկան նկատում է, որ մոդելի աշխատանքը բավական լուրջ մասնագիտություն է, այս ոլորտում է շուրջ 9 տարի: 2007 թվից աշխատում է “Միսս 7 մայրցամաք” մրցույթի հիմնադիր-տնօրեն Աշոտ Խաչատրյանի հետ, որը հանդիսանում է մանեքենուհու ազգային գործակալը. “Մոդելինգը հնարավորություն է տալիս շփվել հետաքրքիր մարդկանց հետ, շատ ճանապարհորդել, ինքնավստահ դառնալ, բայց մյուս կողմից էլ ցանկություն ու ժամանակ չի լինում գրքեր կարդալ, ինտելեկտը զարգացնել, խորությամբ լեզուներ ուսումնասիրել”: Մարիկայի խոսքերով, իր ընտանիքն իդեալական է, միշտ աջակցում ու ոգեւորում է իրեն, նաեւ ընկերը` մասնագիտությամբ իրավաբան Միհրանը, ըմբռնումով է մոտենում մոդելի աշխատանքին. “Հիմնականում չեզոք է վերաբերվում իմ գործին, բայց շատ հարցերում խանդում է. օրինակ, նրան դուր չի գալիս, որ երկու ամսով բացակայում եմ քաղաքից, բայց շատ շնորհակալ եմ, որ վստահում է ու համբերատար դիմանում ինձ”: 23-ամյա մոդելը ջազի մեծ սիրահար է, լսում է Նորա Ջոնսի, Սթինգի, Մադոննայի երգերը, հայ երգիչներից հավանում է Եվա Ռիվասին, Հայկոյին, Էմմիին, “Էմփիրեյ” ռոք-խումբը: Հագուստների բրենդներին այնքան էլ մեծ ուշադրություն չի դարձնում, հատուկ թուլություն ունի աքսեսուարների ու կոսմետիկայի նկատմամբ: Marika Tunyan Մանեքնուհին նկատում է, որ իրեն տաքսու վարորդները հաճախ են հարցնում իր օծանելիքի մասին. “Անընդհատ այդ հարցից զարմանում եմ: Ինձ համար նույնն է, թե հարցնեն` ինչ ներքնաշոր եմ հագել: Չեմ սիրում պատմել իմ օծանելիքի մասին ու չեմ սիրում, երբ ինձ օծանելիք են նվիրում, այն շատ անձնական է: Շատ ուրախ եմ, որ կարողացել եմ գտնել իմ բույրը, եւ այն շատերին դուր է գալիս”: Մոդելի չափսերն են` 87/60/93, հասակը` 179սմ: Սիրելի երկիրը` Ճապոնիա: Համաշխարհային սիրելի մոդելները` Jessica Stam, Doutzen Kroes: Սիրած գույնը` կապույտ, չսիրածը` դեղին: Նկարահանվել է գովազդային եւ երաժշտական հոլովակներում, նաեւ իրանական “Տեգերան” ֆիլմում: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Մարիկա Թունյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW