Հագուստի ցուցադրություն + արվեստի գործեր + էլեկտրոնային երաժշտություն :) Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողները Ամանորի նախաշեմին կազմակերպել են “Մի կտոր կրակ” խորագրով ցուցահանդես-փառատոն: Ցուցահանդեսի բացումը կայացավ դեկտեմբերի 15-ին` Հայաստանի նկարիչների միությունում: “Մի կտոր կրակը” կազմարկերպել է բուհի ուսխորհուրդը` Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության աջակցությամբ: Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը ցուցահանդեսի բացմանը նշեց, որ ուսանողների համար կարևոր է ցուցադրվելն ու ներկայանալը. “Մեր ակադեմիայի ուսանողների համար ցուցահանդեսից ավելի ուրախալի բան չի կարող լինել, չէ որ դրա համար էլ սովորում են, հմտանում ու պրոֆեսիոնալ դառնում: Սովետական շրջանում մինչև բուհն ավարտելը ցուցահանդեսների մասնակցելու իրավունք չկար: Հիմա ուսանողները նույնիսկ նկարիչների միության դահլիճում են ներկայանում”: “Մի կտոր կրակ” փառատոնը բացվեց ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնի ուսանողուհիների ստեղծած նորաձև հագուստների ցուցադրությամբ: Մոդելները հեղինակներն էին, նրանց համակուրսեցիները, ընկերները: Ուսանող-մոդելավորողների ներկայացրած հավաքածուների թեմաները տարբեր էին. ցուցադրվեց նաև աշուն-ձմեռ հավաքածու: Ցուցադրության ողջ ընթացքում ներկաների բարձր տրամադրությունը ապահովում էր DJ Vakcina-ն:): Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի ուսանողուհի Անի Գրիգորյանը ցուցահանդեսին եկել էր որպես հյուր, բայց հայտնվեց մոդելի կարգավիճակում. “Եկել էի ուղղակի դիտելու, պատահական ինձ առաջարկեցին հագուստ ներկայացնել, ես էլ համաձայնեցի :): Առաջին անգամ չեմ ներկայանում որպես մոդել, քայլելիս ինձ վստահ էի զգում, պարզապես հագուստը մի քիչ մեծ էր:) ”, - ասաց ապագա դիզայները: Ցուցասրահում ներկայացված էին 100-ից ավել գեղանկար, գրաֆիկա, լուսանկար, քանդակ, կերամիկական աշխատանք, բատիկա և այլն: Ուսանողներից մի քանիսն էլ տեղում հյուրերի ճեպանկարներն ու ծաղրանկարն էին նկարում: 4-րդ կուրսի ուսանողուհի ճեպանկարիչ Անուշը մի քանի րոպեի ընթացքում դիմանկարներ էր նկարում. “Պատերին կախված նկար չունեմ, փոխարենն ընկերներիս առաջարկով այստեղ ճեպանկարում եմ: Այլ ցուցահանդեսների էլ եմ մասնակցել որպես ճեպանկարիչ. մեծ հաճույք եմ ստանում տեղում նկարելուց:)”, - ասաց ապագա գեղանկարիչը: Բեմանկարչության բաժնի նախկին ուսանողուհի Մարի Մանուկյանը հասցրել է անհատական ցուցահանդես ունենալ “Մոսկվա” կինոթատրոնում: Այստեղ ներկայացրել էր իր գեղանկարներից 3-ը. “Ցուցադրվելը ուսանողին մեծ ինքնավստահություն է տալիս: Յուրաքանչյուր նկարիչ ցանկանում է ներկայացնել իր ստեղծածը, կապ չունի 1, թե 10 նկար, կարևորը գնահատվելն է”, - կարծում է Մարին: Փառատոն ստեղծելու գաղափարը արվեստաբանության ֆակուլտետի ուսանողուհի Նարե Աղաբաբյանինն է. “Մտահղացումը վաղուց կար, ձգձգվում էր: “Մի կտոր կրակ” խորագիրն ընտրեցի, որպեսզի հայկական արվեստի պաղ մթնոլորտը մի քիչ աշխուժացնենք: Մեր նշանաբանն է` արվեստն ի սեր արվեստի”,- ասաց Նարեն եւ հավելեց. “Մենք շատ ցուցահանդեսներ ենք ունեցել, բայց այս անգամ ավելի մեծ է, կա նաև հագուստի ցուցադրություն: Այնքան շատ նկարներ էին հավաքվել, որ ստիպված մի մասը պատերին չկախեցինք: Նույնիսկ նկարիչների միության նախագահն էր զարմացել, որ ուսանողներն այսքան ակտիվ են:)”: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ով ևս սովորել է այս բուհում, հիացմունքի խոսքեր ասաց ուսանողներին. “Հասցրեցի ուշադիր զննել ներկայացված աշխատանքները: Կարծում եմ` վաղը կունենանք այնպիսի նկարիչներ ու արվեստի գործիչներ, որոնցով բոլորս կհպարտանանք: Իրենց որակով ու ոճով աշխատանքները շատ տարբեր են եւ յետաքրքիր”: Եռօրյա փառատոնը մրցութային է: Ժյուրիի անդամները ակադեմիայի դասախոսներն են և ոչ միայն: Ժանրերից յուրաքանչյուրն ունի ժյուրի, որն էլ ընտրելու է 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի հաղթողներին: Գեղանկարի ժյուրին է Էդիկ Վարդանյանը, լուսանկարինը`Զավեն Խաչիկյանը, քանդակը` Գագիկ Ղազարյանը, հագուստի մոդելավորումը` Արամ Նիկոլյանը, գրաֆիկան` Արման Ծատուրյանը: Փակման արարողությունը կկայանա դեկտեմբերի 17-ին: Հաղթողներին կտրվեն պատվոգրեր: Հեղինակ` Լիանա Մեյթարջյան /Bravo.am/ Լուսանկարները` Լիանա Մեյթարջյանի եւ Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: