×


Սոս Սարգսյան.«Ինձ համար ամենագլխավորն իմ երկիրն է»

Նարեկացի արվեստի կենտրոնում դերասան, բեմադրիչ, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանը հանդիպեց երիտասարդներին: «Ուզում ենք տեսնել, լսել Սոս Սարգսյան արվեստագետին, մարդուն, շատ բան սովորենք: Ուզում ենք անկեղծ լինեք եւ ուղղություն տաք մեզ»: Bravo.am-ը գրի է առել 80-ամյա դերասանի մտքերը:

2009-ը

Համազգային թատրոնի համար շատ լավ տարի էր. չորս ներկայացում բեմադրեցինք: Մեր հանդիսատեսը կամաց-կամաց ձեւավորվում է, ավելանում: Ներկայացումներն էլ, կարծում եմ, հաջող էին:

Հուզվել է

Արվեստի գործիչը, մարզիկը պետք է փառք բերի իր ժողովրդին: Այս տարվա իմ մեծ ուրախությունը Նազիկ Ավդալյանն է եւ Առաքել Միրզոյանը: Նազիկը դարձավ աշխարհի չեմպիոն. հեքիաթային աղջիկ է: Մեր ժողովրդին եւ հանրապետությանը մեծ ճանաչում բերեցին:

Հուզում է

Ինձ հուզում է մեր երկրի ճակատագիրը եւ դրանից բխող հազար հարցեր: Ի՞նչ կլինի, ո՞ւր կգնանք, ճի՞շտ ենք անում: Ինձ համար ամենագլխավորն իմ երկիրն է: Հորս վերջին խոսքերն էին՝ «Տղա, Արցախի հարցը ո՞նց պետք է լուծվի…»:

Սոս Սարգսյանը


Անկեղծությունը

Անկեծությունն ազնվություն է, մեծ մասամբ անմեղ մարդիկ են անկեղծ լինում: Ես հաճախ դժվարանում եմ անկեղծ լինել. լրագրողներն աղավաղում են խոսքերս:

Հայ երիտասարդը

Մեր երիտասարդությունը դառնում է շատ առաջադեմ, գիտուն, գրագետ, հայրենասեր, ինչը շատ կարեւոր է: Մեծ հույսեր եմ կապում ձեզ հետ, երեխեք ջան: Մեր ժամանակ երիտասարդները շատ փակ եւ կաշկանդված էին: Ինձ դուր է գալիս ձեր ազատությունը, համարձակությունը: Հույս ունեմ, որ դուք ուղղելու եք ներկան: Այնքան կուրախանամ՝ տեսնելով, որ հայ երիտասարդը դուրս է եկել մի բան պահանջելու, ոչ թե կառավարությունը փոխելու: Ըմբոստություն կա, երկրի տեր լինելու գիտակցությունն է պակասել:

Երիտասարդ թատերական գործիչները

Անպատասխանատու ջահել արվեստագետներ շատ կան: Քիչ դաստիարակություն ստացավ այս սերունդը:

Սոս Սարգսյանը


Ամաչում է

Կաշառակերությունը շատ ամոթ, կործանարար բան է, սկսենք դրանից, դա փոխենք հայ հասարակության մեջ, պաշտոնամոլությունն էլ: Ինչո՞ւ փողոցը ճիշտ չենք անցնում, մեր երկիրը մաքուր չենք պահում: Կեղտից, անօրինականությունից ինչպե՞ս չեք զզվում: Նոր եմ ծխելը թողել, բայց ծխախոտի մնացորդները երբեք գետնին չեմ գցել: Չի կարելի քայլ անել եւ սպասել արդյունքի: Կուտակումներ են պետք: Յուրաքանչյուր ազնիվ, անկեղծ քայլ չի կորչում. կուտակվում են եւ դառնում որակ:

Այսօրվա արվեստը

Այսօրվա արվեստին վատ եմ նայում: Պիտի ասեմ, որ սերիալներում առաջադիմություն կա. դերասանները փող են աշխատում: Արվեստը ճաշակ է: Կա ճաշակ՝ արվեստ էլ կա, չկա՝ այն էլ չկա: Մեղվի նման լավ բաները բերել, հավաքել է պետք: Կոմիտասը ճաշակ է:

Մեր մեծերը

Թումանյան, Նարեկացի… Իմ ամենասիրելի գրողը Մնձուրին է, կարդում եմ, ամբողջ աշխարհս խառնվում է իրար: Հրանտ Մաթեւոսյան, Չարենց, Շիրազ… Ո՞ր մեկն ասեմ: Հիմա մեծություններ չկան, արվեստում համաշխարհային ճգնաժամ է: 

Կարոտում է

Ձորի Միրոն: Հիանալի կերպար էր, ինքն իրեն ծնվեց, ապրեց, մեծացավ:

Սոս Սարգսյանը

Հայեր եւ թուրքեր

Հայ-թուրքական հարաբերությունները… Գիտեք ինչ, առողջ մարդ եմ եւ հասկանում եմ, որ հարեւան երկրի հետ պետք է նորմալ փոխհարաբերություններ լինեն: Բայց թուրքերի հետ կապված այնքան բայցեր եւ վերապահումներ ունենք, որ միանշանակ չեմ կարող ասել, որ այս քայլը պետք է արվեր: Մի սխալ ունենք. հայերս չենք հասկանում, որ հարաբերություններ ստեղծելն առաջին հերթին թուրքերին է պետք, նրանք պիտի շահագրգռված լինեն, բայց խորամանկ են, թաքցնում են դա: Մենք կարող էինք թելադրող լինել, եւ ոչ թե թուրքերը:


Մեր սահմանը

Կտրականապես դեմ եմ, որ ասում են` սահմանի բացում: Դա սահմանը չի, մեր սահմանն ուրիշ տեղ է, պարզապես պետք է ասել` ստղեծվել են դիվանագիտական փոխհարաբերություններ դրանից բխող երեւույթներով` առեւտուր… Վախեր, բայցեր շատ կան: Մեկն ինձ ասում է` արդյոք Թուրքիայի հյուսիսային գավառ չենք դառնա: Շատ հնարավոր է, նայած՝ մեզ ինչպես ենք պահում, ինչպես ենք շարժվում: Եթե չենք ստիպում ու պահանջում, որ թուրքերն ընդունեն Ցեղասպանությունը... Եթե հայերին թվում է՝ թուրքերը մեր քեռին են եւ սրանից հետո գրկաբաց կլինեն, սխալվում են շատ. մենք նրանց չարագործությունների մեծ վկան ենք:

Հայի երջանկություն

Հայ մարդը երջանկանում է ընտանիքում, հայի ամենամեծ երջանկությունն արդարասիրությունն է: Այն մարդն է, որ հազար տարի արդարություն է փնտրում, հիմա արդարությունը ստեղծելու ժամանակն է եկել: Մեր ուզածով պետք է լինի:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW