Կայացավ նորաձեւության տան երեւանյան առաջին ցուցադրությունը Երեւանյան նորաձեւության աշխարհում ի հայտ է եկել “Վարդ” նորաձեւության տունը, որի առաջին պաշտոնական ցուցադրությունը կայացավ մայիսի 29-ին Նախագահի ընդունելությունների տանը: Ցուցադրությանը հրավիրվածներին դիմավորում էին “Միմ” ստուդիայի դերասանները, խորհրդանշական կարմիր վարդեր նվիրում ու ներս հրավիրում: Բեմահարթակի եզրագծերն էլ ծածկված էին վարդի թերթիկներով, վերջում նաեւ “վարդային հրավառություն” եղավ: :) “Վարդ” նորաձեւության տան հիմնադիր դիզայներ Վարդ Արզաքանցյանն արմատներով Գավառից է, ապրում է Փարիզում, այժմ ավելի հաճախ է լինում Երեւանում. “Մոտ 40 հագուստից է այս հավաքածուն: 10 մոդելներ էին, երկուսը հայ, որոնցից մեկը աղջիկս է: Քանի որ նախապատրաստական ժամանակը քիչ էր, չհասցրեցի հայ մոդելներ հրավիրել, բայց Եվրոպայի ցուցադրության համար հայ մոդելների հետ եմ աշխատելու”: Ցուցադրության կազմակերպչական հարցերով այս անգամ եւս զբաղվել էր «Uni staff» ընկերությունը, որի ղեկավարներից Վարդուհի Ալեքսանյանը նշեց, որ մոտ մեկ միլիոն վարդ են օգտագործել. “Նախընտրեցինք ցուցադրությունն այնպիսի ոճով ու դիզայնով կազմակերպել, որ Հայաստանում դեռ չի եղել: Ամբողջ տարածքով վարդի թերթիկներ տարածեցինք, լոգոյով ձեւավորված ծաղիկներ տվեցինք”: “Վարդ” բրենդի հագուստների ցուցադրության համար Երեւան էին հրավիրվել վրացի եւ ուկրաինացի մոդելներ, նաեւ “Կենզո” ապրանքանիշի փարիզյան բուտիկի մենեջերի օգնական եւ նյույորքյան բուտիկի մենեջեր Սիլվան Ռուֆիեին: Bravo.am-ի հետ զրույցում ֆրանսիացի դիզայները նշեց, որ հետաքրքիր էր համագործակցել հայ մոդելավորողի հետ. “Փարիզից հատուկ եկել եմ, որ աշխատեմ Վարդուհու հետ: Նա շատ լավ դիզայներ է, հայերն էլ շատ լավն են, դա կարեւոր է ինձ համար: Շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ:): Հիանալի մոդելներ են ցուցադրում զգեստները: Մտածում ենք` նույն դեֆիլեն ներկայացնել նաեւ Ֆրանսիայում”: Վրացի երկու մոդելները` Մարիաննան եւ Էտունան միայն լավ խոսքեր ասացին հայերի ու ցուցադրության մասին. “Հիանալի նորաձեւության շոու, հետաքրքիր մթնոլորտ, գեղեցիկ զգեստներ, լավ մարդիկ: Մենք դեռ էլի կգանք Երեւան”, - ասացին աղջիկները: Մոդելների թվում էր սկսնակ հայ մոդել Լենան. “Սա իմ առաջին ցուցադրությունն է: Նոր-նոր եմ մտնում մոդելային աշխարհ: Մյուս մոդելներն ինձանից տարիքով մեծ են ու շատ փորձ ունեն: Իհարկե, նրանց նայելով ինչ-որ բաներ սովորում եմ, ուրախ եմ, որ “Վարդը” ինձ հավանել է ու ընդգրկել այս ցուցադրությանը”,- ասաց 17-ամյա մոդելը: Երգչուհի Նառան ցուցադրությունից հետո իր տպավորությունների մասին խոսեց. “Վատ չէր: Կտորներն ու գունային գամմաները շատ գեղեցիկ էին: Ունեմ իմ ոճը, նախընտրում եմ ավելի էքսցենտրիկ զգեստներ, բայց մի քանիսը կուզեի բեմում հագնել: Դրսում հաճախ ներկա եմ լինում նորաձեւության շոուների, ավելի շատ սիրում եմ իտալական ցուցադրությունները: Հայկական շուկայի համար հագուստները շատ հարմար են, բայց ես ավելի համարձակ մոտեցումներ եմ սիրում: Փնովելը միշտ էլ հեշտ է, ուղղակի ուզում եմ ավելի լավն ու գեղեցիկը տեսնել, որ մոդելավորողներն էլ անեին այն, ինչ ժողովուրդը կուզեր տեսնել, ես էլ ժողովրդի մի մասնիկն եմ”: Երգչուհի Արմինկայի համար շատ սպասված ու թարմ ցուցադրություն էր: Նույնիսկ մի քանի զգեստ ու կոշիկ շատ էր հավանել:). “Նոր անունները, թարմությունը միշտ ցանկալի ու սպասված են: Կարծում եմ` հավաքածուն հաջողված է, ես ամեն մանրուքին ուշադրություն եմ դարձնում: Սպիտակ կիսաանձրեւանոցային զգեստը, սիրամարգային գույներով կանացի դարսերով զգեստը շատ-շատ հավանեցի, մի քանի կոշիկներ էլ կային, որ կուզեի բեմում կրել: Բարի գալուստ հայկական նորաձեւության աշխարհ:)”, - ասաց Արմինկան: “Ատեքս” նորաձեւության կենտրոնի մոդելավորող Միքայել Դանիելյանն իր կարծիքն արտահայտեց ցուցադրության մասին. “Կողջունեմ “Վարդ”-ին, որ նոր նորաձեւության տուն է բացել, ուզում է զարգանալ: Ինձ դուր եկան կտորները, գունային գամման, կոշիկները, հետաքրքիր էլեմենտներ կային, բայց պետք չի մոռանալ ձեւվածքների ու մշակման մասին: Երբ վերցնում եք շատ բարձրորակ կտորներ, դրանց հետ աշխատելն ավելի բարդ է: Հուսով եմ` հետագայում “Վարդը” նորաձեւություն կցուցադրի ոչ միայն գույների ու կտորների միջոցով, այլեւ կլինեն հետաքրքիր ձեւվածքներ, կերպարներ եւ ուրվագծեր”, - ասաց մոդելավորողն ու ավելացրեց, “Եթե ուզում ենք հենց հայկական նորաձեւությունը զարգացնենք, դրա հետ միասին պետք է մոդելային շուկան զարգացնենք, որոնք իրար հետ շատ են կապված”: Նշենք, որ Վարդ Արզաքանցյանը 2003 թվին բացել է իր նորաձեւության տունը Մոսկվայում, այսօր էլ Երեւանում է ներկայացնում իր բրենդը: Նա ցանկանում է ճանապարհ հարթել իր հավաքածուների համար նաեւ եվրոպական երկրներում: Այս հավաքածուն, հավանաբար, շուտով կցուցադրի նաեւ Եվրոպայում, բայց դեռ հստակ հայտնի չէ` երբ եւ որտեղ:): Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: