“Բոլորս մեր այլասերվածությունն ունենք” Խմբի սկանդալային նոր տեսահոլովակը “J love Armenia” երգեց VO.X-ն ու պատմության մեջ ընկավ:): Օրերս կայացավ խմբի նոր` Եղիշե Չարենցի “Ես իմ անուշ Հայաստանի” ստեղծագործության հիման վրա գրված երգի տեսահոլովակի պրեմիերան, ու VO.X-ին մեղադրեցին սեռական փոքրամասնությունների հանդեպ անհանդուրժողականություն քարոզելու մեջ: “Երգը 2007 թվականին եմ գրել, եթերում հնչեց 2008 թվականին, երբ Չարենցի մահվանից 70 տարի էր անցել, ու ըստ հեղինակային իրավունքների մասին օրենքների` կարող էինք օգտագործել, քանի որ ազգային արժեք է: Երաժշտությունն իմն է, այսինքն` շատերը համարում են` երաժշտություն չկա երգի մեջ: Ճիշտ են ասում. ցանկացել ենք մի փոքր երաժշտությամբ, ռիթմի տակ հայկական կանոններին համապատասխան, ճիշտ շեշտադրությամբ արտասանել, որ լավ հիշվի: Սա համար առաջին ստեղծագործությունն է, որ բոլորը գիտեն, ես էլ որոշեցի առանց որեւէ ծաղրի, նոր ինտերպրետացիայով մատուցել… Միաբանության, սիրո մասին կրկներգն իմն է”, - Bravo.am-ին ասաց խմբի վոկալիստ եւ կիթառահար Արամ Րիանը: “Չենք ամաչում ասել այն, ինչ ուզում ենք” “Ես իմ անուշ Հայաստանի” երգի հիման վրա VO.X-ը իր թվով չորրորդ սոցիալական տեսահոլովակն է նկարահանել: Արամն ու Գայան վեր են բարձրացրել թրաֆիքինգի, մարմնավաճառության, աղքատության, թմրամոլության եւ շատ այլ խնդիրներ: Մի կադր էլ կա, որ “այլասերվածություն” գրությամբ սեռական փոքրամասնություններն են ներկայացվում: “Շատ երգեր կան, որ լրիվ աբստրակտ են, ինչ ուզում ես պատկերացրու, բայց տեսահոլովակը, ցավոք, գուցե նեղացնի այդ շրջանակը: Կոնկրետ թեմա ենք առաջարկում, միշտ չէ, որ դա լավ է, բայց եսիմ… Որոշեցինք, որ պետք է սոցիալական տեսահոլովակ լինի: Անդերգրաունդում, կորած, կլուբային վիճակներում չենք, լինելով էստրադայում` փորձում ենք փոխզիջման չգնալ… Մնացածը վատը չեն, ուղղակի մենք չենք ամաչում ասել այն, ինչ ուզում ենք: Այս դեպքում էլ շատ սուր ստացվեց: Նորահայտություն չենք արել: Շատերն ասում են` “սրանք ովքեր են, որ մատնացույց են անում, ոնց որ միայն իրենք գիտեն”: Չէ, բոլորս էլ գիտենք, բայց փորձեցինք էստրադա բերել դա, եկեք մեր աչքերը բացենք նման երեւույթների վրա”,- նշեց Արամը: Ինչքան ուզում ես` ձեւ թափի… VO.X-ը հոգին չի վաճառում VO.X-ին հետամնացության մեջ մեղադրելն խումբն ուղղակի անհեթեթ է համարում. “Առաջ շրջապատում մենք էինք թելադրում` զարգացած լինելն ինչ է, հիմա մեզ են քննադատում` “վայ, հետամնաց եք, 21-րդ դարն է, ինչե՞ր եք ասում: Մենք էլ, մի կողմից բավական զարգացած ու աշխարհ տեսած լինելով, ինչպես ասում են, “դրսերում ապրած”, պտտվեցինք ու սկսեցինք տարազատել ճիշտն ու սխալը, հասկացանք, որ որոշ դեպքերում նախընտրում ենք պահպանողականությունը, որոշ չափով ավանդականությունը, որովհետեւ կա նորաձեւություն, զարգացվածություն, բայց նաեւ ներքին խիղճ ու բարոյականություն. ինչքան ուզում ես ձեւ թափի, բայց պետք է հոգիդ վաճառես, որ այդ կոմպրոմիսին գնաս: Դեռ չի ստացվում մեր հոգիները վաճառել:), գուցե լավ գին չի առաջարկվել, չենք կարող”: VO.X-ը չգիտի` կարգելվի տեսահոլովակի հեռարձակումը, կամ գուցե իրենց դատի տան, բայց խնդրում է հիշել, որ իրենք էլ կարծիք արտահայտելու իրավունք ունեն: «Կարծում եմ, որ բոլորը պոտենցիալ ձեւով ինձ հետ համամիտ պետք է լինեն, կառավարությունն էլ. բոլորի բարոյականությունն էլ նույնն է, փորձում ենք առողջ մտածել… Իսկ եթե այլ կարծիքի են, թող հասկանան, որ մենք էլ մեր կարծիքն ունենք, ու եթե ասում են` մենք իրենց ճնշում ենք կոպիտ ձեւով, թող իրենք էլ մեզ չճնշեն»,- ասաց Արամը: «Եթե առաջին քրիստոնեական երկրում տարրական քրիստոնեական կարծիք հայտնելն ու արտահայտելը մեղք է, ապօրինի է, եթե երեսիս դա պաշտոնապես ասեք, իմ ձեռքով եթերից կհանեմ տեսահոլովակը: Գուցե այսքան ժամանակ օդերում եմ ապրել, չեմ հասկացել, որ այսքան փոխվել է մեր երկիրը”: “Ես իմ անուշ Հայաստանի” երգի տեսահոլովակը խմբի անդամները տեստ-ինդիկատոր են համարում. “Ես սուպերքրիստոնյա չեմ, որ իրավունք ունի Աստծուն ներկայացնել, այլ շարքային քրիստոնյա երեւանցի եմ, մեր ծնողներն այդպես են մեզ մեծացրել… Չգնանք մոդայիկ, իմիջային բաների հետեւից: Որպես ազգ արյան գնով ձեռք բերած մեր անհատականությունը վերցնես ու ամեն ինչ կորցնե՞ս քաղաքական պատճառներով, որ Եվրոպայի մաս դառնաս, Ամերիկայի աջակցությունն ունենաս, շատ ցավալի է, չգիտեմ` լուծումը որն է”: Եվրոպայում նման քայլ կատարելու համար խումբը նույնիսկ կբանտարկվեր. “Ես youtube տեսահոլովակ եմ գցում ու հատուկ նշում, որ սա վերաբերում է միայն Հայաստանին: Որովհետեւ այս մի կտոր հողի վրա ես ուզում եմ պահպանել այն արժեքները, որ մնացել են: Կարծեցին` փոքրամասնություններին ճնշում, ոտնահարում ենք, նման բան չկա, մեզ ճանաչողները գիտեն, որ մենք այդպիսին չենք, նույնիսկ փոքրամասնության ներկայացուցիչ ընկերներ ունենք: Տեսահոլովակում մատնանշվում են մարմնավաճառությունը, թմրամոլությունը, մենք երեւույթն ենք ատում… Իմ ընկերների մեջ էլ թմրամոլներ կան, իրենց երեսին ասում եմ` “այլանդակ դեմքեր եք, սխալ բան եք անում, բայց ես ձեր համար գժվում եմ, կյանքս էլ կտամ ձեզ համար”: Անձին պետք է անջատել երեւույթից, ցավոք, դա չեն հասկանում”,- ասաց Արամը: VO.X-ի վոկալիստուհի Գայան կասկածել է, որ նման բուռն ձեւով կքննադատեն իրենց: “Հենց այդ կադրը ասում էի` պետք չի: Դեմ եմ եղել ուղղակի իմ բնույթից ելնելով, կոնֆլիկտներ չսիրելու պատճառով: Ես ցավում եմ, որովհետեւ տեսահոլավակում շատ հարցեր ենք բարձրացրել, ստացվում է` բոլոր հարցերը մի կողմ գնացին, միայն դա մնաց: Կարծում եմ` կրքերը կթեժանան մի պահ ու կհանդարտվեն, ոնց որ միշտ: Դատարանի պահով էլ բան չեմ կարող ասել, երբեք մի ասա երբեք”,- նշեց Գայան: Արամն էլ ավելացրեց. “Եթե նստացնեն, երկրպագուները մեզ վատ չեն նայի”: “Առաջինը կվազեմ փոքրամասնություններին պաշտպանելու” Հինգ տարի առաջ VO.X-ը նման տեսահոլովակ չէր նկարահանի: Պարզապես այդ ժամանակ Հայաստանում չէին:). “Երբ նոր եկանք Եվրոպայից, այն մարդկանցից էինք, որ աջակցում էինք ազատությանը… Հիմա էլ, եթե վաղը բռնության ակտ գրանցվի փոքրամասնությունների դեմ, ես առաջինը կվազեմ , որ իրենց պաշտպանեմ, բայց դրանով հանդերձ կատակով կասեմ` “եղբայր ջան, դու այլասերված ես, ինձ համար դա այլասերվածություն է… Ես էլ, կներեք, դուք էլ, Գայան էլ, բոլորս մեր այլասերվածությունն ունենք, ու պետք չի վիրավորվել այդ բառից, նորմայից յուրաքանչյուր շեղում այլասերվածություն է, կարող է արվեստում իմ ճաշակն էլ` էրոտիկ, թե եսիմ ինչ, այլասերվածություն է համարվում: Ցանկացանք, որ մեր երեխան այստեղ մեծանա, նոր տեղափոխվենք արտասահման. աշխարհում մնացած միակ կտորներից է, ուր կարող ենք երեխային լավ մեծացնել, որովհետեւ, եթե Անգլիայում կամ Իսպանիայում մեծանար, ուղղակի կատաստրոֆա կլիներ: 8 տարեկան է աղջիկս”,- ասաց Արամը: VO.X-ը չի դադարելու սոցիալական տեսահոլովակներ նկարահանել, բայց Արամն ասում է` դա պարտադիր պայման չէ. “Կարող է ուրիշ տրամադրությունն լինի, ջրիկ, ռոմանտիկ բան անենք, բայց հենց որոշենք, որ այդ պահին բան ունենք ասելու, պետք է անպայման ասենք” Մենք եմ ասում, բայց հիմնականում “դաժան”, վատ մտքերն իմ դեպքում են գալիս, Գայան շատ խաղաղասեր է…”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: