×


«Բիթլզ»-ի հայ երկրպագուները նշանավորել են լեգենդար խմբի ալբոմի 50-ամյակը

Հայ բիթլոմաններն օրեր առաջ երեւանյան «The Beatles» փաբում նշել են լեգենդար խմբի «Sergeant Pepper's Lonely Hearts Club Band» ձայնասկավառակի թողարկման 50-ամյակը։

«The Beatles» փաբում նշել են լեգենդար խմբի «Sgt. Pepper`s Lonely Hearts Club Band» ալբոմի թողարկման 50-ամյակը


«The Beatles» փաբի տնօրեն, մասնագիտությամբ ծրագրավորող Դավիթ Ալանակյանն ու երաժիշտ Սուրեն Սարգսյանը նախաձեռնել էին միջոցառում՝ ոչ սովորական երաժշտական ծրագրով։ Ելույթ են ունեցել «InRock» կվինտետն ու Սուրեն Սարգսյանը։ Համերգի յուրահատկությունն այն էր, որ երաժիշտները նվագել են ալբոմի բոլոր ստեղծագործությունները:

«Աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվել են ալբոմին նվիրված երեկույթներ, բայց չենք տեսել, որ բոլոր գործերը հնչեցնեն։ Դասական ու ռոքային հետաքրքիր հնչողություն էր։ Նաեւ դիտել ենք խմբի մասին նկարահանված նոր ֆիլմերից հատվածներ ու լուսանկարվել հանրահայտ ալբոմի շապիկով»,-BRAVO.am-ին հայտնել է Դավիթ Ալանակյանը։

«The Beatles» փաբում նշել են լեգենդար խմբի «Sgt. Pepper`s Lonely Hearts Club Band» ալբոմի թողարկման 50-ամյակը


Նրա փոխանցմամբ՝ առիթը բաց չեն թողնում նշելու սիրելի խմբի հոբելյանները. «Միշտ նշում ենք Ջոն Լենոնի ծննդյան օրը, առաջիկայում կնշենք խմբի մյուս անդամների, նաեւ հաջորդիվ թողարկված ալբոմների 50-ամյակները։ Փորձում ենք ստանդարտից դուրս երեկույթներ անել: Մեզ համար նշանակալից էր, որ «Բիթլզի» պաշտոնական «ֆեյսբուքյան» էջը, որն ունի ավելի քան 40 միլիոն հետեւորդ, լայքել էր մեր այս միջոցառման հղումը»։

Տեքստը՝ Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Օֆելյա Ջանիբեկյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին