×


«Պահապաններ» տեսահոլովակի նկարահանումներին

«Գիշերները սարսափելի ցուրտ էր, չէինք քնում, խոնավ հագուստով էինք նկարվում». Թամարա Պետրոսյան

«Արցախի ձայներ»-ի համար 2017 թվականն ակտիվ աշխատանքային էր. խումբը հյուրախաղեր է ունեցել եվրոպական քաղաքներում, կատարողները մասնակցել են միջազգային մրցույթների, մասնավորապես՝ Միշան «Մանկական Եվրատեսիլ»-ին, Էռնան՝ «Նոր ալիք»-ին, տարին էլ եզրափակում են «Պահապաններ» տեսահոլովակով։

«Արցախի ձայներ»-ի անդամ, դերասանուհի Թամար Պետրոսյանը BRAVO.am-ի հետ զրույցում բացել է վերջին աշխատանքի  հետ կապված մի շարք փակագծեր կադրից դուրս մնացածի մասին։ «Պահապաններ» երգի երաժշտության ու խոսքերի հեղինակն Արտեմ Վալտերն է, տեսահոլովակը նկարահանել են ողջ թիմով, ի դեպ, թիմային են խմբի բոլոր աշխատանքները.«Դեռեւս միայն դրական ու հիացական կարծիքներ ենք լսել։ Ոմանց համար զարմանալի է, որ մենք ենք զբաղվում բեմադրությամբ, կերպարներով ու ռեժիսուրայով, նույնիսկ սանրվածքն ու դիմահարդարումը մեր մտահղացմամբ իրականացնում են հմուտ մասնագետները։ Ինչպես նախորդ հոլովակների դեպքում, այս անգամ էլ բոլորս համատեղ աշխատել ենք»։

Թամարա Պետրոսյանը


Օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է, բեմադրությունն արել է Արամ Մուսայելյանը, ոճն Օքսաննա Բաբուրյանինն է, ռեժիսորն ու պրոդյուսերը Լիրա Քոչարյանն է.«Երբ նոր երգը լսում ենք, Լիրա Քոչարյանը հարցնում է, թե ով ինչ է պատկերացնում, յուրաքանչյուրս մեր գաղափարը բարձրաձայնում ենք ու գալիս ընդհանուր եզրակացության, որն էլ առաջարկում ենք օպերատորին։ Մեզ մոտ միապետություն չէ, ամեն ինչ թիմային է՝ առողջ գաղափարների բախումներով ու լուծումներով»։

Անտառային տեսարանները նկարահանել են Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոնի եւ Չլդրանի անտառներում։ Նկարահանման երեք օրվա ընթացքում երիտասարդներն արկածների ու խոչընդոտների միջով են անցել.«Շատ ծանր էր, քանի որ նախապատրաստվելու ժամանակ գրեթե չունեինք, միայն մոտավոր ընտրել էինք տեղանքները։ Գիշերը երեք-չորս ժամ էինք քնում, առավոտյան ժամը հինգին հասնում վայրի անտառներ։ Հունիսին բնությունը շատ գեղեցիկ էր՝ ամենածաղկուն շրջանն էր, բայց գիշերը սարսափելի ցուրտ էր, անձրեւ էր գալիս, խոնավ հագուստով էինք նկարվում։ Խոստովանեմ, որ արդյունքն ինձ դուր է գալիս, հատկապես բնությունը, հասկանում եմ, թե ինչու մեր ոչ բարենպաստ հարեւանները ձեռք չեն քաշում Արցախից։ Այս դրախտային անտառները Վարդենիս-Մարտակերտ ճանապարհին են, եւ, ցավոք, գնալիս չենք խորանում ու վայելում։ Իրականում այնքան սիրուն վայրեր բացահայտեցինք, որ չէինք ուզում տուն գնալ»։

«Պահապաններ» տեսահոլովակի նկարահանումներին


Տեսահոլովակի հետաքրքիր տեսարաններից մեկն Արցախի ամենահին ու հայտնի Տնջրի ծառն է, որը մոտ 2030 տարեկան է.«Աշխատանքի ընթացքում հոգնածություն գրեթե չէինք զգում, պատճառը բնությունն էր, մենք այնքան ճիշտ շրջանառության մեջ էինք, այնքան էներգիա էինք ստանում, որ նույնիսկ չքնելով, անտառում ոգեւորված նկարվում էինք։ Երգի բառերը լիովին զգում էինք, ոչ թե խաղում։ Բազմաթիվ կադրեր տեղում էինք որոշում ստանալ, պլանավորածն ու չպլանավորածն իրականացնել, իսկ ձիերի ու մեր թռիչքներն ամբողջությամբ իմպրովիզ են»։

Թամարան պատմել է, որ ամռանը եվրոպական համերգներից մեկ շաբաթ առաջ նկարահանել են երկու տեսահոլովակ՝ «Պահապաններ»-ն ու նախորդ՝ «Ես եմ» երգի հոլովակը.«Ժամանակը քիչ էր, պայմանները՝ սուղ, բայց մաքսիմալ աշխատանք ենք արել։ Շնորհակալ ենք բոլոր աջակիցներին, որ ուզում էին լավագույնն ու ամենագեղեցիկը ստանալ։ Ներկա էին մեր խմբի անդամների ծնողները, մեզ հետ գիշերում էին, ուտելիք էին ուղարկում կամ պատրաստում, «ծնողական կոմիտեն» կադրից դուրս ակտիվ մասնակցում էր, կարծում եմ՝ չարչարանքներն ապարդյուն չէին»։

Թամարա Պետրոսյանը


«Արցախի ձայները» նախապատրաստվում են Ամանորի համերգներին։ Արցախցի երգիչները դեկտեմբերի 31-ին ելույթ կունենան Ստեփանակերտում.«Ժողովրդի համար ամենամյա համերգ է, որին մասնակցում են պարային խմբեր ու տարբեր երգիչներ։ Մեզ համար իսկական տոն է, ուտում-խմում ենք, երգում ենք, նորից հավաքվում ենք սեղանի շուրջ։ Առհասարակ, համերգները միշտ էլ տոն են:)», - եզրափակել է Թամարան։

BRAVO.am
Լուսանկարները՝ «Արցախի ձայներ»-ի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին