×


«Գրքաբաց» նախագծի բացմանը

«Գրքաբաց»-ի գրկաբաց բացումը՝ Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցում :)

«Գրքաբաց» նախագիծը գրկաբաց ընդունում է ընթերցասեր մանուկներին. այսօր առավոտյան մեկնարկեց ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների նախաձեռնած «Գրքաբաց» ծրագիրը: Կազմակերպիչների կողմից առաջինն ընտրվել է Աշոտ Նավասարդյանի անվան 196 դպրոցը, որտեղ այսօրվանից գործում է գունազարդ պատերով եւ հեքիաթային մթնոլորտով դասասենյակը։

«Գրքաբաց» նախագծի բացմանը


«Գրքաբաց» նախագծի բացման միջոցառման համար կամավորները երկար էին պատրաստվել։ Նախապես հայտարարված առցանց մրցույթում հաղթող ճանաչված Երեւանի Աշոտ Նավասարդյանի անվան N 196 դպրոցի դասասենյակներից մեկը դարձել է գունեղ ու պատկերազարդ, պատերին հայտնի գրքերի սիրելի հերոսներն են։ Դասասենյակի վերանորոգման ու նկարչական աշխատանքները կատարվել են կամավորական հիմունքներով:

Գրադարակներում` հայերեն հեքիաթներ, պատմվածքներ ու առակներ, հեքիաթների հերոսների պատկերներով գունեղ միջավայր, փայտե կտորներ, որոնց վրա առաջին հյուրերն ու աշակերտները գրել են իրենց անունները ու կախել խորհրդանշական ծառից։

«Գրքաբաց» նախագծի բացմանը


Երիտասարդները նպատակ ունեն նախագիծը շարունակել սահմանամերձ գյուղերում.«Շատ ենք ցանկանում հետաքրքրություն սերմանել դեպի գիրքն ու ընթերցանությունը, նորից վերականգնել կարդալու մշակույթը։ Նաեւ կապ կստեղծենք երիտասարդ արհեստավարժների ու մանուկների միջեւ։ Մենք պարբերաբար կայցելենք նոր գրքերով, այստեղ կկազմակերպենք միջոցառումներ մշակույթի տարբեր գործիչների հետ, որոնք օրինակ կծառայեն աշակերտներին», - պատմել է երիտասարդ արհեստավարժների երեւանյան խմբի համակարգող Իզաբելլա Մերաբովան։

ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանն ու Աշոտ Նավասարդյանի անվան 196 դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանը կտրել են կարմիր ժապավենն ու ներս հրավիրել ներկաներին.«Մենք կողքից հետեւել ենք կամավորների աշխատանքին, հուսով եմ՝ աշակերտներն այստեղ կխաղան, գրքեր կկարդան, ինչու ոչ՝ չարաճճիություն կանեն։ Կարեւոր է, որ երեխաներն էլ գիտակցեն ընթերցանության կարեւորությունը, ուրախ եմ, որ հայ դպրոցի տնօրենն ու ուսուցիչները լավ օրինակ են ծառայում»։

«Գրքաբաց» նախագծի բացմանը


Հաղորդավար-լրագրողներ Էրիկ Անթառանյանն ու Տիգրան Դանիելյանը եւս գրքեր նվիրեցին։ Առաջին նվիրատուներից էին նաեւ «Բուկինիստ» գրախանութի մարքեթինգի ղեկավար Անի Ղազարյանն ու Դավթաշենի հանրային գրադարանի տնօրենը։ Էրիկ Անթառանյանը փոքրիկների համար բերել էր հայ ժողովրդական հեքիաթների ժողովածու.«Գիտեմ, որ երեխաները սիրում են կարդալ դինոզավրերի, աշխարհագրության, հետաքրքիր պատմությունների մասին, բայց հեքիաթներում կա այդ ամենը միասին»։

Աշոտ Նավասարդյանի անվան 196 դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանը կարծում է՝ նոր նախագիծն ու դասասենյակի մթնոլորտը կնպաստեն ընթերցասիրությանը. «Շատ եմ սիրում նոր նախաձեռնություններ, այդ պատճառով համացանցում արձագանքեցի երիտասարդների գրառմանը, ինչից հետո ընտրվեց մեր դպրոցը։ Նախկինում այս սենյակը հատկացվել էր երկարօրյա խմբին, այժմ ավելի հաճելի դասասենյակ կլինի բոլոր աշակերտների համար։ Կազմակերպիչների հետ պայմանավորվածություն ունենք, որ այստեղ լինեն ընթերցանության միջոցառումներ ու դասեր, հետաքրքիր մրցույթներ։ Այժմ տարածված կարծիք կա, որ նոր սերունդը կարդալ չի սիրում, տեղեկատվական տեխնոլոգիաները գրավել են գրքերի տեղը, բայց ուրախ եմ, որ հենց երիտասարդները նախաձեռնեցին ընթերցանությանը նվիրված դասասենյակի ձեւավորումը։ Երեխաները չեն ծնվում ինչ-որ արժեքներով, մենք ենք նոր սերնդին փոխանցում եւ խրախուսում այդ արժեքները։ Եթե խթանենք գիրք կարդալը, կարծում եմ՝ սիրով կկարդան»։

«Գրքաբաց» նախագծի բացմանը


Այս դասասենյակում պարբերաբար կհյուրընկալվեն մշակույթի ոլորտի տարբեր ներկայացուցիչներ եւ դպրոցի երեխաների հետ կանցկացնեն հեքիաթների, պատմվածքների ընթերցումներ: Գրքաբացը ոչ միայն ընթերցանության նոր մշակույթ է երեխաների համար, այլեւ մտքերի փոխանակման նոր ու ժամանակակից հարթակ: Հանդիսավոր բացմանը ներկա էին դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները: Մեզ հետ զրույցում երեխաները ուրախությամբ նշեցին, որ շատ են հավանում նոր դասասենյակն ու թվարկեցին իրենց սիրելի հեքիաթները՝ «Անբան Հուռին», «Քաջ Նազարը», «Կարմիր գլխարկը», «Մոխրոտը» եւ այլն։

ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժները նպատակ ունեն զարգացնել «Գրքաբաց» ծրագիրը եւ հաջորդ դասասենյակները կբացվեն մարզերում գտնվող դպրոցներում եւ Արցախում.«Նկարազարդել ենք մեր ուժերով, մեր միակն նկարչուհին Անահիտ Ըռքոյանն է, նրա շնորհիվ բոլորս նկարել սովորեցինք ու անցանք գործի։ Երբ բարեգործական համերգին մի փոքր գումար հավաքվեց, գնեցինք շինարարական նյութերն ու ներկերը, ամեն բան արվել է 15 կամավորների շնորհիվ՝ սկսած բարձերից մինչեւ սեղան-աթոռ։ Ծառի մոտ՝ փայտե աթոռին նստած, կկարդանք հեքիաթներ», - ասել է ծրագրի կամավոր Ինգա Վարդանյանը։

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների  համաշխարհային ցանցը ստեղծվել է 1995-ին, երեւանյան խումբը, համաշխարհային ցանցի մի մասն է կազմում, որը ստեղծվել է 2007-ին:  Աշխարհի ամենամեծ երիտասարդական ցանցն է, որը ամբողջ աշխարհով ունի ավելի քան 18.000 կամավոր:  Կամավորների գործունեության հիմնական նպատակն է իրականացվող ծրագրերի միջոցով զարգացնել Հայաստանի տարբեր ոլորտները ՝ կրթական, մշակութային, քաղաքական եւ այլն:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին