×


Թամար Կապրելյանը

«Եվրատեսիլյան նոր երգի կրկներգը բազմիցս փոխել ենք, խենթություն է». Թամար Կապրելյան

«Genealogy» խմբի կազմում Հայաստանը «Եվրատեսիլ 2015»-ին ներկայացրած Թամար Կապրելյանը մասնակցելու է «Դեպի Եվրատեսիլ 2018» նախագծին։ ԱՄՆ-ում ծնված, իր հայկական արմատներով հպարտացող երգչուհու երգը պատրաստ է, արդեն աշխատում է բեմադրության վրա, այս օրերին Երեւանում է՝ այն ներկայացնելու իր թիմին։

Թամարի երգը կոչվում է «Թույն արի», որը միասին ստեղծել են ԴերՀովան, Սեբու Սիմոնյանը, «Նվակ» ծրագրի երիտասարդ երգահանները: Ելույթի բեմադրության գեղարվեստական ղեկավարը Մեծ Բրիտանիայում հայտնի պարուսույց Արթուր Գուրունլյանն է։

Թամար Կապրելյանը


31-ամյա երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ «Թույն արի» երգի ստեղծումը երաժիշտները սկսել են հինգ ամիս առաջ.«Ի սկզբանե վերնագիրը «Թույն արինք» էր, բայց մի քիչ փոփոխեցինք։ Երգը հանկարծակի հայտնված սիրո մասին է, այն սիրո, երբ չգիտես՝ լավ է քեզ համար, թե՞ վատ: Երբեմն սերը թույնի պես թունավոր է լինում, բայց պիտի կարողանաս հաղթահարել։ Սեբուն մեր «Նվակ»-ի ուսանողներին ամռանը երաժշտական օրինակ էր ուղարկել, որի վրա նրանք պետք է երգ գրեին: Մեր երգահաններից մեկը հրաշալի մեղեդի ստեղծեց, որից հետո ԴերՀովան նոր մշակման ենթարկեց, այդպես էլ ամեն ինչ սկսվեց: Հետո հասկացանք, որ յուրահատուկ երգ է ստացվում։ Մենք ոճային առումով տարբեր ենք, այս երգն ինձ համար նորություն է, անհամբեր եմ, թե երբ է հանդիսատեսը լսելու, մեծ հույս ունեմ, որ կսիրվի։ Շատ մանրակրկիտ ենք աշխատել, կրկներգը բազմիցս փոխել ենք, կարծեմ, 200 տարբերակ ունենք, խենթություն է»։

Թե ինչու է որոշել «Եվրատեսիլ 2018»-ին մասնակցել, Թամարը պատասխանել է, որ ցանկանում է եվրոպական բեմում եւս մեկ անգամ հնչեցնել Հայաստանի անունը եւ իր աշխատանքով հայերին հպարտանալու առիթ տալ.«Նախորդ մասնակցությունից հետո երկու տարվա ընթացքում տարբեր գործեր եմ արել, փորձ եմ կուտակել, ոգեւորված ուզում եմ կրկին մասնակցել։ «Եվրատեսիլը» հրաշալի հարթակ է, ուզում էի այնպիսի երգ ներկայացնել հայ տաղանդավոր երաժիշտների հետ, որ Հայաստանին հպարտանալու առիթ տամ։ Այս ամռանը «Նվակ»-ի շրջանակում ԴերՀովայի հետ հիանալի համագործակցություն ունեցանք։ Ես բացահայտեցի, որ հետաքրքիր տաղանդներ կան այստեղ, որոշեցի հենց մեր համագործակցությունը ներկայացնել «Դեպի Եվրատեսիլ»-ին։ Ուրախ եմ, որ այս տարի ձեւաչափը մի քիչ փոխել են, որ յուրաքանչյուր արտիստ իր երգով է ներկայանալու, որովհետեւ ոչ թե կատարողների, այլ երգի մրցույթ է»։

Թամար Կապրելյանը


Երգչուհին, լինելով եվրատեսիլյան բեմում «Genealogy» խմբի կազմում, վստահ է իր ուժերին.«Ցեղասպանության 100-րդ տարին էր, մեզ համար պատասխանատու էր։ Այդ տարվանից հետո բերանիս մեջ համ մնաց այդ մրցույթի հանդեպ։ Ուզում ենք իմ երգով նորություն բերել, եւ քանի որ «Եվրատեսիլն» իր ձեւաչափն ունի, մենք էլ համապատասխան երգ ենք ստեղծել, բայց հայկական ու ժամանակակից տարրերով»։
 
«Դեպի Եվրատեսիլ»-ը կկայանա փետրվարին: Այս եթերաշրջանում երգիչներն ու խմբերը պետք է ներկայանան նոր երգերով, որով էլ հաղթելու դեպքում կմասնակցեն Պորտուգալիայում կայանալիք «Եվրատեսիլ 2018»-ին։
 
BRAVO.am
Լուսանկարները՝ Թամար Կապրելյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին