×


Դիանա Մալենկոն եւ Մադոննա Հարությունյանը

«ՀայՖեստ 2017»-ի վրացական բացումը, հայտնի հյուրերն ու անվճար ներկայացումները

«Մենք 15 տարեկան երիտասարդ ենք» խորագրով երեկ պաշտոնապես բացվեց  «ՀայՖեստ 2017» միջազգային թատերական փառատոնը։ Ստեղծագործական թիմն այս տարի եւս ներկայանում է ժամանակակից լուծումներով։ Պաստառներում օգտագործել են տարբեր պիեսների հայտնի արտահայտությունները՝ որպես հեշթեգներ, ինչպես օրինակ՝ #ԻջեքԻջեքԵրազներ, #ԼինելԹեՉլինել, #AllTheWorld'sAStage #Ի՞նչԲարաթ, #ТеатрначинаетсяСВешалки եւ այլն։

Արթուր Ղուկասյանը


Միջազգային փառատոնի հիմնադիր-նախագահ Արթուր Ղուկասյանը, ավանդույթի համաձայն, ներկաներին ողջունեց հայերենով ու անգլերենով` նշելով, որ այս տարի կոստյում-փողկապի փոխարեն «ՀայՖեստ»-ի շապիկով է։ Այս անգամ նրա շնորհակալությունների ցանկը մեծ էր՝ աջակիցներից, գործընկերներից մինչեւ տեղեկատվական հովանավորներ.«Մենք 15 տարեկան դեռահաս ենք: Այսօր զարմացնում ենք դահլիճի դատարկ աթոռներով, որովհետեւ այսօր Գյումրի քաղաքի օրն է, այնտեղ են գնացել կառավարության անդամները, ինչը նշանակում է, որ ազատ տեղեր ունենք, կարող են ուսանողները նստել։ Այս տարի շնորհակալություններիս ցանկը մեծ է, առաջին հերթին շնորհակալություն հանդիսատեսին, որ մեզ էներգիա է տալիս եւ դրդում, որ այս ամենն անենք։ Շնորհակալություն Երեւանի քաղաքապետարանին, հուսով եմ՝ ապագայում մեզ կաջակցեք, չմոռանամ ասել՝ 15 տարվա ընթացքում 3 անգամ ֆինանսավորում ստացել ենք»։

Փառատոնը բացվեց Սուխումիի դրամատիկ թատրոնի «Յակիշ եւ Պուպչե» վրացական բեմադրությամբ՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։ Երեւանում այն ուղեկցվում էր ռուսերեն ենթագրերով։ Բեմադրիչ Դավիթ Սակվարելիձեի ներկայացման հիմքում ընկած էր Հանո Լեւինի «Յակիշ եւ Պուպչե» պիեսը, որը մռայլ կատակերգություն է տգեղ ու աղքատ Յակիշի մասին, ում ծանոթացրել էին իր նման Պուպչեի հետ: Պատմությունը սկսվում է այն պահից, երբ այս երկուսի հարազատները պարզում են, որ նրանք չեն կարող իրականացնել մահկանացուների առաջ դրված աստվածային պատվիրանը, որն է՝ «եղի´ր բեղմնավոր եւ բազմացի´ր»: Հուսահատ զույգը փորձում է ելք գտնել: Ներկայացման պրեմիերան կայացել է այս տարվա հուլիսին։

«ՀայՖեստ 2017»-ի բացմանը


Մինչեւ հոկտեմբերի 8-ը «ՀայՖեստ»-ը կհյուրընկալի 20 երկրից ժամանած  մասնակիցների ու հյուրերի, այդ թվում՝ հեղինակավոր արտմենեջերների, ռեժիսորների, միջազգային փառատոնի նախագահների Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Իտալիայից, Բուլղարիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Իսրայելից, Գերմանիայից, Հունաստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից եւ այլ երկրներից: Երեւանյան 12 բեմահարթակում կցուցադրվի շուրջ 50 ներկայացում: 2003 թվականից ամեն տարի անցկացվող փառատոնն այս տարի հյուրընկալում է շուրջ 36 թատերական ու պարային խմբերի։

Պաշտոնական բացմանը Թատերական գործիչների միության նախահագ Հակոբ Ղազանչյանը ՀԹԳՄ ոսկե մեդալ շնորհեց Արթուր Ղուկասյանին՝ հայ ժամանակակից թատերարվեստի միջազգայնացման գործում ունեցած մեծ ավանդի համար եւ «Հայֆեստ» միջազգային փառատոնի 15-ամյակի առթիվ. «Հիշում եմ «ՀայՖեստ»-ի առաջին տարիները, ես զուգահեռ սկսում էի «ԱրմՄոնո»-ն, հիշում եմ՝ ինչ դժվարությունների միջով էինք անցնում, բոլոր նախադրյալները կային, որ այս փառատոնը չկայանար, քանզի շատերը չէին հասկանում՝ ինչի համար է «ՀայՖեստ»-ը, բայց Արթուրի սկզբունքայնությունը, էներգիան ու հավատը հաղթեցին, փառատոնն այսօր կա, շարունակում է միջազգային թատերական աշխարհում կապեր ստեղծել»։

Ինչպես տեղեկացրեց Արթուր Ղուկասյանը, արտասահմանյան ներկայացումների մուտքն այս տարի վերջին անգամ անվճար կլինի.«Վերջին տարիներին «ՀաՖեստը» տոմս չի վաճառել, բայց հաջորդ տարի արտասահմանյան ներկայացումների մուտքը վճարովի կլինի, իսկ հայկական թատրոնները մասնակցում են խաղացանկային ներկայացումներով եւ իրենք էլ վաճառում են տոմսերը: Թեեւ համարում եմ`պետք է վաճառել տոմս, բայց նաեւ մտածում եմ, որ փառատոնը սոցիալական ու կրթական ֆունկցիա ունի, ուստի տոմսը կարժենա 500 դրամ, որ մարդիկ չսովորեն՝ անվճար է, ուրեմն գին չունի։ Տարբեր երկրներում տարեկան դիտում եմ ավելի քան 400 ներկայացում, փառատոնի համար ընտրելիս առաջնորդվում եմ, որ լեզուն չհասկանալու դեպքում հանդիսատեսի համար վիզուալ հետաքրքիր լինի։ Նաեւ մտածում ենք ֆինանսական հարցրի մասին, թե տվյալ խմբին հրավիրելը ինչքան ծախսատար կլինի»:

Հրանտ Թոխատյանը՝ դստեր հետ


Կազմակերպիչները փառատոնի ցանկից առանձնացնում են դիտելու արժանի  ներկայացումներ՝ «Չի Տուլա Լիմնիոս» թատրոնի «Տեմպուս ֆուգիտ»-ը (Գերմանիա), «Կանդոկո» թատրոնի «Դու եւ ես գիտենք»-ը (Մեծ Բրիտանիա), Երեւանի Կամերային թատրոնի «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումը։ Երեւանյան թատրոններից հիմնական ծրագրում հանդես կգան Թումանյանի անվան տիկնիկային, Կամերային, «Փոքր» եւ «Միհր» թատրոնները:

Մինչեւ հոկտեմբերի 8-ը հնարավորություն ունեք դիտել դրամատիկական, երաժշտական, պարային, մուլտիմեդիա, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, կրկեսային, մանկական, բացօթյա ներկայացումներ, նաեւ մասնակցել վարպետության դասընթացների։ Փառատոնի ծրագրին ծանոթացեք այստեղ ու դարձեք երեւանյան թատերական շաբաթվա մասնակիցը:  

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին