×


«Նվակ»-ի անձրեւոտ ու թեժ համերգը Երեւանի ամառային դահլիճում

Թամար Կապրելյանն արդեն երկրորդ տարին «Թումո»-ում իրականացնում է «Նվակ» երաժշտական ծրագիրը։ Ամերիկահայ երգչուհու հիմնադրած նախագծի մասին նախորդ ամռանը պատմել ենք, թե ինչպես են թումոցիները սովորում մեղեդիներ ու բառեր գրել, գործիքավորել՝ սկսած երգեցողությունից մինչեւ երաժշտական արտադրություն։

«Նվակ»-ի համերգին


Հուլիսի 7-ին «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում տեղի ունեցավ երաժշտական դասընթացի ավարտական համերգը։ Երկարատեւ ընդմիջումից Երեւանի սրտում գտնվող բացօթյա դահլիճը նոր սերնդի շնորհիվ նոր շունչ էր ստացել։ Անձրեւոտ օրվա պատճառով տեխնիկան վնասվել էր, բացօթյա համերգը նախատեսվածից ուշ սկսվեց, բայց մթնոլորտը թեժ «թումոյական» էր։ 

Այս տարի նույնպես պատանիները երաժշտական հմտություններ են ձեռք բերել ոչ միայն Թամարի, այլեւ ԱՄՆ-ից ժամանած բարձրակարգ մասնագետների՝ պրոդյուսերներ Էնդրյու Ֆոքսի ու Էվան Ֆեյսթի, նաեւ գործիքավորող-պրոդյուսեր ԴերՀովայի աջակցությամբ։

«Նվակ»-ի համերգին


Համերգավարը Թումոյի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանն էր, որը պատմեց երկրորդ անգամ անցկացվող նախագծի մասին եւ ազդարարեց մեկնարկը.«Ամառային դահլիճի շրջակայքում ապրող հարեւանները լսում են համերգը, այսօր շատ ենք աղմկում, կներեք ու շնորհակալություն համբերության համար։ Տեխնիկական խնդիրներ առաջացան, բայց կարգավորեցինք ու պատրաստ ենք սպասված համերգին»։

Թամարը սրտացավորեն հետեւում էր կազմակերպչական աշխատանքներին, BRAVO.am-ի հետ զրույցում էլ պատմեց, որ այս տարի փոփոխել են ձեւաչափը՝ շեշտը դնելով հեղինակային երգեր ստեղծելու վրա.«Հայաստանում շատ տաղանդներ կան, մենք փորձում ենք նրանց օգնել, որ հենց իրենց գրած երգերը կատարեն, տիրապետեն երգի ստեղծման ողջ ընթացքին։ Անցյալ տարվա երեխեքի հետ կապը պահում ենք, հանձնարարություններ ենք տալիս, նրանցից ոմանք հիմա էլ մասնակցում են»

Թամար Կապրելյանը Հայաստան է եկել ամուսնու հետ, թեեւ «Նվակ»-ի հագեցած օրակարգը թույլ չի տվել շատ վայրեր այցելել, բայց հասցրել են լինել Սեւանում, Գեղարդում, Գառնիում.«Անցյալ տարվա համեմատ այս անգամ ավելի ծանրաբեռնված եմ, բայց Միացյալ Նահանգներից եկած հյուրերիս կցանկանամ տանել Հայաստանի գեղեցիկ վայրերը տեսնելու։ Հուլիսի 11-ին մեկնում եմ, սեպտեմբերին կրկին կվերադառնամ»։

Թամար Կապրելյանը


Երգչուհու առաջարկով ԴերՀովան առաջին անգամ միացել է «Նվակ»-ի թիմին, առհասարակ, առաջին անգամ է աշխատում դեռահասների հետ.«Աշխատում ենք մոտ 35 աշակերտի հետ, արդեն կապվել ու մտերմացել ենք։ Իրենք ստեղծագործում ու երգում են, մենք միայն ուղղություն ենք տալիս, իրենց փոխարեն երգերը չենք գրել։ Համերգից հետո կշարունակենք ձայնագրությունները, ես մասնակցում են գործիքավորման աշխատանքներին»։

ԴերՀովան ցանկանում է աջակցել նոր սերնդի վառ կատարողներին. «Դժբախտաբար, ռաբիսն իշխում է հեռուստատեսությամբ ու մեր շուրջը, ալտերնատիվ նոր սերունդն ուզում է նորություններ անել, բայց չի կարողանում կոմերցիոն շուկա մտնել։ Նպատակ ունենք հնարավորինս աջակցել, իրենք էլ պիտի միմյանց օգնեն, ոչ թե մրցակցեն»։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` tumo.org-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին