×


Շոն Բոբիթը եւ Վրեժ Քասունին

«ՌեԱնիմանիա 2017»-ը շարունակվում է «Վան Գոգի կրքեր»-ով

«ՌեԱնիմանիա 2017» փառատոնի մեկնարկը սպասված էր, պատճառը նաեւ մեծ հետաքրքրություն առաջացրած բացման անիմացիոն ֆիլմն էր։ Միջազգային անիմացիոն կինոյի եւ պատկերապատման արվեստի 9-րդ փառատոնի բացմանը ցուցադրվեց լեգենդար Վինսենթ Վան Գոգի հիշատակին նվիրված «Վան Գոգի կրքերը» ֆիլմը, որը եկել էին դիտելու կինոյի, երաժշտության, արվեստի ներկայացուցիչներ եւ բազմաթիվ կինոսերներ։

«Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում ազատ նստատեղեր չկային, ավելացված աթոռները եւս բավարար չէին, մի մասն էլ ոտքի վրա էր պատրաստ դիտելու սպասված անիմացիոն ֆիլմը։ Հայ հանդիսատեսի արձագանքը հակասական էր, ոմանք էսթետիկական հաճույք են ստացել տպավորիչ աշխատանքից, կինոսերների մի մասն էլ չի հավանել ձգձգված սյուժեն։

Արման Մարգարյանը


«Վան Գոգի կրքերը» կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմն է, որը յուղաներկով ամբողջությամբ նկարվել է կտավի վրա եւ կենդանացնում է Վինսենթ վան Գոգի գեղանկարները։ Ֆիլմի 65 000 կադրերից յուրաքանչյուրը ձեռքով նկարվել է 115 պրոֆեսիոնալ գեղանկարիչների ջանքերով, ովքեր ամբողջ Եվրոպայից հավաքվել են այդ ֆիլմարտադրությանը մասնակցելու համար։

Պաշտոնական բացման արարողությանը հետաքրքիր իրարանցում էր կինոթատրոնի ճեմասրահում. հյուրերը իրենց խոստովանություններն էին գրում ու փակցնում հատուկ ստենդներին. դրանք անկեղծ, երբեմն զվարճալի էին։ Փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին, ողջունելով ներկաներին, իր հերթին խոստովանեց, որ փառատոնի ստեղծման ցանկություն ուներ դեռեւս 2006 թվականին, երբ այն պարզապես թղթին գրված միտք էր, որն անհասանելի էր թվում։ Նաեւ պատմեց, թե ինչպես է «Վան Գոգի կրքերը» հասել երեւանյան մեծ էկրան.«Այս ֆիլմի մոնտաժն ավարտել են անցյալ տարի՝ հոկտեմբերի 27-ին, ես ամբողջ մեկ ամիս պրոդյուսերին համոզում էի, որ բերենք 8-րդ «ՌեԱնիմանիա»-ի բացմանը։ 90 տոկոսով համոզել էի, բայց վերջին պահին որոշեց թողնել այս տարվան, այնպես որ նրան չեմ ներում։ Արդեն պատրաստվում ենք հոբելյանական 10-ամյակին։ Հաջորդ տարի նաեւ Հայաստանի անիմացիայի 80-ամյակն է»։

9-րդ «ՌեԱնիմանիա»-ի բացմանը


Բացման արարողությանը ներկա էր «Վան Գոգի կրքերը» ֆիլմի պրոդյուսեր Շոն Բոբիթը: Նրա համոզմամբ՝ Վան Գոգը համաշխարհային ճանաչում ունեցող դեմք է, այդ պատճառով էլ ֆիլմի ստեղծման գործում մասնակցություն են ունեցել տարբեր երկրների նկարիչներ: Նա ցավով հայտնեց, որ հայ նկարիչների հետ չեն աշխատել, սակայն փառատոնը հիանալի հնարավորություն է ֆիլմը հայ հանրությանը ներկայացնելու համար.«Ուրախ եմ, որ ֆիլմը նախքան ցուցադրությունն արդեն մեծ արձագանք է ստացել Երեւանում՝ «ՌեԱնիմանիա» փառատոնի շրջանակում»։ 

Այս տարի կազմակերպիչները փառատոնին մասնակցելու համար հարյուրավոր հայտեր են ստացել։ Վրեժ Քասունու խոսքով՝ ընդլայնվել է ցուցադրվելիք ֆիլմերի աշխարհագրությունը.«Ներկայացված դիմումների թիվը գերազանցել է նախորդ տարվա դիմումներին, ինչը վկայում է փառատոնի հանդեպ տարածաշրջանում մեծ ուշադրության մասին։ Փառատոնի կարճամետրաժ եւ հեռուստատեսային մրցութային ծրագրերում ընդգրկված է հայկական 5 ֆիլմ: Հայկական հատուկ ծրագիր ներկայացված չէ. մեր արտադրությունն այդքան շատ չէ, որ ամեն տարի հատուկ ծրագիր անենք, չենք էլ ուզում արհեստականորեն ծրագրեր ստեղծել»։

Նարեկ Վան Աշուղաթոյանը եւ Գոհար Գասպարյանը


Մինչեւ նոյեմբերի 3-ն ընթացող փառատոնը կազմված է մրցութային ու ոչ մրցութային ծրագրերից։ Այս տարի առկա է 5 մրցութային անվանակարգ՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն հեռուստատեսային եւ ուսուցողական ֆիլմ», «Լավագույն ավարտական ֆիլմ» եւ «Լավագույն երաժշտական անիմացիոն հոլովակ»։

Ի դեպ, հաշվի առնելով բացման ֆիլմը դիտելու ցանկություն ունեցողների մեծ քանակը, «Վոն Գոգի կրքերը» ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի եւս մեկ անգամ՝ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 20։15-ին։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին