×


Ադամ Բարրոն Գյումրիում հանդես կգա երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված համերգով

Ֆրանսիաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) դեկտեմբերի 7-ին Գյումրիում հանդես կգա Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված համերգով: Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հրավերով երգիչը ելույթ կունենա իր ծննդավայրի Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցում:

Համերգը հարգանքի տուրք է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին, երկրաշարժ, որ 1988 թվականին տեղի է ունեցել հենց դեկտեմբերի 7-ին: Այդ ժամանակ ծննդով գյումրեցի Բարրոն թիվ 37 դպրոցում էր իր եղբոր հետ…

«Արտերկրում բազմաթիվ եկեղեցիներում եմ երգել ու միշտ երազել եմ մենահամերգով հանդես գալ նաեւ այն եկեղեցում, որտեղի բույրը մանուկ հասակից առ այսօր հիշում եմ ու կարոտում: Դեկտեմբերի 7-ի համերգին երգեհոնով ինձ կնվագակցի Հարություն Թագվորյանը»,-նշում է Ադամ Բարրոն:

Ծրագրում ներկայացված են հայ եւ եվրոպացի կոմպոզիտորների գործեր: Ադամ Բարրոն կկատարի ստեղծագործություններ, որոնք Հայաստանում կներկայացվեն առաջին անգամ: Միջոցառումը կրում է «30 տարի անց» խորագիրը: Ադամ Բարրոն, որպես մեր երկրի մշակույթի դեսպան, ցանկանում է նաեւ իր փորձը կատարումների տեսքով փոխանցել երիտասարդ երգիչներին, ուստի կարեւորում է, որ համերգին ներկա լինեն նաեւ նրանք:

Ադամ Բարրոն


Տեղեկացնենք, որ մինչ Գյումրիի համերգն Ադամ Բարրոն Մոսկվայում հանդես կգա «Ավրորա» մրցանակաբաշխության արարողությանը՝ կատարելով Շառլ Ազնավուրի եւ Մարինե Ալեսի ստեղծագործությունները: Այնուհետեւ վերադառնալու է Փարիզ, ապա՝ հայրենիք: Առաջիկայում Բարրոն ելույթ կունենա նաեւ կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկու 180-ամյակին նվիրված համերգին, ինչպես նաեւ երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հիշատակին նվիրված երեկոյին:

Շուտով լույս կտեսնի Ադամ Բարրոյի «Ավե Մարիա» ձայներիզը, որը ներառում է նաեւ մեկ հայկական «Ավե Մարիա»:

Հավելենք նաեւ, որ վերջերս Ադամ Բարրոյի միջազգային մրցանակների շարքին է ավելացել եւս մեկը՝ Լոնդոնի «Ալբիոնի աստղերը» հեղինակավոր մրցույթից:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին