×


Անդրեն եւ Նինի Շերմադինին

Անդրեի եւ Նինի Շերմադինիի երկրորդ վերամիավորումը

Անդրեն եւ Նինի Շերմադինին շուտով կներկայացնեն իրենց նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Ծաղիկների աշխարհում» երգի հիման վրա: Երգիչը BRAVO.am-ին մանրամասներ է պատմել իր եւ վրացի երգչուհու նոր համագործակցության մասին, տրամադրել է թիզերը, ինչպես նաեւ հայտնել է, թե ինչու է մեկնել ԱՄՆ եւ երբ է կրկին վերադառնալու:

Նրա խոսքով` «Ծաղիկների աշխարհում» երգը հին հայկական ֆոլկլոր է, որի հեղինակներն անհայտ են: Այն շատ սիրված է նաեւ Վրաստանում՝ վրացերեն տարբերակով.«Ես եւ Նինին այս երգն ընտրել ենք Գեորգի Հարությունյանի խորհրդով, ինչպես եղավ նաեւ մեր առաջին՝ «Ո՜վ, սիրուն, սիրուն» զուգերգի դեպքում: Այս երկու երգն էլ հավասարապես ճանաչված ու սիրված են թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում»:

«Ծաղիկների աշխարհում» հոլովակի նկարահանումներին


«Ծաղիկների աշխարհում» երգի նոր գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը, ձայնագրությունը՝ Նիկ Էգիբյանը: Իսկ տեսահոլովակի ռեժիսորն Անդրեի քույրն է՝ Անուշ Հովնանյանը: Ինչպես երգիչն է տեղեկացրել, սա Անուշի՝ որպես ռեժիսոր ներկայանալու առաջին փորձն է:

Հոլովակի նկարահանումներն իրականացվել են ամռանը՝ Վրաստանի Սիղնաղի քաղաքում: Ըստ երգչի՝ վայրի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այն շատ գեղեցիկ եւ հեքիաթային տեսարան ունի:

Քանի որ սա նրանց երկրորդ համագործակցությունն է, հետաքրքրվեցինք, թե այս անգամ միասին հանդես գալու գաղափարն ումն է եղել: Պարզվում է՝ նոր զուգերգով ներկայանալու որոշումը մի քանի օրում են կայացրել: «Քանի որ Նինին Նյու Յորքից վերադարձել էր Վրաստան, ես էլ առաջարկեցի՝ եւս մեկ զուգերգ կատարենք: Նա, իհարկե, սիրով համաձայնեց»,- պատմել է Անդրեն:

Անուշ Հովնանյանը, Նինի Շերմադինին եւ Անդրեն


Նշենք, որ այս օրերին նա գտնվում է ԱՄՆ-ում, երեկ էլ սիրահարների տոնին նվիրված համերգով է հանդես եկել Արփի Գաբրիելյանի եւ Մհեր Բաղդասարյանի հետ, այժմ էլ պատրաստվում է վերադառնալ հայրենիք.«Լոս Անջելեսում գտնվող մեր հայրենակիցները շատ ակտիվ էին, հաշված օրերի ընթացքում տոմսերը սպառվեցին, ինչի համար անչափ ուրախ եմ»:

Առաջիկա ծրագրերի փակագծերը երգիչը նախընտրում է ամբողջովին չբացել.«Իմ եւ Նինիի զուգերգի հոլովակից բացի, մեկն էլ եմ հասցրել նկարահանել նախորդ տարվա ընթացքում, սակայն չեմ սիրում ամեն ինչ միանգամից ներկայացնել: Այնպես որ, մյուս հոլովակը դեռ մի փոքր կսպասի: Ես միշտ մտածում եմ, նոր նախագծեր ուրվագծում, բայց խոսում եմ միայն այն ժամանակ, երբ իրականացնում եմ դրանք»:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Անդրեի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին