×


Աննա Հարությունյանը կյանքի կկոչի իր գաղափարը, երբ հասկանա «թե ինչու է այս աշխարհն այսքան ծուռ»:)

BRAVO.am-ն իր բլից հարցազրույցների շրջանակում զրուցել է դերասանուհի Աննա Հարությունյանի հետ։ Վերջինս խոսել է իր մասնագիտության նրբությունների, առաջին դերի եւ հեղինակային «Անիկո» ֆիլմի ունեցած հաջողությունների մասին։

- Ինքդ քո մասնագիտության մասին:
- Ռեժիսուրան իմ երկու մասնագիտությունների՝ դերասանական արվեստի եւ արվեստաբանության սինթեզն է, նուրբ ու զգայական մի աշխարհ, որտեղ դու ես նկարիչը քո պատմության, իսկ առջեւումդ կինոկտավն է։

Ինձ համար ստեղծագործելն ինքնաարտահայտման միջոց է, բայց եւ ոչ երբեք ինքնանպատակ։ Մեծ պատասխանատվություն եմ զգում, երբ մտքերս թղթին եմ հանձնում կամ արդեն մտածում եմ դրանք կինոյի լեզվով կյանքի կոչել, քանի որ միշտ հիշում եմ մեծն Լորկայի խոսքերը՝ «Արվեստը կարող է պարգեւել թեւեր, բայց երբեմն էլ՝ սմբակներ»։ Ուստի զգոնությունն ամենակարեւորն եմ համարում այս գործում։

Աննա Հարությունյանը


- Քո առաջին դերը:
- Թատերականի երկրորդ կուրսում էի, երբ ներգրավվեցի վարպետիս՝ Արմեն Մազմանյանի անվան «Գոյ» փորձարարական թատրոնի կազմում։ Առաջին հիմնական դերակատարումս Ռեյ Բրեդբերիի «451 աստիճանի վրա» ներկայացման մեջ երկու իրարից տարբերվող կանանց կերպարներ էին, որոնցից մեկը գրքերն այրում էր, իսկ մյուսը՝ կյանքի գնով պահպանում։

- Ի՞նչ է տալիս քեզ թատրոնը:
- Թատրոնն ինձ համար չափազանց զգայուն աշխարհ է, բեմը վայր՝ նրբազգացների համար։ Թատրոնը խաբկանք է, որն, արի ու տես, սուտ չի հանդուրժում՝ ինքնին մտացածին լինելով հանդերձ։ Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ հանկարծ ներկայացման ընթացքում, հատկապես, երբ դերասանը ոգեշնչման մեջ է, ռեժիսորի թույլ տված տեխնիկական հնարքներն աչքի են ընկնում։ Այդ պահին ամեն ինչ ավարտվում է, եւ հանդիսատեսն այլեւս չի հավատում։ Հասկանում եմ, որ ստեղծագործողի երեւակայությունն անսպառ է, բայց կրկին պիտի օգնության գա չափի զգացումը․արդյոք դու ունե՞ս տեխնիկական եւ ֆինանսական այդ հնարավորությունը քո երեւակայությանը հագուրդ տալու, թե՞ ավելի լավ է դիմես պարզ մեթոդների եւ ավելի հավաստի լինես։ Արվեստում, եթե չկան հնարավորություններ, գերադասում եմ մինիմալիզմը, պարզ, մարդկային հարաբերությունը, հավաստի, բայց արվեստի լեզվով պատմած պատմությունը։

- Կա՞ մեկը, ով քո կուռքն է:
- Ինձ համար կուռքեր չեմ ստեղծում:

- Դեր, որը կցանկանայիր խաղալ:
- Չկա մի դեր, որ կուզեի խաղալ։ Ունեմ սեփական մտքերը ժամանակակից կնոջը հուզող խնդիրների մասին: Երեւի մի օր կյանքի կոչեմ, երբ հասկանամ, «թե ինչու է այս աշխարհն այսքան ծուռ»:):

Աննա Հարությունյանը


- Քեզ համար ամենաթանկ մրցանակը:
- Հանդիսատեսի անկեղծ գնահատականը։

- Խոսենք քո առաջին ֆիլմի՝ «Անիկոյի» գրանցած հաջողություններից:
- «Անիկոն» մեր խմբի հաջողությունն է, աշխատանք՝ պատրաստված սիրով։ Վերեւում խոսեցինք ամենաթանկ մրցանակի մասին։ Այո, հանդիսատեսի անկեղծ գնահատականն է, որին արժանացավ մեր ֆիլմը։ Ուրախ ենք, որ այն հաջողություն ունի նաեւ միջազգային կինոփառատոններում։ Հունիսին Կազանի միջազգային «Զիալնտ» կինոփառատոնում «Անիկոն» արժանացավ «Լավագույն ֆիլմ երեխաների համար» մրցանակին։ Այժմ ֆիլմը ներգրավվել է Մոսկվայի «Лучезарный ангель» կինոփառատոնի մրցութային ծրագրում, ինչը մեզ համար մեծ պատիվ է, քանի որ այնտեղ հայտնվում են միայն ընտրովի ֆիլմեր, որոնք բարոյական հիմք եւ գաղափար ունեն իրենց մեջ։ Ֆիլմը կներկայացվի նաեւ Հայաստանում տեղի ունեցող «Ռոլան» մանկապատանեկան փառատոնին՝ կրկին մրցութային ծրագրում։ Ուրախալին այն է, որ «Ռոլան» մանկապատանեկան կինոփառատոնը ֆիլմը ցուցադրելու է ոչ միայն Երեւանում, այլ նաեւ Արցախում, Գյումրու մանկատանը, մի շարք գյուղերում, ինչը շատ ողջունելի է։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աննա Հարությունյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին