×


Աննա Մանուչարյանի եւ Վիկտորյա Սահակյանի երազանքն իրականացել է

Երեւանի կամերային թատրոնի մեծ ընտանիքին են միացել Աննա Մանուչարյանն ու Վիկտորյա Սահակյանը: Դերասանուհիներն արդեն ընդգրկված են մի քանի ներկայացումներում եւ հասցրել են ելույթ ունենալ թատրոնի բեմից: BRAVO.am-ը զրուցել է Աննայի եւ Վիկտորյայի հետ, պարզել, թե ումից են ստացել դերասանական կազմին միանալու առաջարկը եւ ինչ նոր նախագծերով են ներկայանալու հանդիսատեսին:

Աննա Մանուչարյանը խոստովանեց, որ վաղուց մեծ ցանկություն է ունեցել խաղալ Կամերայինում, բայց կա՛մ հնարավորություն չի եղել, կա՛մ ինքը չի դիմել: Վերջերս, երբ տեղեկացել է, որ թատրոնում դերասանուհիների քասթինգ է հայտարարված, որոշել է առիթը բաց չթողնել.«Հիմա հավատում եմ, որ ամեն ինչ իր ժամանակին է լինում: Սկզբում, երբ զանգահարեցի՝ քասթինգին մասնակցելու համար, ասացին` շատ կուզեին, որ ես դերասանական կազմում լինեմ, բայց ափսոս՝ արդեն մեծ եմ: Այդ նախադասությունն ինձ շոկի ենթարկեց, որովհետեւ շատ վաղուց եմ ցանկացել Կամերայինի բեմում ներկայանալ: Որոշեցի դիմել անձամբ Լուսինե Երնջակյանին, ում վաղուց եմ ճանաչում, ինչպես այդ թատրոնում գրեթե բոլորին»:

Աննա Մանուչարյանը


Աննան պատմեց, որ թատրոնի ռեժիսոր Լուսինե Երնջակյանին խնդրել է գոնե մեկ անգամ իրեն տեսնել բեմում, քանի որ միշտ չէ, երբ տարիքն ու իրականությունը համընկնում են.«Ես ե՛ւ տեսքով, ե՛ւ աշխուժությամբ, ե՛ւ ներքին էներգետիկայով հաստատ չեմ զիջում ավելի երիտասարդներին: Դա իրոք այդպես է: Մի խոսքով՝ ընդունվեցի աշխատանքի, եւ հիմա արդեն վերջնական ընդգրկվել եմ դերասանական կազմում: Այս ընթացքում խաղացել եմ «Կաբարե ռեստարտ» ներկայացման մեջ եւ շուտով հանդես եմ գալու նոր ներկայացումներում: Այդպես իմ ճանապարհը հարթելով` կփորձեմ հաստատվել թատրոնում՝ ի ուրախություն ինձ»:

Աննան այժմ ընդգրկված է նաեւ «Կառավարական համերգ» ներկայացման մեջ: Թեեւ դեռ տասն օր չկա, ինչ մասնակցում է փորձերին եւ ներկայանում է Կամերայինի բեմում, անկեղծացավ` ոչ ոք չի կարող այնքան ուրախ լինել այդ թատրոնում հանդես գալու համար, որքան ինքը.«Ես ընդունվեցի աշխատանքի, որից անմիջապես հետո մեկնեցի Աֆրիկա՝ հանգստանալու, եւ վերադառնալուն պես սկսվեցին փորձերը: Բայց նույնիսկ աշխարհի մյուս ծայրում գտնվելով՝ ես օրվա մի մասը տրամադրում էի ներկայացման տեքստը սովորելուն, պարապելուն, որպեսզի կարողանամ արդարացնել ինձ: Եվ հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ ներքին մեծ ցանկության դեպքում մի օր անպայման մի դուռ բացվում է երազանքի ճանապարհին: Դրա համար խորհուրդ եմ տալիս բոլորին չհանձնվել երբեք»:

Վիկտորյա Սահակյանը


Ինչպես պարզվում է, Վիկտորյա Սահակյանի համար նույնպես երազանք է եղել Կամերային թատրոնում հանդես գալը: Ճիշտ է՝ նա այս պահին հրավիրված դերասանուհու կարգավիճակով է աշխատում թատրոնում, բայց ուրախ է իր ներգրավվածության համար եւ հույս ունի, որ ավելի մեծ դերերն ու մշտական աշխատանքը դեռ առջեւում են.«Հրավերը Լուսինե Երնջակյանից եմ ստացել: Ես եւ իմ ընկերները, ովքեր այժմ ընդգրկված են Կամերայինի դերասանական կազմում, սովորել ենք Արա Երնջակյանի կուրսում, դրա համար էլ հնարավորություն ենք ստանում թատրոնում հանդես գալ: Արդեն հասցրել եմ մեկ անգամ խաղալ «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ներկայացման մեջ, առաջիկայում էլ հանդես կգամ «Ռոմեո եւ Ջուլիետ»-ում»:

Վիկտորյան պատմում է, որ «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ»-ն իրենց դիպլոմային աշխատանքն է եղել, որտեղ խաղացել է նաեւ ինքը: Բայց երբ ներկայացումը բարձրացել է մեծ բեմ, ինքն արդեն հնարավորություն չի ունեցել ընդգրկվել դերասանական կազմում: Այժմ փորձելու է արդարացնել իրեն եւ իր մշտական տեղը գտնել երազանքների թատրոնում.«Պարզապես ես փոքր-ինչ կոնֆլիկտային եմ եղել ժամանակին, բայց հիմա փոխվել եմ, անկեղծ եմ ասում: Աշխատում եմ ինձ վրա, ուզում եմ` ինձ սիրեն, ես էլ սիրեմ բոլորին: Իրականում դժվար է. համակեցության կանոններ կան, որոնց պիտի ենթարկվես, իսկ եթե ոչ, ապա պիտի պատրաստ լինես մեկ այլ գործ գտնելու, որը քո մասնագիտության հետ ընդհանրապես կապ չունի: Սա իմ սրտի մասնագիտությունն է ու իմ սրտի թատրոնը»,- եզրափակեց դերասանուհին:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ դերասանուհիների արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին