×


Աշխարհի ամենաերկար գաթայի համտես-հյուրասիրությանը

Աշխարհի ամենաերկար գաթան` «Պանդոկ Երեւան»-ի կողմից

Հայկական գաթայի անուշ բույրն այսօր առավոտից տարածվել էր Տերյան փողոցում: Բազմաթիվ երեւանցիներ եւ մայրաքաղաքի հյուրեր եկել էին համտեսելու աշխարհի ամենաերկար գաթան, որը պատրաստվել էր հատուկ բաղադրատոմսով՝ «Պանդոկ Երեւան»-ի հրուշակագործների կողմից: Ռեստորանի «Տերյան» մասնաճյուղի դիմացի հատվածի ողջ երկայնքով էլ տեղի էր ունենում համեղ աղանդերի համտես-հյուրասիրությունը:

Միջոցառման սկզբում նախաձեռնության հեղինակները չափեցին գաթայի երկարությունը, որպեսզի ներկաներն էլ համոզվեն՝ այն ունի 4000 սմ երկարություն եւ 40 սմ լայնություն: Այս գաթան համարվում է ամենաերկարը, որ երբեւէ պատրաստվել է աշխարհում: Այս մասին վկայում են նաեւ «Պանդոկ Երեւան»-ի ներկայացուցիչների ուսումնասիրությունները: Վերջիններս չեն բացառում, որ հայտ կներկայացնեն Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար, թեեւ ի սկզբանե նպատակը դա չի եղել:

Աշխարհի ամենաերկար գաթայի համտես-հյուրասիրությանը


«Քանի որ մեր կազմակերպության գործունեությունը տարիներ շարունակ միտված է եղել ոչ նյութական մշակութային արժեքների պահպանմանն ու տարածմանը, այդ նպատակով էլ որոշեցինք ներկայացնել հայկական ազգային խոհանոցի ամենասիրված աղանդերներից մեկը՝ գաթան: Սա յուրահատուկ միջոց է ներկայացնելու եւ տարածելու հայկականը նորովի: Պատահական չէ, որ բաղադրատոմսն էլ այս անգամ յուրօրինակ է ու ոչ ավանդական, այսինքն՝ խորիզով գաթա է՝ չրերով եւ նուշով: Նպատակ ունենք մեր քաղաքը դարձնել ավելի ուրախ եւ իրադարձային, հետաքրքրացնել զբոսաշրջիկների համար, խրախուսել, տարածել եւ ճանաչելի դարձնել հայկական ծիսական աղանդերը»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց «Երեմյան Փրոջեքթս»-ի մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անահիտ Գեւորգյանը:

Նրանից հետաքրքրվեցինք նաեւ, թե որքան ժամանակում է պատրաստվել աշխարհի ամենաերկար գաթան: Պարզվեց` նախապատրաստական գործընթացը սկսվել է մեկ շաբաթ առաջ, իսկ գաթան թխվել է երկու օրում` «Պանդոկ Երեւան»-ի հրուշակագործների կողմից: Այն պատրաստելու համար պահանջվել է 55կգ ալյուր, 20կգ շաքարավազ, 75կգ կարագ, 25կգ նուշ, 300 ձու եւ 30կգ հայկական չիր: Գաթան կշռում էր 240կգ, որը համարժեք է 300 սովորական գաթայի քաշին:

Աշխարհի ամենաերկար գաթայի համտես-հյուրասիրությանը


Ի դեպ, հենց «Երեմյան Փրոջեքթս»-ին է պատկանում «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցը, որի «Տերյան» մասնաճյուղն այսօր նաեւ նշում է հիմնադրման 4-ամյակը: Անահիտ Գեւորգյանի խոսքով` որոշել են գաթան ներկայացնել մարտի 21-ին, որպեսզի համտես-հյուրասիրության օրը խորհրդանշական լինի իրենց համար: Նշենք, որ «Պանդոկ Երեւան»-ը գործունեություն է ծավալում 2006 թվականից` ռեստորանային ոլորտում ներկայանալով խոհարարական ստեղծագործական եւ նորարար մոտեցումներով: Ընկերության ներկայացուցիչներն ասում են, որ իրենց առաքելությունն է խոհարարական մշակույթի, վարպետության ավանդույթների պահպանումն ու զարգացումը, հայկական ազգային խոհանոցի ճանաչելիության ապահովումը ինչպես երեւանցիների, այնպես էլ քաղաքի հյուրերի շրջանում:

Աշխարհի ամենաերկար գաթայի համտես-հյուրասիրությանը


Թեեւ այսօր աշխատանքային օր է, բայց դա չէր խանգարել, որ բազմաթիվ մարդիկ իրենց երեխաների հետ ներկա գտնվեին գաթայի հյուրասիրությանը: Չէր անցել դեռ մեկ ժամ, եւ 4000 սմ երկարությամբ սեղանին միայն գաթայի փշրանքներն էին մնացել: Ոմանք տեղում էին համտեսում անուշաբույր աղանդերը, ոմանք էլ իրենց հետ տուն էին տանում. «Պանդոկ Երեւան»-ի թիմը ստեղծել էր բոլոր անհրաժեշտ հարմարությունները թե՛ տեղում ուտելու, եւ թե՛ տանելու համար:

Աշխարհի ամենաերկար գաթայի համտես-հյուրասիրությանը


Հ.Գ. Գաթան հայ ավանդական խոհանոցում առավել տարածված ու սիրված աղանդերներից է: Հնուց ի վեր այն զարդարում է տոնական գրեթե բոլոր սեղանները եւ երջանկություն ու հաջողություն խորհրդանշում: Գաթան պատրաստում էին առավելապես տոնական կամ ծիսական առիթներով` Նոր տարի, Բարեկենդան, Տրնդեզ, հարսանեկան արարողություններ, հյուրասիրություններ, տոնական այցելություններ եւ այլն: Հայաստանի տարբեր շրջաններում ընդունված էին գաթայի պատրաստման տարբեր եղանակներ` կլոր, եռանկյունի, քառակուսի, լուսնաձեւ, իսկ չափերը կարող էին լինել տարբեր` մեծ կամ փոքր:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին