×


Ավիշայ Քոենի երեւանյան համերգի իմպրովիզներն ու հետաքրքիր դրվագները

Իսրայելցի ջազ կոնտրաբասիստ, կոմպոզիտոր, երգիչ ու գործիքավորող Ավիշայ Քոենն այժմ Հայաստանում է։ Հայտնի երաժշտի առաջին այցը չէ, բայց առաջին անգամ իր տրիոյի հետ ելույթ ունեցավ հայ երաժշտասերների առջեւ։ Առաջին մենահամերգը «Մեցցո» ակումբում էր, հաջորդ օրն արդեն՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Ավիշայ Քոենի տրիոյի երեւանյան համերգին


Բազում բեմեր ու երաժշտասերների սրտեր նվաճած Քոենն իր երաժիշտների՝ հարվածային գործիքներ նվագող Իտամար Դոարի եւ դաշնակահար Օմրի Մորի հետ կատարեց  «Seven Seas», «Dreaming», «Caravan» ու այլ ստեղծագործություններ, հանդիսատեսը վանկարկում ու սպասում էր ամենահայտնի «Remembering»-ին, որը եւս հնչեց։

Նկատելի էր, որ երաժիշտների խարիզմատիկ, զգացմունքային ու իմպրովիզներով լի համերգը հիացնում էր ներկաներին։ Նրանք բեմից դուրս անմիջական շփվում էին երկրպագուների հետ, ինչպես նշեցին, հաճելիորեն զարմացած են, որ հայերը հետաքրքրված են իրենց արվեստով: Ավիշայ Քոենի խոսքով՝ սիրում է բնությունն ու մարդկանց, սիրում է երաժշտություն ստեղծել, որը երջանկացնում է մարդկանց, ինչն էլ իրեն հաճույք է պարգեւում.«Առաջին անգամ Հայաստանում եղել եմ 17 տարի առաջ եւ շատ ուրախ եմ կրկին վերադառնալու համար։ Նվագում ենք 15-20 տարիների ընթացքում գրած ստեղծագործությունները, կան նաեւ նոր գործեր, որոնք դեռ չեմ ձայնագրել»։

Ավիշայ Քոենը


Քոենը ծնվել է Երուսաղեմում՝ 1970 թվականին, վաղ տարիքից սկսել է դաշնամուր նվագել: 14 տարեկան էր, երբ ծնողները տեղափոխվում են Սենթ Լուիս, որոտեղ նա ծանոթանում է բաս կիթառին ու սիրահարվում ջազին: Հետագայում սովորել է կոնտրաբաս նվագել, այս համերգին նաեւ երգում էր, դաշնամուր ու հարվածային գործիքներ նվագում:

Տրիոյի երեւանյան համերգն իրական տոն էր հայ երկրպագուների համար: Երաժիշտներն արժանացան բիսերի, իսկ վերջում՝ հոտնկայս բրավոների ու ծափահարությունների։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին