×


Արսեն Գրիգորյանը՝ ընտանիքի, Արմեն Ամիրյանի խորհրդականը լինելու եւ երազանքի մասին

Ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը, նույն ինքը՝ Մրրոն, արդեն երեսուն տարի ապրում ու ստեղծագործում է Հայաստանում։ Նա BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է ծննդավայր Ղամիշլիի (Սիրիայի քաղաքներից), մանկության անմոռանալի հուշերի, համերգային շրջագայությունների, մեդալների ու շքանշանների, սիրելի ընտանիքի ու աշխատանքի մասին՝ հայապահպան նոր ծրագրերից մինչեւ Արցախ ու հայկական Գութան:

Արսեն Գրիգորյանի ընտանիքը


-Ծնվելով եւ մանկության մեծ մասն անցկացնելով Սիրիայում՝ դժվա՞ր չէր այդքան տարի անց վերադառնալ հայրենիք։   
    
 -Այս տարի լրանում է վերադարձիս երեսուն տարին։ Տասնութ տարեկան էի, երբ եկա Հայաստան: Հիշում եմ՝ ինչ անհամբերությամբ էի սպասում դպրոցս ավարտելուն, որ գամ հայրենիք: Հայրենիքիս կարոտը միշտ զգացել եմ։ Ինչ կապված է դժվարությունների  հետ, պիտի ասեմ՝ միջավայրի փոփոխության դժվարություններ չառաջացան, որովհետեւ ապրելով օտար հողի վրա, մեր ընտանիքը պահպանում էր հայկական ավանդույթներն ու սովորությունները։ Ասեմ ավելին, այն ժամանակ ես մանկության խաղերից զրկված եմ եղել. ծնողներս չէին թողնում իջնել բակ ու խաղալ, ինչպես մյուս հասակակիցներս, ինչի պատճառով վատ էի զգում, բայց հիմա երախտապարտ եմ նրանց, որովհետեւ այդպես վարվելով կարողացան ինձ, եղբայրներիս ու քույրերիս պահել մեր ինքնության մեջ։ Հայկական միջավայրը պահպանվում էր տան մեջ, դպրոցում, եկեղեցում եւ ամենուր: Ես եղել եմ նաեւ դպիր, մի խոսքով՝ մեր կյանքը հայկականությամբ էր լցված։ Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, քանի որ արդեն երեսուն տարի է՝ ապրում եմ իմ հայրենիքում։

-Ժամանակակից եւ ազգային գործիքների համադրությամբ ստեղծվեց «Մրրո» նվագախումբը։ Ի՞նչը կամ ո՞վ նպաստեց դրա ստեղծմանը։ 
- Համերգային գործունեություն պիտի ունենայի Եգիպտոսում, հրավերը ստացել էի Եգիպտոսի մեր հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Աշոտ արքեպիսկոպոս Մնացականյանի կողմից։ Հենց այդ ծրագրի համար էլ նրա օրհնությամբ եւ անմիջական հովանավորությամբ ստեղծեցի «Մրրո» նվագախումբը, որը գործում է մինչ օրս:

Արսեն Գրիգորյանը՝ երեխաների հետ


- Իսկ Հայաստանից դուրս ներկայանալու ծրագրեր կա՞ն։
-Ծրագրեր միշտ կան, ասեմ, որ շատ քիչ երկրներ կան, որտեղ համերգներ չեմ ունեցել՝ սկսած Ավստրալիայից մինչեւ Լատինական Ամերիկա: Մոտ ժամանակներս եւս մեկ անգամ կլինեմ Մոսկվայում, մինչեւ տարեվերջ նաեւ Միացյալ Նահանգներում։ Վերջերս Մկրտիչ Մկրտչյանի հետ համերգ ունեցանք Սիրիայում: Շատ հուզիչ էր, որովհետեւ այնտեղ սկիզբ առած պատերազմից վեց տարի անց սա առաջին համերգն էր։ Մի հրաշալի գաղափար էր, իսկ արձագանքներն ուղղակի աննկարագրելի էին։ Հիմա  սկսվել են «Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնի նախապատրաստական աշխատանքները, որը Երեւանում այս տարի տեղի կունենա  չորրորդ անգամ, իսկ Ստեփանակերտում՝ երկրորդ: «Գութան»-ը նմանը չունեցող երեւույթ է՝ գաղափարական եւ գլոբալ գործունեություն, որն ուղղված է ազգային երգի, պարի եւ երաժշտության պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը: «Գութան»-ին յուրաքանչյուր տարի մասնակցում են 13 եւ ավելի խմբեր, ամեն խմբում 20-ից 25 մասնակից։ Մեր փառատոնի բացումը ամեն տարի նույն սկզբունքով է կայանում. 200-ից 300 մասնակից  միաժամանակ բեմում են եւ կատարում են Գութաներգը, այնուհետեւ բոլորը միասին Յարխուշտա պարում, սա միասնականության լավագույն օրինակ է: Այս տարի եւս, ինչպես ամեն տարի, փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի վերջին՝ Երեւանի Կասկադում եւ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Փառատոնի իրականացումը սեպտեմբերին ոչ միայն հարմար է եղանակային պայմաններով, այլեւ այն մեզ համար մեծ խորհուրդ ունի՝ Հայաստանի եւ Արցախի անկախության  հռչակման ամիսն է:

-Լինելով ժողովրդական երգիչ, վաստակավոր արտիստ, ընտանիքի հայր, ամուսին՝ այս ամենը համատեղել ստացվու՞մ է։     
-Իմ պարագայում աշխատանքն ու ընտանիքն անջատված չեն. կինս՝ Սոնան, երաժիշտ է եւ հստակ հասկանում է, թե ինչ ծանրաբեռնվածություն ու պատասխանատվություն կա ինձ վրա: Նա նույնիսկ օգնում է ինձ, որպեսզի ավելի լավ արդյունքի հասնեմ: Կինս հրաշալի գիտակցում է, որ իմ գործունեությունն ուղղված է ազգային երգ-երաժշտության պահպանմանն ու տարածմանը, ոչ միայն մեր երեխաների համար է, այլեւ բոլորիս։ Համատեղել ստացվում է։

Արսեն Գրիգորյանը


 -Երկար տարիներ է, ինչ այս ոլորտում եք եւ, բնականաբար, դժվարությունների նույնպես հանդիպած կլինեք, բայց եղե՞լ են այնպիսի խնդիրներ, որոնք անլուծելի են թվացել։               
-Կարծում եմ, եթե մարդու գործողությունները գիտակցված են, այլ ոչ՝ էմոցիոնալ, ապա ամեն խնդիր հաղթահարելի է: Իհարկե, պետք է նաեւ տեղ տալ հույզերին, բայց չափի մեջ: Առաջացած խնդիրները, դժվարությունները տեսնելու երկու տարբերակ կա, մեկը՝  տեսնել եւ հուսահատվել, շրջանցել, իսկ մյուսը՝ տեսնել եւ դրանք լուծել. ես ընտրել եմ երկրորդ տարբերակը:

-Արժանացել եք վաստակավորի կոչմանը, պարգեւատրվել եք տարբեր մեդալներով ու շքանշաններով։ Սրանց մեջ կա՞ն այնպիսինները, որոնք ինքներդ ձեզ համար առանձնացրել եք։   
                                                                        
-Բոլորն էլ ինձ համար սիրելի ու կարեւոր են, թե՛ պատվոգրերն ու մեդալները, թե՛ ՀՀ  վաստակավոր արտիստի կոչումը: Ինձ տրված յուրաքանչյուր շնորհակալագիր, մեդալ, կոչում, պատվոգիր սիրով է տրվել, սիրով էլ ընդունել եմ։

-Ինչպես յուրաքանչյուր ոլորտում, այս ասպարեզում նույնպես կա մրցակցություն։ Ի՞նչ կասեք այս մասին: 
-Հիշում եմ, երբ Սիրիայում մասնակցեցի մի երգի մրցույթի, հենց առաջին փուլից ինձ դուրս թողեցին: Դա ինձ չընկճեց, որովհետեւ հստակ գիտեի անելիքս, գիտակցում էի, որ ունեմ տաղանդ, շնորհք եւ պետք է այն զարգացնեմ։  Ընդհանրապես, կարեւորն ասելիք ունենալն է, ոչ թե մրցակցությունը: Մրցակցությունը, որպես ընդհանուր երեւույթ, լավ է, երբ պետք է պայքարես ինչ-որ կետի հասնելու համար, սակայն այն ավելի սպորտային է, որտեղ եւս արդեն նախընտրում են արվեստը։

Արսեն Գրիգորյանը՝ կնոջ հետ


-Մեկ ամիս է, ինչ նշանակվել եք Մշակույթի նախարարի խորհրդական, ի՞նչ ծրագրեր, նպատակներ կան, որոնք պետք է իրագործեք։
- Արդեն շատ լուրջ աշխատանքներ են տարվում՝ ուղղված ազգագրական երգի, պարի, երաժշտության, պետական խմբերի գործունեության զարգացմանը: Պիտի նշեմ, որ մեր ոչ պետական, բայց լավագույն ազգագրական խմբերի գործունեության զարգացումը եւս կարեւորում է մեր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը եւ օժանդակում: Մշակույթի նախարարության աջակցությամբ  «Զարթոնք», «Վան»  ազգագրական խմբերի համար այս տարի կարվեցին նոր տարազներ, իսկ «Սասնա Ծռեր» խումբը  նախարարության աջակցությամբ հուլիսի երկրորդ կեսին կմեկնի Հորդանան՝ մասնակցելու շատ հայտնի «Ջարաշ» փառատոնին: «Մասունք» խումբը կմեկնի Վրաստան՝ մասնակցելու ազգագրական երգի-պարի փառատոնի։ Իսկ «Ակունքը» վերջերս է վերադարձել Եգիպտոսից: Այս ամիս երկու մեծ համերգ ունենք, հուլիսի  16-ին  Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլի համերգն է Օպերային թատրոնում, իսկ հուլիսի  19-ին «Ակունք» ազգագրական-պետական անսամբլի համերգը՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում:

Ազգային մշակույթի պահպանման, տարածման եւ զարգացման  նպատակով գյուղերում կստեղծվեն նաեւ մշակութային կենտրոններ, որտեղ կլինեն տարբեր խմբակներ՝ ազգագրական երգի, պարի, քանդակագործության, նկարչության, խեցեգործության, գորգագործության։ Այս կենտրոններում հիմնականում կդասավանդեն երիտասարդներ, ովքեր Երեւանում ավարտել են արվեստի բուհեր ու վերադարձել իրենց շրջան, իրենց գյուղ։ Ծրագիրն արդեն իրականացման ընթացքի մեջ է։ Շատ-շատ ծրագրեր կան, որոնք հերթով կյանքի ենք կոչելու։

-Կա՞ն բաներ, որոնք ցանկացել եք անել, բայց դեռ չեք հասցրել։   
 -Ուզում եմ հողագործությամբ զբաղվել՝ ծառ տնկել, իմ տնկած ծառից բերք հավաքել, ուզում եմ իմ այգին ունենալ, իմ ծիրանենիները։

Զրուցեց Անահիտ Առաքելյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Արսեն Գրիգորյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին