×


Արտաշես Մխիթարյանը՝ որդու հետ առաջին հանդիպման մասին

Դրամատիկական թատրոնի դերասան Արտաշես Մխիթարյանը հուլիսի 4-ին հայր է դարձել: Կինը՝ Մարիամը, նրան արու զավակ է պարգեւել: BRAVO.am-ի հետ զրույցում նորաթուխ հայրիկն ասել է, որ որդին ծնվել է 3,3 կգ քաշով եւ 53 սմ հասակով:

Արտաշես Մխիթարյանը՝ կնոջ հետ


Ծնողները փոքրիկին անվանակոչել են Մաքսիմ՝ ի պատիվ Արտաշեսի հայրիկի. «Մի քանի հանգամանքով ենք այդ անունը որոշել: Նախ, որ հայրիկիս անունն էր, միեւնույն ժամանակ, գեղեցիկ եւ ժամանակակից է: Կարծում եմ՝ տղաս էլ է հավանում իր անունը:)»,-նշել է դերասանը:

Խոսելով զգացողությունների մասին՝ Արտաշեսն ասել է.«Ինձ թվում է՝ հնարավոր չէ բացատրել: Գիտակցական եւ էմոցիոնալ ֆոները իրար են խառնվում, չես կարող այդ ամենը բառերի վերածել: Երբ առաջին անգամ տեսա նրան, սառած կանգնել էի, ուզում էի իրավիճակը հասկանալ, իրավիճակին տեր դառնալ: Կարծես տեղերով փոխված լինեինք. նա հանգիստ պառկած էր, իսկ ես անվստահ կանգնած նրան էի նայում: Հաջորդ օրը գրկեցի տղայիս: Ճիշտ է՝ վախ չունեի, բայց մտածում էի նրա հարմարավետության մասին»:

Արտաշես Մխիթարյանը՝ կնոջ հետ


Դերասանի կինն ու որդին դեռ ծննդատանն են, երջանիկ հայրիկն էլ ամեն օր տեսակցում է նրանց.«Գիտեք, ինձ համար շատ ուրախալի եւ խորհրդանշական է, որ այնտեղ փոքրիկ մատուռ կա, եւ յուրաքանչյուր երեխայի ծննդից հետո զանգեր են հնչում: Լինելով քրիստոնյա՝ շատ առումներով հեռացել ենք մեր կրոնից, սակայն այդ զանգերը լսելիս կարծես հետ ենք գալիս դեպի լավն ու մաքուրը»:

Ծնողները որոշել են փոքրիկի համար քառասունք պահել, որից հետո, սակայն, չեն շտապի հանրությանը ներկայացնել նրան.«Կարծում եմ՝ կկարողանամ որդուս հետ երկխոսության մեջ մտնել եւ հասկանալ՝ ուզում է, որ իր լուսանկարները հրապարակվեն, թե ոչ: Գուցե ապագայում որոշում է ոչ հանրային մարդ դառնալ: Ամեն դեպքում, փորձում եմ ընտանիքս հեռու պահել հանրային քննարկումներից»:

BRAVO.am-ը Մաքսիմին եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ եւ անհոգ մանկություն:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին