×


Գործագործ. «Լրագրող կա` ջիպ է քշում, մի քանի տուն ունի». Ինչ լեգենդներ են պտտվում մեդիա դաշտի շուրջ

BRAVO.am-ի «Գործագործ» նախագիծը բացահայտում է հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձեւավորել նորերը:

Զրուցել ենք լրագրող Մկրտիչ Կարապետյանի հետ:



- Ինչո՞վ են զբաղվում լրագրողները:
- Մեդիան չորրորդ իշխանությունն է: Լրագրողները վերահսկում են օրենսդիր, դատական, գործադիր մարմինների աշխատանքը: Չեմ կարող սահմանել, թե ով է լրագրողը, շատ կարեւոր մարդիկ են լրագրողները, եւ բացի վերահսկելուց ու հասարակությանը տեղեկատվություն տալուց, նաեւ ստեղծագործ են:

- Լրագրողների հոդվածների հետեւանքով մարդիկ չե՞ն կորցնում իրենց աշխատանքը:
- Այո, բայց դա կարող է վերաբերել միայն նրանց, ովքեր արդար չեն աշխատում, բյուջեի գումարներն են վատնում եւ այլն: Եթե հիշում եք, Հայաստանի հետաքննող լրագրողները բացահայտեցին գործարարներից մեկի օֆշորային միջոցները, որի արդյունքում նա պաշտոնանկ արվեց, հայտարարվեց քրեական հետապնդում: Եղել են դեպքեր, երբ լրագրողը տեղեկություն է հրապարակել կամ հոդված գրել, որի արդյունքում որոշումը չի ընդունվել կամ հետաձգվել է:

- Որտեղի՞ց եք իմանում այդքան տեղեկություններ:
- Լրագրողները պետք է աղբյուրներ ունենան, իմանան մարդկանց, ովքեր կպատմեն քեզ ներքին խոհանոցի մասին: Որքան շատ լինեն դրանք, այնքան լավ: Աղբյուրներ գտնելը բարդ հարց է, բայց հնարավոր:

Լրագրող Մկրտիչ Կարապետյանը


- Բոլորի հեռախոսահամարներն ունե՞ք:
- Այո:): Դա բարդ չէ, հատկապես Հայաստանի պես փոքր երկրում. բոլորը բոլորի համարներն ունեն: Այլ հարց է, որ զանգահարում ես՝ չեն վերցնում: Էլ չեմ ասում, որ հեռախոսային օպերատորները բազաներ ունեն: Մարդիկ կան, ում զանգահարում ես, վերցնում է, իմանում է, որ լրագրող ես, անջատում է: Այդպես էլ է լինում:

- Վարչապետի համարն ունե՞ս:
- Ունեմ: Բայց այդ համարն ակտիվ էր մինչեւ վարչապետ ընտրվելը, հիմա չգիտեմ՝ ակտիվ է, թե ոչ, չեմ փորձել:

- Ինչո՞ւ են ոմանք լրագրողներին անվանում «գործ տվողներ»:
- Հիմարություն է այդ թեզը: Եթե այդ «գործ տվողները» չլինեին, Հայաստանում գուցե հեղափոխություն չլիներ: Լրագրողները մեծ դեր են ունեցել այս գործընթացում: Բայց հանրային ընկալումը լրագրողների նկատմամբ փոխվել է: Տարիներ առաջ լրագրողի կերպարը շատ խորթ էր, բայց նույն հեղափոխության օրերին մարդիկ իրենք էին մեզ հետ կապվում, մեզ տեսանյութեր էին փոխանցում, ինֆորմացիա էին տալիս, թե որտեղ ինչ է կատարվում: Բայց կարծրատիպային մտածելակերպ, ամեն դեպքում, կա, չեմ հերքի:

Լրագրող Մկրտիչ Կարապետյանը


- Լրագրողից պե՞տք է վախենալ:
- Նայած դեպքերում:): Սովորաբար լրագրողների հետ չեն ուզում շփվել բիզնեսի ներկայացուցիչները:

- Բարեկամները չե՞ն վախենում, որ ինչ խոսեն, կգրես:
- Ոչ: Այնպիսի բարեկամ չունեմ, որը սենսացիոն պատմություն կպատմի, ու կգրեմ:):

- Լրագրողը պետք է վիրավորի՞ իրեն վիրավորող պաշտոնիային:
- Նայած:): Պետք է հասկանալ, թե ինչու են լրագրողին վիրավորել: Ամեն ինչ իրենց սրտով չի լինելու: Հարցեր կան, որոնք մարդկանց բարկացնում են, դրա համար վիրավորում են, բայց այդ հարցրեը պետք է հնչեն:

- Հատուկ տալի՞ս եք այնպիսի հարց, որ զրուցակիցը բարկանա:
- Այո, որովհետեւ բարկանալու ընթացքում է, որ մարդը կարող է արժեքավոր ռեպլիկ հնչեցնել, «բացվել», դրանից լավ հոդված կարող է դուրս գալ, բայց դա ցանկալի չէ:

- Հարցնո՞ւմ են՝ որքան արժե մեկ նյութը:):
- Օհ: Ես որեւէ դեպքում չեմ համաձայնի գումարի դիմաց նյութ գրել: Հայաստանում մեդիա դաշտի մասին լեգենդներ են պտտվում, թե ով ինչքանով նյութ գրեց, որտեղից վերցրեց, ումից, եւ դրա մի մասը ճիշտ է: Թե որքան արժի, չգիտեմ: Այ, որ լրագրողներն էլ գույքի, ունեցվածքի հայտարարգրեր ներկայացնեն՝ կիմանանք: Լրագրողը հանրային ծառայություն մատուցող մարդ է, կարծում եմ, որ հանրությունն իրավունք ունի իմանալ, թե որտեղից է նրա ունեցվածքը: Հայաստանում ծայրահեղություններ կան՝ կա համեստ կյանք ունեցող լրագրող, կա լրագրող, որը ջիպ է քշում, մի քանի տուն ունի:  

Լրագրող Մկրտիչ Կարապետյանը


- Որտե՞ղ սովորել` լրագրող դառնալու համար:
- Համալսարաններում կա ժուռնալիստիկայի ֆակուլտետ, բայց պարտադիր չէ, որ լրագրողը լինի մասնագիտությամբ լրագրող: Կան ժուռնալիստներ, ովքեր իրավաբաններ են կամ տնտեսագետներ եւ, շատ լավ տիրապետելով իրենց ոլորտներին, հետաքրքիր ու ոչ մակերեսային հոդվածներ են գրում:

Հեղինակ՝ Տիգրանուհի Մարտիրոսյան
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հրանտ Մարինոսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին