×


Դիանա Գրիգորյանը

Դիանա Գրիգորյան.«Ամաչում եմ, որ…»

«Կենտորն»-ի «Մեղրամիս» սերիալում Լյուսիին մարմնավորող Դիանա Գրիգորյանը BRAVO.am-ի հետ զրուցել է կերպարի փոփոխության, Թբիլիսիում անցկացրած հանգստի, անձնական նորությունների մասին, եւ ոչ միայն:

«Չեմ սիրում անընդհատ կրկնվող դերեր, ուրախ եմ, որ այս կերպարս էապես տարբերվում է մյուսներից: Երբ կերպարը նկարահանումների ընթացքում փոփոխությունների է ենթարկվում, դերասանը չի հասցնում ձանձրանալ, այլ հակառակը՝ ամեն անգամ նոր ոգեւորությամբ է ներկայանում: Լյուսին սերիալի սկզբում չար աղջիկ էր, ով իր բոլոր դժբախտությունների մեջ ուրիշներին էր մեղադրում, իսկ հիմա փոխվել է, բարիացել: Նոր սեր է գտել»,-պատմել է դերասանուհին:

Դիանա Գրիգորյանը


Նրա խոսքով՝ հանրային վայրերում հաճախ է դրական կարծիքներ լսում իր մասին. «Փողոցում շատ-շատ են ինձ անծանոթ մարդիկ մոտենում ու լավ-լավ բաներ ասում: Համեստ աղջկա ու դերասանուհու տպավորություն եմ թողել: Ասում են՝ ինձ շատ են սիրում, ինչի համար շատ ուրախ եմ»:

Դիանան հաճախ «Քաղաքում» սերիալում իր կերտած կերպարի՝ Իռենչոյի հետ են նույնացնում.«Ցանկացած դերի մեջ դերասանն ինքն իրեն է տեսնում, որ կարողանա հնարավորինս բնական խաղալ: Խաղացածս բոլոր կերպարների մեջ ինձնից մի ինչ-որ բան կա»:

Դերասանուհին նշել է, որ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու ցանկություն ունի, բայց առաջարկներ այս պահին դեռ չկան.«Շատ եմ ուզում, որ մեր կինոշուկայի մակարդակը մի փոքր բարձրանա: Երազում եմ, որ ամեն մարդ զբաղվի իր գործով, ցավոք, հիմա ամեն սերիալում ու ֆիլմում ավելի շատ դերասանի մասնագիտության հետ կապ չունեցող մարդիկ կան: Մեկ-մեկ ամաչում եմ, որ հա՛մ իրենց են դերասան անվանում, հա՛մ մեզ, որ այդքան տարի սովորել ենք, մասնագիտական կրթություն ստացել: Հիմա ամեն երկրորդ սիրուն աղջիկն ու տղան ֆիլմի կամ սերիալի գլխավոր դերակատարներ են, ինչն, ըստ իս, ճիշտ ու արդար չէ»:

Դիանա Գրիգորյանը


Դիանան չի սիրում անձնական կյանքը հանրային դարձնել: Ընկեր ունենալու մասին լուրերն էլ ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է.«Մի բան կասեմ, ես ամեն ինչ Աստծո հույսին եմ թողնում, ամեն բան իր ժամանակին կլինի: Մի բան հաստատ է, եթե մի օր կանգնեմ ընտանիք կամ կարիերա դժվարին ընտրության առջեւ, միանշանակ կընտրեմ ընտանիքը: Ամեն ինչ անցողիկ է, մարդ երջանիկ է իր ընտանիքով»:

Նկարահանումների պատճառով Դիանան այս տարի դեռ չի հասցրել լիակատար վայելել հանգիստը.«Մի քանի օր ընտանիքիս հետ Հայաստանի գեղատեսիլ վայրերում եմ եղել, նաեւ Թբիլիսի էի մեկնել ու հիանալի ժամանակ անցկացրի: Լիցքավորված եւ նոր էներգիայով եմ վերադարձել»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Դիանա Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին