×


Դիանա Մարտիրոսյան. Նոթեր Վենետիկի կինոփառատոնից. օր 3-րդ

Ռոման Պոլանսկու մասին խոսում են ֆիլմերում (Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում») եւ ֆիլմերից դուրս՝ իրական կյանքում։ Ռեժիսորի վերջին տասնամյակի գործունեությունը, այսինքն` վերջին մի քանի ֆիլմերը համարվում են մի փոքր անհարթ եւ միջանցիկ աշխատանքներ, որոնք, հավանաբար, լեգենդար «Դաշնակահար»-ից հետո նաեւ չեն արդարացնում լայն լսարանի սպասումները՝ «մի մարդու ողբերգություն» սյուժեի բացակայությամբ։ Եվ ահա, մի շարք սարկաստիկ եւ սրամիտ դրամա-թրիլերներից հետո ռեժիսորը ստեղծում է եւս մեկ պատմական ֆիլմ՝ իրական դեպքերի հիման վրա։ Սպա Ալֆրեդ Դրեյֆուսը եւ իր շուրջ ծավալվող դատական գործը մեծ աղմուկ եւ նշանակություն են ունեցել 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի Եվրոպայի քաղաքական կյանքի վրա։ Պոլանսկու ֆիլմը սկսվում է Դրեյֆուսի (ճաղատ եւ բեղավոր Լուի Գարել) հանրային եւ նվաստացուցիչ կերպով կոչումից զրկմամբ. բարկացած ամբոխի եւ քմծիծաղող զինվորականների աչքի առջեւ ստորացված Դրեյֆուսը դողում է, սակայն պնդում, որ դավաճան չէ, եւ դատում են իրեն անարդար։ Գնդապետ Մարի-Ժորժ Պիկարը (Ժան Դյուժարդեն) Գլխավոր շտաբում պաշտոն ստանալուց հետո հասկանում է, որ Դրեյֆուսն անմեղ է, եւ անարժան ու անարդար մնալու է Ֆրանսիական Գվիանայի Սատանայի կղզում։ Սակայն բարձրաստիճան պաշտոնյաներն ու նախարարները չեն ցանկանում առնչվել նոր սկանդալի հետ եւ փորձում են կոծկել սեփական անփույթ եւ ճակատագրական սխալի հետեւանքները։


Պոլանսկին վերարտադրել է ոչ միայն 19-րդ դարի Ֆրանսիայի կարեւորագույն, բախտորոշ ու օրհասական պատմություններից մեկը, այլ նաեւ խոսել պետական համակարգի` անդադար շարժման մեջ գտնվող, սրածայր եւ անխիղճ գիլիոտինի մասին, որը հնձում է իրեն անդուրեկան թվացող մարդկանց եւ ճակատագրերը։ Ռետրո բացիկներ հիշեցնող բնապատկերները, շքեղ, ցածրահարկ տները, մթնոլորտային ինտերիերները եւ կինոերաժշտության հանրահայտ ու գերպահանջված կոմպոզիտոր Ալեքսանդր Դեսպլայի ֆոնային սաունդթրեքը պարուրում են առաջին իսկ վայրկյաններից՝ դարձնելով հանդիսատեսին դրամատիկ թրիլեր-հետաքննության մասնակից։

Դիանա Մարտիրոսյանը


Մամուլի ասուլիսին ներկա գտնվող Գարելը սովորականից ավելի ջերմ էր եւ ակտիվ, կարծես, անկեղծ ուրախանալով եւ հպարտանալով ոչ տրիվիալ հերթական գեղեցկադեմ երիտասարդ հերոսին մարմնավորելու կապակցությամբ։ Եվ իսկապես, անգամ որոշակի հարցեր առաջացնող մազերի «գրիմն» ու հերոսի նախապատմության կցկտուր տեղեկությունը չեն խանգարում լիարժեք ապրումակցել նրան։ Առանձնակի կարեւորության է արժանի Էմիլ Զոլյայի եւ այդ ժամանակաշրջանի մյուս` ինտելեկտուալ էլիտայի ներկայացուցիչների պատմության ներխուժումն ու միջամտումը, ինչը մամուլի համար անդրանիկ ցուցադրության ժամանակ արժանացել է կինոքննադատների եւ լրագրողների ծափողջույններին, ինչպես եւ ամբողջ ֆիլմը` ավարտվելուց վայրկյաններ անց։


Դեռ հայտնի չէ` կհայտնվի հայկական վարձույթում մաեստրո Պոլանսկու նոր ֆիլմը, թե` ոչ, այնպես որ, հեռանալով ռուսական վարձույթի տարբերակից` թարգմանենք ֆրանսիական բնօրինակ «J'accuse»-ը հայերեն եւ անվանենք այն «Ես մեղադրում եմ» (ռուսական տարբերակին հենվելով` կստանանք ավելի հստակ «Դրեյֆուսի գործը», իսկ անգլալեզու կինովարձույթի պարագայում այն դարձել է «Սպան եւ լրտեսը»):

Դիանա Մարտիրոսյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին