×


Դիանա Մարտիրոսյան. Նոթեր Վենետիկի կինոփառատոնից. օր 7-8

Կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը Վենետիկի կինոփառատոնի շրջանակում այս անգամ դիտել է մեր հայրենակից Ատոմ Էգոյանի «Պատվավոր հյուրը» ֆիլմը:

Ատոմը Էգոյանը, հավանաբար, ժամանակակից համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի հայազգի ռեժիսորն է։ Հայաստանցիների շրջանակում Էգոյանի անունն ակտիվ օգտագործելի չէ, իսկ ֆիլմերը՝ ոչ այդքան ճանաչելի, որքան արտերկրում։ Հարցն այն է, որ ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Էգոյանը թեեւ փոքր եւ էպիզոդիկ կերպով անդրադառնում է հայերին եւ Հայաստանին (չհաշված «Արարատը»), սակայն ներկայացել է աշխարհին Հայաստանով միայն «Օրացույց» ֆիլմի ժամանակ (երեք երկրի քոփրոդաքշն):

Նրա ֆիլմերում խաղում են ինչպես արտհաուսի, այնպես էլ կոմերցիոն ֆիլմերի աստղերը, սակայն նա ստեղծում է մեկ այլ՝ արտ-մեյնսթրիմի կանոններին եւ երկար տարիների ընթացքում ձեւավորված հեղինակային ձեռագրին բնորոշ սեփական կինո։ Հենց այդպես, շատ վաղուց տեսնելով բրիտանացի մաեստրո Մայք Լիի «Մերկությունը»՝ Էգոյանը ցանկանում է մի օր աշխատել ֆիլմի գլխավոր դերակատար Դեւիդ Թյուլիսի հետ, ում բոլորս գիտենք փոթերիանայի պրոֆեսոր Լյուպինի դերով։ «Պատվավոր հյուր»-ում Թյուլիսի հերոսը՝ Ջիմը, Բրիտանիայից Կանադա տեղափոխված նախկին ռեստորատոր է, ով այժմ փայլուն կատարում է սանիտարական տեսուչի պարտականությունները։ Կոկիկ եւ բարձրահասակ՝ նա այցելում է տեղական սննդի կետերը՝ թանկ ռեստորաններից մինչեւ կայարանային բիստրոներ։ Ջիմը կորցրել է սիրելի կնոջը, իսկ դուստրը՝ Վերոնիկան, բանտում է։ Տղամարդու միակ հարազատ էակը, որը սպասում է նրան տանը գաստրոնոմիկ շրջայցերից հետո, ճերմակ նապաստակ Բենջամինն է։

Կադր՝ «Պատվավոր հյուրը» ֆիլմից, գլխավոր դերակատար Դեւիդ Թյուլիսը Ջիմի դերում


Իր վաղեմի ռեժիսորական ոճին համաձայն՝ Ատոմ Էգոյանը ստեղծել է բազմաշերտ եւ ոչ ուղղահայաց կինո։ Ֆիլմ, որի բացման տեսարանը տրամադրում է փոքրաբյուջե կանադական դրամայի, իսկ առաջին իսկ ֆլեշբեքը, որտեղ մենք ծանոթանում ենք Ջիմի հետ, ներգրավում է հանդիսատեսին զվարճալի, գրեթե ժամանցային մթնոլորտ։ Ինչպես հարցազրույցում նշում է Էգոյանը՝ սա մի ընտանիքի պատմություն է, որը կոտրված է՝ երկու աղետի արդյունքում դարձնելով հերոսներին միանգամայն այլ մարդիկ։ Բայց դրանից հերոսները չեն դադարում մնալ հայր եւ դուստր, այնպես որ գործ ունենք ընտանեկան հարաբերությունների հետ, որտեղ մարդիկ դեռ մտահոգ են իրենց հետ կատարված իրադարձությունների հետեւանքներով։

Եվ իսկապես, բազմաթիվ ալեգորիաներով եւ փոխաբերություններով հագեցած ֆիլմը մի փոքր խճճում է հարաբերությունները։ Բացի ցավից, հերոսներն ունենում են նաեւ մեղքի, խաբկանքի եւ մերժման զգացողություններ, իսկ փաստերի մերժումն այստեղ ըստ Էգոյանի պարզ տրամաբանություն ունեցող պաշտպանիչ ռեֆլեքս է։

Արսինե Խանջյանը եւ Ատոմ Էգոյանը


Միսն այն է, ինչով սնվում են բազմաթիվ էթնիկ եւ ազգային ռեստորանների այցելուները, իբրեւ ոչ միայն միջանցիկ ֆոն, այլ նաեւ առանձին դերակատար-անձ, երկիմաստ ակնարկ։ Աշխատանքի բերումով Ջիմի այցելած ռեստորանները տրամադրում են այդ միսը սպառողներին, իսկ Ջիմը որոշում է՝ ովքեր, ինչ եւ ինչպես կարող են այն տրամադրել։ Ինչպես եւ ֆիլմի այլակերպության շերտի կենտրոնական կերպարը՝ Բենջամին անունով նապաստակը, այնպես էլ Ջիմի դուստրը՝ Վերոնիկան, հարվածը վերցնում են իրենց վրա. երկուսն էլ որոշ կերպով դրվում են զոհասեղանին՝ ցուցադրելով երկակի ստանդարտների օրինակը։

Էգոյանը խոսում է կորստի, անփույթ անզգուշությունների եւ պարզ, մարդկային ցանկությունների մասին, իսկ այս ոչ միանշանակ եւ էկլեկտիկ զգացողությունների կծիկը քանդելու համար անհրաժեշտ կլինի զգուշորեն հետեւել դրա վայրիվերումներին։

Դիանա Մարտիրոսյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին