×


Միշոն՝ կնոջ հետ

«Եթե մնայի նույնը, դա ինձ ավելի կվախեցներ»՝ Միշոյի նոր ալբոմի «մառախլապատ» շնորհանդեսը

Վերջին օրերի եղանակին համահունչ՝ «Kami»-ում երեկ իսկական մառախուղ էր. Միշոն ներկայացավ իր նոր՝ «Մառախուղ» ալբոմի համերգ-շնորհանդեսով, որին երկրպագուները երկար էին սպասել: Իսկ ակումբում հավաքված հյուրերն այնքան շատ էին, որ նույնիսկ ռեփերն իր ելույթի սկզբում ընդգծեց՝ «Շատ ենք, փորձենք իրար չխանգարել»:

Մինչ համերգի սկսվելը մենք հասցրինք զրուցել Միշոյի հետ եւ հետաքրքիր մանրամասներ իմանալ նոր ձայնասկավառակից ու առաջիկա ծրագրերից: Պարզվեց՝ մի քանի երգեր դուրս են մնացել ալբոմից, եւ այնտեղ տեղավորվել են միայն 15-ը. «Ճիշտն ասած՝ ուզում էի դաբլ ալբոմ անել, այսինքն՝ երկուսը մեկում, բայց ժամանակս չներեց. այդ գործերը կլինեն հաջորդ ալբոմում»,- ասաց ռեփերը:

Միշոյի «Մառախուղ» ալբոմի շնորհանդեսին


«Մառախուղ»-ում շատ զուգերգեր կան նոր սերնդի ռեփերներից ու երգիչներից մի քանիսի հետ՝ Li'Lith, Սենչո, Կար, Խուդո, Վնաս, N.O., Աղվան Պապոյան եւ այլք: Նոր սկավառակում իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ տարբեր բիթմեյքերներ, ովքեր, Միշոյի խոսքով, այնքան շատ են ու տաղանդավոր, որ նույնիսկ դժվարանում է առանձնացնել որեւէ մեկին.«Ինձ թվում է` մենք ավելի շատ որակյալ բիթմեյքերներ ունենք, քան՝ Ռուսաստանը: Նրանք շատ արագ աճեցին, ու դա ինձ շատ է ուրախացնում: Մի ժամանակ միայն Սերժոն կար, ու մինչեւ հիմա նա կա. առանց նրա ես ոչ մի ալբոմ չեմ թողարկի երեւի: Բայց հիմա շատ երիտասարդներ կան ու տարբեր ոճերի, որ ուղղակի քեֆս գալիս է»,- անկեղծացավ նա:

Ինչ վերաբերում է ալբոմի վերնագրին ու երգերի թեմաներին, ապա դրանք ներկայացնում են ռեփերի մտքերն ու ներաշխարհը տվյալ ժամանակահատվածում. «Նոր ալբոմը ստացվել է մի քիչ մառախլապատ, ոչ շատ պարզ, մի քիչ չոր, ինչ-որ տեղ նույնիսկ մի քիչ մռայլ: Դե, ինչ-որ մեկի համար մռայլ է, իսկ ինձ համար, օրինակ, ռոմանտիկ է: Ընկալման հարց է: Այնպես որ, «Մառախուղը» լավ սազեց. ե՛ւ տեքստերին է սազում, ե՛ւ բիթերին, ինչ-որ տեղ նույնիսկ մի քիչ սեւ երանգներ կան, բայց այդ սեւությունը տեղ-տեղ շաղել ենք նաեւ սպիտակով: Այսինքն՝ մի քանի փափուկ գործեր կան, որոնք տեղն են դնում ամբողջ տրամադրությունը»:

Միշոյի «Մառախուղ» ալբոմի շնորհանդեսին


Ռեփերի խոսքով՝ շատ տեսահոլովակներ կնկարահանվեն նոր գործերի հիման վրա: Այս պահին էլ նույնիսկ այդ գործընթացի մեջ են.«Այս առումով ուզում եմ շեշտել, որ ինձ շատ ուրախացնում է հայաստանյան էնտուզիաստների մեծ աճը, որովհետեւ ես գտնում եմ կամ ինձ գտնում են մարդիկ, ովքեր ուղղակի ուզում են լավ բան ստեղծել: Այսինքն՝ այդ «պատվեր-կատարում» բիզնեսային վիճակը չկա, ինչպես եւ բիթերի դեպքում: Օրինակ՝ Արամայիս Հայրապետյանը, Մանչը՝ նոր դեմքերից, կամ Արման Սարգսյանը, Ալեն Մանուկյանն այն երիտասարդներն են, որոնց հետ ես այնքան հաճույքով եմ աշխատում, ինչքան նրանք՝ ինձ հետ»:

Նշենք, որ սա նրա 6-րդ անհատական ալբոմն է՝ չհաշված «Մի քանի հոգի» խմբի հետ արված երկու ալբոմները եւ Գարիկի հետ «Inquam» ալբոմը: Երբ Միշոյին հարցրինք, թե ինչ տարբերություններ է տեսնում իր առաջին եւ վերջին ալբոմների միջեւ, կես կատակ-կես լուրջ խոստովանեց՝ առաջինը խայտառակություն է.«Չէ, իրականում ես այն մարդկանցից չեմ, ովքեր ամաչում են իրենց առաջին երգերից, չնայած՝ գործեր կան, որ նայում եմ ու ասում՝ ինչո՞ւ այսպես: Բայց ես հասկանում եմ՝ այդ ժամանակ այդպես էի կարողանում, այդպես էի նույնիսկ մտածում: Հիմա լրիվ ուրիշ վիճակ է, ու լավ է, որ դու փոխվում ես: Եթե մնայի նույնը, դա ինձ ավելի կվախեցներ: Այնպես որ, ինձ դուր է գալիս իմ առաջընթացը»:

Միշոյի «Մառախուղ» ալբոմի շնորհանդեսին


Համերգն ընթացավ Միշոյի հին ու նոր ստեղծագործություններով: Հնչեցին ինչպես նոր ալբոմի, այնպես էլ նախորդ սկավառակների արդեն սիրված գործերը, ընդհանուր առմամբ՝ մոտ 26 երգ: Իհարկե, հեշտ չէ ժամեր շարունակ բառախիտ այս ժանրում ելույթ ունենալը, բայց Միշոյին դա հաջողվեց: Հենց դրա համար էլ նա հանդիսատեսի հետ քիչ խոսեց, փոխարենը խոսեց ռեփի լեզվով: Իսկ դուետներից հնչեց միայն «Մեծ թեմա»-ն՝ Սենչոյի հետ: Ասաց՝ մյուս գործերն ընդհանուր ծրագրին չէին համապատասխանում, հետո էլ համերգը շատ կերկարեր, ձայնն էլ պարզապես չէր հերիքի այդքան:

Միշոյի համերգ-շնորհանդեսին շատերը պարզապես չէին կարողացել ներկա գտնվել՝ տեղի փոքր լինելու պատճառով: Ու որպեսզի նոր նախագիծը նրանց համար հիասթափեցնող չլինի, եկող տարվա սկզբին ռեփերը մեծ համերգով հանդես կգա՝ իր շուրջը համախմբելով բոլոր երկրպագուներին.«Չեմ ուզում մի փոքր դահլիճում անել, ուզում եմ անպայման մի հետաքրքիր, «փախած» տեղ լինի, իսկ նման տեղերում հիմա ցուրտ է, ու շատ այլ խնդիրներ կան: Հենց ալբոմի շնորհանդեսն էինք ուզում նման ձեւաչափով անել, բայց չհասցրինք, ու համերգը տեղափոխվեց փետրվար: Այնպես որ, առաջիկա ծրագրերի մեջ մտնում է մեծ համերգը, շատ տեսահոլովակներ ու տարբեր նախագծեր»,- ասաց նա:

Միշոյի «Մառախուղ» ալբոմի շնորհանդեսին


Իսկ վերջում նա BRAVO.am-ի հետ կիսվեց մի նորությամբ, որը կուրախացնի «Մի քանի հոգի» խմբի երկրպագուներին: Նոր ալբոմի աշխատանքներն արդեն ավարտվել են, ու այն շուտով պատրաստ կլինի թողարկման: Ընդ որում՝ ավելացել է մի գործ, որն արվել է Սեբու Սիմոնյանի հետ.«Ֆանտաստիկ է ստացվել. նա շատ տաղանդավոր է: Մինչ այդ մենք այդ գործը ուրիշների հետ էլ էինք փորձել, բայց չէր ստացվել, ու անկեղծ ասած`արդեն հանում էինք ալբոմից: Բայց մեկ էլ Սեբուն մի այնպիսի բան ավելացրեց, որ ուղղակի ծափահարեցինք բոլորս: Այնպես որ, ալբոմը պատրաստ է, ու մինչեւ հունվարի 15-ը կներկայացնենք հաստատ»:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին