×


Երեւանի նորաձեւության շաբաթվա բացմանը

Երեւանի նորաձեւության շաբաթվա հյուրերն ու կուլիսային անցուդարձը

Երեւանի նորաձեւության շաբաթվա 4 օրերի ընթացքում բազմաոճ հավաքածուներ կներկայացնեն Հայաստանի, Լիբանանի, Բելառուսի, Ռուսաստանի դիզայներները։ Երեկ մեկնարկել է «Երեւան շոու-2017» ոսկերչական զարդերի միջազգային 8-րդ ցուցահանդեսն ու «Ոսկե ժանյակ» խորագրով Երեւանի նորաձեւության շաբաթը։

Պաշտոնական բացմանը մոդելները պոդիումի վրա ցուցադրել են երեք հավաքածու՝ դիզայներներ Գայանե Մարտիրոսյանի, Տաթեւիկ Մանուկյանի մոդելավորած զգեստներն ու Բելառուսից Վերոնիկա Կանաշեւիչի մանկական հավաքածուն։ Հյուրերը նաեւ ունկնդրել են երգչուհի Աննա Մարտիի կատարումները։

Երեւանի նորաձեւության շաբաթվա բացմանը


Ցուցադրության սկիզբը հայ-ճապոնական էր. Հայաստանի ռազմական թեքվանդոյի ֆեդերացիայի սաները հատուկ միջոցառման համար պատրաստել էին հայկական պարերի պոպուրի, զուգահեռ իրականացվեց ճապոնական մինիմալիզմով «Կարապներ» զարդերի հավաքածուի շնորհանդեսը, որը նախաձեռնել է Ճապոնիայում ապրած, ճապոնական մշակույթի երկրպագու Աննա Վարդանյանը։ Նա տեղեկացրել է, որ ճապոնական մարգարիտներով հավաքածուն նվիրված է հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Բացման ներկա էր ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին կնոջ՝ Նաոկո Տագուչիի հետ։

Հերմինե Ստեփանյանը


Նորաձեւության շաբաթը Երեւանում անցկացվում է տարին երկու անգամ՝ գարնանը եւ աշնանը։ Ֆեշն շոուի գլխավոր կազմակերպիչ Նաիրա Նիազյանը BRAVO.am-ին հայտնել է, որ ցուցադրությունը 3-ի փոխարեն այս անգամ կտեւի 4 օր.«Աշխատում ենք հայ-ռուսական թիմով, մեր նպատակներից մեկը լիարժեք նորաձեւության շաբաթ՝ 7-օրյա ցուցադրություն ստեղծելն է։ Գարնանը խոստացել էինք առանձին հավաքածուներով անդրադառնալ մանկական նորաձեւությանը, այս անգամ Բելառուսի եւ Լիբանանի մոդելավորողները հանդես են գալիս մանկական հավաքածուներով։ Աշխարհագրական սահմանները հետզհետե ընդլայնում ենք»։

Ավանդական դարձած տաղավարային ցուցահանդեսին այս անգամ մասնակցում է շուրջ 70 ընկերություն 6 երկրից՝ Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Շվեյցարիա, Բելառուս, Թուրքիա։ «Մերիդիան» կենտրոնի հիմնադիր, միջոցառման կազմակերպիչ Գագիկ Գեւորգյանի խոսքով՝ ցանկանում են խթանել Հայաստանում ոսկեգործության, ադամանդագործության ու նորաձեւության ճյուղերի զարգացումը։
 

Իրինա Դանելյանը եւ Նառան


Մինչև հոկտեմբերի 8-ը կարող եք անձամբ գնահատել մի շարք արվեստագետների ձեռագործ աքսեսուարները, ոսկերիչների զարդերն ու հայ նկարիչների գեղանկարչական աշխատանքները:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին