×


Մեկնարկել է «Իտալական խոհանոցի համաշխարհային շաբաթը»

Երեւանում եւ Գյումրիում իտալական խոհանոցի շաբաթ է

Նոյեմբերի 20-26-ը ողջ աշխարհում իտալական խոհանոցի բույրն է տարածվելու. արդեն երկրորդ անգամ անցկացվում է «Իտալական խոհանոցի համաշխարհային շաբաթը», որի ընթացքում հազարավոր մարդիկ ծանոթանալու են Իտալիայի տարբեր շրջանների բազմազան խոհանոցի, սննդի եւ գինու ավանդույթներին: Իտալիայի արտաքին գործերի նախարարության եւ Երեւանում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ այս միջոցառումներն անցկացվում են նաեւ Հայաստանում՝ մասնավորապես Երեւանում եւ Գյումրիում:

Միջոցառումների շարքի բացումն ազդարարվեց նոյեմբերի 20-ին` «Գրանդ Հոթել Երեւան» հյուրանոցում, որտեղ անցկացվեց կոնֆերանս՝ Իտալիայի Հարավային Ումբրիայի «Սլոու Ֆուդ» ասոցիացիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ներկայացվեցին այդ տարածաշրջանի ՝ սննդի դանդաղ («սլոու») սպառման ավանդույթները, ինչպես նաեւ Ումբրիայում արտադրվող գինիները: Բանախոսները հայ եւ արտասահմանցի հյուրերին ներկայացրին այնպիսի արտադրատեսակներ եւ ուտեստներ, որոնք աշխարհի այլ վայրերում հնարավոր չէ գտնել: Իսկ հանդիպման ավարտին «Սլոու Ֆուդ»-ի շեֆ-խոհարարը ներկաներին հյուրասիրեց Ումբրիայի տիպիկ բաղադրատոմսերով պատրաստված ուտեստներ եւ գինիներ:

Մեկնարկել է «Իտալական խոհանոցի համաշխարհային շաբաթը»


Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին լրագրողների հետ զրույցում նշեց, որ խոհանոցային այս շաբաթվա ընթացքում Երեւանի եւ Գյումրու մի շարք ռեստորաններում ու հյուրանոցներում մատուցվելու են իտալական ճաշատեսակներ` պատրաստված բարձրակարգ մթերքներով եւ առաջարկվելու են ֆիքսված մատչելի գներով: Նրա խոսքով` նախատեսվում է անցկացնել նաեւ խոհարարական վարպետության դասեր, որոնց կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

BRAVO.am-ը դեսպանից հետաքրքրվեց, թե նմանություններ տեսնո՞ւմ է արդյոք հայկական եւ իտալական խոհանոցների միջեւ: Նա էլ ընդգծեց, որ Հայաստանում այս օրերի անցկացումը շատ խորհրդանշական է, քանի որ հայերի եւ իտալացիների վերաբերմունքը խոհանոցային ավանդույթներին ու մշակույթներին շատ նման են. «Իրականում սա երկու խոհանոցների հանդիպում է, որոնք նույն կերպ են մտածում: Թե՛ հայերը, եւ թե՛ իտալացիները շատ են կարեւորում մթերքների, բաղադրիչների որակը, ծագումն ու առողջարար հատկությունները: Ինքս նախընտրում եմ համտեսել լավ պատրաստված կերակրատեսակներ, քան լավ բաղադրատոմսը՝ վատ պատրաստված»,- ասաց պարոն Ռիչուլլին:

Մեկնարկել է «Իտալական խոհանոցի համաշխարհային շաբաթը»


Իսկ դուք բաց մի թողեք հնարավորությունը իտալական խոհանոցի յուրահատուկ ուտեստները համտեսելու, քանի դեռ դրանք առաջարկվում են առավել մատչելի գներով:):

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին