×


«Ատամնաբույժն… նորե՞ն» ներկայացման պրեմիերային

Զավեշտալի իրավիճակներով ու ժամանակակից «Ատամնաբույժն… նորե՞ն» ներկայացումը՝ Մալյանում

Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում հայ գրականության դասական դարձած պիես է բեմադրվել։ Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» կատակերգությունն այսուհետեւ թատրոնի խաղացանկում է՝ նոր ձեռագրով։

«Ատամնաբույժն… նորե՞ն» անվանումով երեք գործողությամբ ներկայացման դերասանական կազմում մեծ մասամբ երիտասարդներ են՝ Սամվել Թոփալյանը, Վահագն Գասպարյանը, Աստղիկ Աբաջյանը, Աննա Զաքարյանը, Գեորգի Հովակիմյանը, Վալենտինա Ջուլհակյանը, Լեւոն Ղազարյանը, Ալլա Սահակյանը եւ Պողոս Գույումջյանը։

«Ատամնաբույժն… նորե՞ն» ներկայացման պրեմիերային


Դրամատուրգիական նոր տարբերակի ու բեմադրության հեղինակը ֆրանսահայ բեմադրիչ եւ դերասան Ժիրայր Բաբազյանն է, որը վստահ է՝ Պարոնյանի երգիծանքն առ այսօր անկրկնելի է: Հակոբ Պարոնյանն այս ստեղծագործությունը գրել է 24 տարեկանում, նրա առաջին ամբողջական կատակերգության փորձն է եղել.«Գրողը երբեք առիթ չի ունեցել իր գործը բեմադրված տեսնել, սկզբում նույնիսկ դժգոհ է եղել ու չի ցանկացել հրատարակել։ Սակայն նրա ստեղծած փայլուն երկխոսություններն ու իրավիճակները մինչ օրս ոգեշնչում են բեմադրիչներին»,-նշել է ռեժիսորը։

Պիեսը որոշակիորեն ձեւափոխված է, սակայն պահպանված են բնագրի արեւմտահայերենն ու զավեշտալի իրավիճակները։ Ժիրայր Բաբազյանը ժամանակակից թատերական լուծումներով ու իր ռեժիսուրայով հրամցնում է արդիական ներկայացում։ Նրան հաջողվել է ստանալ նոր երանգներով դինամիկ բեմադրություն։

«Ատամնաբույժն… նորե՞ն» ներկայացման պրեմիերային


Բեմանկարիչը Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանն է, զգեստների հեղինակը Մարո Բարյանն է, երաժշտությունը քաղված է Չարլզ Չապլինի ֆիլմերից, Սամվել Թոփալյանի եւ Գեորգի Հովակիմյանի կատարմամբ գինու երգի հեղինակը Ռոբերտ Ամիրխանյանն է։

Դերասան Լեւոն Ղազարյանը նշում է՝ պրեմիերայից հետո դրական կարծիքներ են լսում նոր բեմադրության մասին.«Արեւմտահայերեն խաղալիս լեզվական դժվարություններ չենք ունեցել, մեր ողջ էներգիան ներդրել ենք, որ ներկայացումը ստացվի։ Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի դիտել ոչ միայն ավագ սերնդին, այլեւ երիտասարդներին։ Պարոնյանի երգիծանքը տեղին է առ այսօր»։

«Ատամնաբույժն… նորե՞ն» ներկայացման պրեմիերային


«Ատամնաբույժն արեւելյան»-ը մշտապես բեմադրվել է հայ թատրոններում, այդ թվում՝ բեմադրիչներ Հրաչյա Ղափլանյանի, Վարդան Աճեմյանի կողմից։ Ինչպես նշում է Ժիրայր Բաբազյանը, նույնիսկ թարգմանվել է թուրքերեն ու բեմադրվել թուրքական թատրոնում.«Գործի ֆրանսերեն լեզվով պրեմիերան ինքս ներկայացրել եմ Փարիզի հանդիսատեսին 2000 թվականին: Այն խանդավառությամբ ընդունվեց մամուլի եւ թատերասերների կողմից։ Այստեղ վերակառուցել եմ գործողության ընթացքը՝ բնագրի հինգ երկար արարները վերածելով երեքի, 15 կերպարներից մնացել է 9 հոգի։ Երրորդ մասն ավելացրել եմ՝ հարգելով Պարոնյանի ոճն ու օգտվելով նրա մյուս գործերից, բայց լավագույն երկխոսությունները ամբողջությամբ պահպանել եմ»:

Ալլա Սահակյանը, Վալենտինա Ջուլհակյանը հրավիրված դերասանուհիներ են։ «Համազգային» թատրոնից Ալլա Սահակյանն առաջին անգամ է «Մալյան»-ում խաղում: Նա նշում է՝ հեշտությամբ է աշխատում նոր կազմում.«Խաղընկերներիս հետ տարբեր նախագծերում աշխատել եմ։ Հարգանք եմ տածում գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանի հանդեպ, նրա եւ ռեժիսորի առաջարկով միացա թիմին։ Կարծում եմ՝ բեմից հետաքրքիր է հնչում արեւմտահայերենը։ Թատերական ինստիտուտի տարիներից բեմական խոսքը յուրացնելիս, ասմունքելիս առնչվել ենք արեւմտահայերենին, այդ առումով խնդիր չունենք։ Երգեցիկ լեզու է, արեւմտահայերեն խոսելիս այլ հոգեվիճակի մեջ ենք լինում»։

«Ատամնաբույժն… նորե՞ն» ներկայացման պրեմիերային


Բեմադրության մեջ կարեւոր է ոչ միայն պիեսի բովանդակությունն, այլեւ մատուցման ձեւն ու տեխնիկան։ Դերասաններին հաջողվել է Հակոբ Պարոնյանի գործը հետաքրքիր եւ արդիական մատուցել։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին