Զարուհի Բաբայանը վերջին շրջանում ջանք ու եռանդ չէր խնայում, որպեսզի իր ստուդիայի սաների առաջին` «Երգի մոլորակ» ձայնասկավառակի շնորհանդես-համերգը հիանալի անցնի: Կարեւոր օրը նրանք որոշել էին անցկացնել «Երեւան Մոլ»-ում` իրենց ձայնը լսելի դարձնելով ոչ միայն հյուրերին, այլեւ առեւտրի կենտրոնի բոլոր այցելուներին:
Մինչ միջոցառման մեկնարկը Զարուհին բավական հուզված էր, մյուս կողմից էլ քաջալերում էր իր սաներին: Նրանց ոգեւորությունն ու լավ տրամադրությունը շարունակվեց նույնիսկ այն ժամանակ, երբ համերգի մեկնարկից րոպեներ անց սրահում անջատվեցին բոլոր լույսերը: Մթության մեջ, սակայն, չէին դադարում ծափերն ու բրավոները: Ի դեպ, սա առիթ հանդիսացավ, որ նա բեմ բարձրանա եւ սաների հետ շարունակի երգն ակապելլա տարբերակով:
«Երգի մոլորակ» CD-ի շնորհանդես-համերգին
Իսկ երբ համերգի բնականոն ընթացքը շարունակվեց, բացի սաների ելույթներից, երգչուհուն գեղեցիկ պարով շնորհավորեցին Սոֆի Դեւոյանի պարի ստուդիայի երեխաները: Զարուհին երեկոն ավարտեց իր «Հայաստան» երգով:
BRAVO.am-ի հետ զրույցում նա խոստովանեց, որ մեծ անհանգստությամբ եւ մտահոգությամբ է սպասել այս օրվան.«Այս ձայնասկավառակը ոչ միայն իմ աշխատանքն է, այլեւ երեխաների. ամփոփում ենք մեր 2-3 տարվա գործունեությունը: Երեխաները շատ ոգեւորված են, իսկ ես այնպիսի տպավորություն ունեմ` ասես առաջին անգամ պետք է բեմ բարձրանամ»:
«Երգի մոլորակ» CD-ի շնորհանդես-համերգին
Երգչուհին նշել է, որ «Երգի մոլորակ» սկավառակում ընդգրկված բոլոր երգերը գրվել են հատուկ երեխաների համար.«Հաշվի ենք առել նրանց ցանկությունները, բնավորությունը, դրա համար էլ շատ տարբեր երգեր են ստացվել: Երգում են ամեն ինչի մասին` դպրոց, ընտանիք, ընկերություն, սեր, մոլորակ: Ինձ համար իսկապես շատ թանկ ձայնասկավառակ է»:
Թե բազմաթիվ սաներից ինչպես են ընտրվել նրանք, որոնց երգերը պետք է ալբոմում ընդգրկվեն, Զարուհին ասել է.«Նախ երեխան պետք է հասնի այն աստիճանի, որ կարողանա ինքնուրույն բեմ բարձրանալ, ներկայացնել երգ, այսինքն` պետք է անցնի ճանապարհ: Այստեղ այն երեխաներն են, ովքեր երկար ճանապարհ են անցել եւ կարող են երգել բեմում»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Զարուհի Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: