×


Մարտիրոս Բադալյանի հոբելյանական երեկոյին

Էլբակյանները հոբելյան են նշել

Երեւանի Խամաճիկների պետական թատրոնում գեղանկարիչ, կոլաժի վարպետ, բեմանկարիչ Մարտիրոս Բադալյանի 65-ամյակը նշանավորել են նրա ցուցահանդեսի բացմամբ։ Երեկ Հանդիսականները դիտել են նաեւ Վիլյամ Սարոյանի «Տարեկանի արտում» բեմականացումը, որի վարկածի հեղինակն ու բեմադրող ռեժիսորն Արմեն Էլբակյանն է, նկարիչը՝ Մարտիրոս Բադալյանը, իսկ ավարտին՝ հյուրասիրության սեղանի շուրջ, շնորհավորել հոբելյանը։

Թատրոնի երկու հարկերի պատերին փակցված են նկարչի աշխատանքները` մեծ մասամբ կոլաժները։ Ինքնադիմանկարները նա պատրաստում է փայտից, մեխերից, խցաններից, բրդից, պաղպաղակի փայտիկներից, կորիզներից եւ այլ նյութերից։ Պատկերել է նաեւ Արամ Խաչատրյանին, Սերգեյ Փարաջանովին, Կոմիտասին, Անահիտ աստվածուհուն, Սարոյանին եւ ուրիշների։

«Տարեկանի արտում» ներկայացմանը


Վիլիամ Սարոյանի «Տարեկանի արտում» ներկայացումը կառուցված է գրողի մի քանի ստեղծագործությունների հիման վրա։ Գործող կերպարները դերասաններն ու տիկնիկներն են։ Պատանի եւ մեծահասակ հանդիսատեսի համար նախատեսված ներկայացումը նպատակ ունի քարոզել մարդկային արժեքները: Ո՞վ է մարդը, որտեղի՞ց է գալիս, ո՞րն է նրա առաքելությունը. այս հարցերի սարոյանական պատասխանը ներկայացման հիմնական ասելիքն է։

Արմեն Էլբակյանն առանձահատուկ սեր ունի Սարոյանի եւ նրա գործերի հանդեպ, բազմիցս բեմադրել է տարբեր թատրոններում։ Նրա կարծիքով՝ Սարոյանը համաշխարհային գրականության ամենամարդկայինը քարոզող գրողներից է. «Սարոյանը երբեք չի հնանում: Յուրաքանչյուր ազգի համար պատիվ կլիներ այսպիսի գրող ունենալ։ Մեր պարտքն է Սարոյանին բեմից ներկայացնել երիտասարդներին եւ բոլոր նրանց, ովքեր հուսադրող, թռիչք ունեցող խոսքի կարիք ունեն»։

Արմեն, Աննա Էլբակյանները եւ Մարտիրոս Բադալյանը


Այս ներկայացումը բեմ է բարձրացել 2003 թվականին: Արմեն Էլբակյանը BRAVO.am-ին հայտնել է, որ այսօր տիկնիկներն ու զգեստները որոշակի փոփոխության են ենթարկվել, սակայն բեմադրությունն անփոփոխ է.«Քանի որ պետք է բացեինք նրա ցուցահանդեսը, որոշեցինք հենց այս ներկայացումը խաղալ։ Ցուցահանդեսի միջոցով ականատես կլինեք Մարտիրոս Բադալյանի ներաշխարհին, թե ինչպես է նա տեսնում ու պատկերում մեր իրականությունը»։

Աննա Էլբակյանը բեմում չէ, սակայն հնչում է նրա ձայնը.«Այս ձայնագրության համար ժամանակին ստացել եմ Մետաքսյա Սիմոնյանի անվան մրցանակը։ Այս ներկայացմանը նոր ծնունդ տվեցինք ու վերականգնեցինք՝ հատուկ նվիրելով մեր բեմանկարչի հոբելյանին»,-մեզ հետ զրույցում է ասել է դերասանուհին։

Մարտիրոս Բադալյանի աշխատանքների ցուցահանդեսին


Մարտիրոս Բադալյանը մի շարք թատրոններում ձեւավորել է 40-ից ավելի ներկայացումներ՝ «Անխելք մարդը», «Չաղ-չաղ թագավորը» եւ այլն։ Որպես բեմադրող նկարիչ մասնակցել է 10-ից ավելի գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմերի աշխատանքներին, որոնցից 4-ը ֆրանսիական են։ Նրա աշխատանքները գտնվում են Չեխիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին